«Իրանից գազի ուղիղ գնումը Հայաստանին ձեռնտու չէ, բայց «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը բխում է մեր շահերից». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

Պարո՛ն Վարդանյան, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ (swap) համակարգի միջոցով: Ինչո՞ւ է Իրանը հետաքրքրություն ցուցաբերում այս հարցում, ու ի՞նչ հեռանկար կարող է ունենալ այս գործընթացը, երբ սկսի իրագործվել:

– Քանի որ Իրանը գազ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է, ցանկանում է իր արտահանման ծավալները մեծացնել ու նաև ավելի մեծ շահույթներ ստանալ, մանավանդ որ երկիրը գտնվում է ամերիկյան ծանր պատժամիջոցների տակ, ինչի հետևանքով էլ Իրանի տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել, ու նույնիսկ այսօր խոշոր բողոքի ցույցեր են տեղի ունենում երկրում՝ թանկացումներով պայմանավորված:

Բնականաբար, Իրանը ցանկանում է գազի արտահանման նոր շուկաներ գտնել ու քանի որ Հայաստանի հետ էլ ունի համապատասխան գազային ենթակառուցվածքներ, ապա մտածում է այդ ուղղությամբ, մանավանդ որ Իրան-Հայաստան գազամուղն իր հնարավորությունների 20%-ն է միայն օգտագործում:

– Իսկ ինչո՞ւ է միայն 20%-ն օգտագործում:

– Այդտեղ նաև ռուսական գործոնը կա, որովհետև գիտենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ամբողջությամբ ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, իսկ Հայաստան-Իրան գազային գործարքը մինչ այժմ իրականացվել է «Գազ՝ էլեկտրաէներգիա» փոխանակման ծրագրով, այսինքն՝ Իրանը Հայաստանին գազ է տվել, վերջինս Իրանին՝ էլեկտրաէներգիա:

– Եթե Իրանը խոսքից գործի անցնի, կարո՞ղ է Իրանից արտահանվող գազը Հայաստանում այլընտրանք դառնալ ռուսականին, պարո՛ն Վարդանյան:

– Հայաստանն այդ ուղղությամբ աշխատում է, բայց պետք է նաև նկատել, որ իրանական գազի սակագինն ավելի բարձր է, քան՝ ռուսականինը, և Իրանից գազի ուղիղ գնումը Հայաստանին ձեռնտու չէ, բայց «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը բխում է մեր շահերից:

Կոնկրետ մեկ խորանարդ մետր գազը «Գազպրոմ Արմենիան» Իրանին վաճառում է 5 դրամով, որից 2 դրամը իր շահույթն է: Մի խոսքով՝ փոխանակման այս սվոփ համակարգը նաև «Գազպրոմ Արմենիային» է ձեռնտու, իսկ ուղիղ՝ գումարի դիմաց գազ գնելը, մինչ այժմ հայկական կողմի հետ եղել են բանակցություններ, սակայն հաջողությամբ չեն պսակվել:

– Տարածաշրջանում ի՞նչ փոփոխությունների կարող է այս որոշումը հանգեցնել:

 – Չէի ասի, որ ինչ-որ փոփոխությունների կբերի, պարզապես Հայաստանը կդիվերսիֆիկացնի իր գազի ներկրումը, այլևս միայն ռուսական գազի հույսին չի մնա, որը ինչ-ինչ պատճառներով կարող է նաև Հայաստան չհասնել, իսկ այդպիսի դեպքեր եղել են, որ ռուսական գազը չի հասել Հայաստան: Հետևաբար Հայաստանը պետք է մտածի իր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ:

– Հայաստանի համար այս գործընթացն ընդհանուր առմամբ ի՞նչ նշանակություն կունենա, ու արդյոք այս ծրագիրը հե՞շտ է իրականություն դարձնել:

– Խնդիրներ կարող է առաջացնել ռուսական կողմը, եթե այս ծրագիրն իր շահերից չբխի, բայց մինչ այս «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրին նաև ռուսական կողմն է հավանություն տվել: Կարծում եմ, եթե այսուհետ էլ այդ ծավալները 100%-ով չփակեն ռուսական գազի մուտքը Հայաստան, ռուսական կողմն էլ կարող է համաձայն լինել: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է իր շահերն առաջ մղի, ոչ թե ռուսական կողմի շահերի մասին մտածի:

– Այսինքն՝ եթե ռուսական շահերն այս ծրագրի իրագործմամբ տուժեն, ապա Ռուսաստանը կխոչընդոտի՞:

– Պետք է նկատել, որ գազային ամբողջ ենթակառուցվածքները հենց Ռուսաստանին են պատկանում: Հայաստանի նախկին իշխանությունները տարիներ շարունակ Իրան-Հայաստան գազամուղը և նաև Հայաստանի տարածքում գտնվող ողջ գազային ենթակառուցվածքները մաս-մաս տվեցին «Գազպրոմ Արմենիային», ու փաստացի, եթե Հայաստանն ուզի Իրանից գազ ներկրել, իսկ դրան Ռուսաստանը դեմ լինի, ապա Հայաստանը դա չի կարող անել մի պարզ պատճառով, որովհետև այդ ենթակառուցվածքները պատկանում են Ռուսաստանին: Կամ էլ Հայաստանը պետք է սկսի կառուցել այլընտրանքային ենթակառուցվածքներ, ինչը տարիներ ու ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում, հետևաբար այս ծրագիրն ամեն դեպքում պետք է նաև Ռուսաստանի հետ էլ համաձայնեցվի:

 – Պարո՛ն Վարդանյան, քանի որ նման հայտարարությամբ է հանդես եկել իրանական կողմը, մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ Ռուսաստանն արդեն տվել է իր համաձայնությունը:

– Շատ հնարավոր է, չեմ բացառում, մանավանդ որ դիվանագետներն են դրանով զբաղվում, հենց այնպես հայտարարություն չեն անի, տրամաբանական է, որ ռուսական կողմի հետ արդեն համաձայնության եկել են:

– Իսկ Իրան-Հայաստան հարաբերություններն այսօր ինչպե՞ս եք գնահատում:

– Հայ-իրանական հարաբերությունները քաղաքական առումով միշտ էլ բարձր մակարդակի վրա են եղել, բայց տնտեսական առումով՝ անհամաչափ են եղել: Ցավոք սրտի, այդ առումով, երկու երկրների հարաբերությունների պոտենցիալը լավ չի օգտագործվել, ու տարիներ շարունակ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն այնքան էլ մեծ չէին՝ մինչև 300 մլն դոլարի էր հասնում, վերջին տարիներին՝ 500 մլն դոլարի է հասել, որոշակի առաջընթացն ակնառու է, ու կողմերը ցանկություն են հայտնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի:

Այստեղ խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներ են եղել՝ և՛ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, և՛ Հայաստանի իշխանությունների ոչ նախաձեռնողական ու հետևողական քաղաքականությունը: Վերջին օրերին բավական ակտիվացել են երկկողմ այցերը, ու կարծես թե կողմերը լուրջ են տրամադրված: Հույս ունեմ, որ գոնե այս անգամ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն, որովհետև մինչ օրս բազմաթիվ ծրագրերի մասին են խոսել, բայց դրանք այդպես էլ մնացել են թղթի վրա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am