Արգիշտի Քյարամյան. նոր Հայաստանի առաջին «հանրապետականը»

Արգիշտի Քյարամյան. նոր Հայաստանի առաջին «հանրապետականը»
Արգիշտի Քյարամյան. նոր Հայաստանի առաջին «հանրապետականը»

ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը երեկ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին, թե 28 տարեկանում ինչպե՞ս է կուտակել հայտարարագրված 32 միլիոն դրամը, երբ որևէ բիզնես չի ունեցել:

Այս երիտասարդը բառացիորեն ասել է՝ երբևէ կոռուպցիայի մեջ չեմ եղել և բիզնես չեմ ունեցել, «ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկել»: Հաստատ: Այնուհետև այն, ինչ ասել է այս երիտասարդը, ուղղակի ատոմային ռումբ էր՝ նետված նոր Հայաստանի բոլոր արժեքների, պատկերացումների վրա:

«Ես հաշվետու չեմ»,- ասել է միլիոնատեր պաշտոնյան: Այսօր հայտնի է դարձել, որ հաշվետվության այս հակառակորդն արդեն նշանակվել է ՊՎԾ պետի պաշտոնակատար:

Այ էս «ես հաշվետու չեմ» արտահայտությունն արդեն արվել է, ցեցը քցված է նոր Հայաստանի մեջ, որտեղ հաստատ լինելու են մարդիկ, որոնք կրկին հարստանալու են անհայտ ճանապարհներով ու իսկապես զարմանալու են, որ ինչ-որ քաղաքացու դա հետաքրքիր է:

Հարգելի՛ Արգիշտի, տղա՛ ջան, ո՞նց ես պատկերացնում հաշվետվությունդ: Գնաս կանգնես ժողովրդի առաջ ու ասես, որ Եվրոպայից քեռի՞դ է ուղարկել էդ փողերը: Դու փաստորեն չգիտես, թե ինչպես է պետական պաշտոնյան հաշվետու լինում, երբ նրա հայտարարագիրը հարցե՞ր է առաջացնում: Եթե Փաշինյանը քո 32 միլիոն դրամի մասին քեզ հարցեր չունի, դա մեր խնդիրը չէ, քաղաքացու խնդիրը չէ, հատկապես՝ լրագրողների: Քեզ հարցնում են՝ պատասխանի՛ր:

Դու ասում ես, թե կառավարության միջանցքն այն տեղը չէ, որ ասես, թե էդ փողերը որտեղից, լրագրողներն էլ այն մարդիկ չեն, որոնց պիտի հաշվետու լինես: Նույնիսկ էթիկան ես վկայակոչում: Իբր էթիկայի զգացում ունեցեք, էս ի՞նչ հարցեր եք տալիս: Ով էլ եղած լինի քեզ էդ պաշտոնին նշանակողը, առաջինը նրանով կզբաղվեի, նույնիսկ եթե դա ես եմ:

Միլիոնները գուցե քոնն են, բայց պաշտոնը քոնը չէ:

Երբ քեզ հարցնում են, թե էդ փողերը որտեղից, ուզում են հասկանալ՝ արժե՞ քեզ վստահել մի աշխատանք, որտեղ գործ են ունենում հարկատուի փողերի հետ: Քո կարծիքով ուրիշ ինչպե՞ս պիտի ապահովագրվի քաղաքացին, եթե ոչ հռչակելով, որ քեզ նմաններին պիտի հեռու պահել պետական պաշտոններից:

Դու այսօր պետական կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող ծառայության պետի պաշտոնակատար ես, քեզ ասե՞լ են դրա մասին: Դու քո մի փոքրիկ մուննաթով մի քանի հրաժարականի թեմա շարադրեցիր:

Էդ հարցազրույցը հերիք է նույնիսկ ուրիշների հրաժարականը պահանջելու համար: Դու պետական ծառայող ես: Նույնիսկ եթե փողերդ հալալ են, մուննաթդ քեզ պահիր: Հարցեր միշտ լինելու են, լինելու են թեկուզ այն բանի համար, որ իմանանք՝ թե ինչո՛ւ է միլիոնատերը կցվում կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ աղքատը էդ ընթացքում ավելի աղքատանում: Քո հայտարարագրերում ոչ մի տեղեկություն չկա էն մասին, որ երբ նշանակվել ես ամենաառաջին պաշտոնին, արդեն 32 միլիոն դրամ ունեիր քո գանձարանում: Հետևաբար, քանի դեռ պաշտոն ունես, հաշվետու ես: Սերժ Սարգսյանը «վերջին բոլշևիկն» էր հին Հայաստանում, դու մի հարցազրույցով դարձար նոր Հայաստանի առաջին «հանրապետականը»:

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանը և մյուսները քեզ համա՞ր էին փողոցներ փակում և Հայաստանն ազատագրում ՀՀԿ-ական փորձանքից: Այն, թե դու ինչ փորձանք ես դառնալու նոր Հայաստանի գլխին, ո՞վ է պատասխան տալու: Թե՞ էլի բանը պիտի հասնի փողոցներ փակելուն:

Մհեր Արշակյան

MediaLab.am