«Ավելի մեծ վնաս Հայաստանին տալ հնարավոր չէր, որ տվեց հարթակի ընդդիմությունը». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը չի ասել, որ Հայաստանում 100 տոկոս քաղաքական ճգնաժամ կա, բայց ճգնաժամի դրսևորումներ կան, որոնք, ըստ նրա, որևէ կերպ կոծկել հնարավոր չէ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, եթե չկա քաղաքական հարյուրտոկոսանոց ճգնաժամ՝ խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ է փողոցում:

– Մեկ ամիս շարունակ ես հետևողականորեն բացահայտում էի հարթակի ընդդիմության օրակարգի սնանկությունն ընդամենը մեկ նպատակով, որպեսզի վերջնականապես չվարկաբեկվի ընդդիմության ինստիտուտը: Ցավոք սրտի, իմ ու մյուս ողջամիտ մարդկանց հորդորները տեղ չհասան, ու այդ մարդիկ որոշեցին «հետևողականորեն» իրենց սխալը մինչև վերջ հասցնել:

Մեկ ամսից ավելի խցանված են պահում Երևանի կենտրոնական հրապարակներից մեկը ու հետո ասում, թե իրենք չեն պնդել, որ Հայաստանում կա ամբողջական քաղաքական ճգնաժամ, սա նույնիսկ քաղաքագիտական տեսանկյունից այլևս ոչ մեկնելի արտահայտություն է: Եթե ճգնաժամ չկա՝ ինչո՞ւ էին փակում հնարավոր երկխոսության բոլոր ճանապարհները:

Նրանք երեք խնդիր կարողացան «լուծել». փոքրաթիվ, քաղաքական մարգինալությանը ձգտող ակցիաներով ցույց տվեցին, որ Փաշինյանը լեգիտիմ է, քարտ բլանշ տվեցին Փաշինյանին, որ արտաքին հարցերում կարող է գնալ ցանկացած, այդ թվում՝ վտանգավոր, լուծումների ու երրորդ՝ միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ Արցախի հարցով Հայաստանում մտահոգ են մի քանի հազար պսևդոհայրենասիրական կարգախոսներով առաջնորդվող մարդիկ: Ավելի մեծ վնաս Հայաստանին տալ հնարավոր չէր:

– Այդ վնասը գիտակցվա՞ծ են տվել:

– Չեմ կարող ասել, նրանց մեջ, անշուշտ, քիչ չեն հայրենասեր մարդիկ, բայց հարթակի իրական փայատերերը՝ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները, չէին կարող չգիտակցել, թե ինչքան մեծ է հանրության հակակրանքն իրենց նկատմամբ: Չէին կարող չգիտակցել, որ երբ իրենց պսևդոշարժման հետ նույնացնում են բոլորիս համար արժեքավոր Արցախի դրոշը, արժեզրկում են Արցախն էլ, նրա խորհրդանիշներն էլ:

– Ընդդիմությունը պնդում է, թե այս շարժումը հասցրել է ունենալ պատմական ձեռքբերումներ, որոնք այս պահին ոչ բոլորն են նկատում: Այն սակավաթիվների շարքո՞ւմ եք, որ տեսնում են շարժման ձեռքբերումները:

– Ես պատմական որևէ ձեռքբերում չեմ տեսնում, ավելի շուտ տեսնում եմ երկու «պատմական ձեռքբերում». մեկն այն էր, որ արձանագրվեց ընդդիմադիր գործընթացի ամենացածր նշաձողը Հայաստանի 30 տարվա պատմության մեջ, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանը փորձեց առաջին շարք բերել ու ընդդիմադիր հարթակ բարձրացնել իր կրտսեր որդուն: Չի կարելի էժանացնել այդ բառն այնքան, որ մի ձախորդ շարժում համարեն պատմական:

– Պարո՛ն Սուրենյանց, ընդդիմությունը չի բացառում, որ առաջիկայում իրենց գործելաոճում փոփոխություններ կլինեն: Ի՞նչ փոփոխությունների կդիմեն նրանք, ու որքանո՞վ դրանք բեկում կմտցնեն գործընթացներում:

– Իմ համոզմամբ՝ երկար մտածում են, թե ինչ մոտիվացիայով հավաքեն վրաններն ու դադարեցնեն շարժումը, որպեսզի կարողանան իրենց դեմքը փրկել, այլ տակտիկա չեմ տեսնում, որովհետև նրանք փորձարկել են հնարավոր բոլոր տակտիկական քայլերը, նույնիսկ արել են բաներ, որոնք պարզ խուլիգանություններ են, օրինակ՝ պատգամավորների մուտքը ԱԳՆ շենք ու երեք աղջիկ պատգամավորների վերջին գռեհիկ ցուցադրությունը ԱՆ-ի շենքում:

Երկրում ունենալ նման ձախողված իշխանություն և այդ համատեքստում ունենալ ավելի ձախողված ընդդիմություն՝ միայն այս հարթակի առաջնորդների պարագայում էր հնարավոր:

– Եթե ձեր նշած տարբերակն իրականություն դառնա, ապա այդ պարագայում ի՞նչ իրավիճակի ականատես կլինենք, ու արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ այսքանից հետո իր դեմքը փրկել, եթե դադարեցնի շարժումը:

– Ո՛չ, նրանք այնպիսի կարգախոսներ են հնչեցրել, այնպիսի ելույթներ են ունեցել, որ չեմ պատկերացնում առնվազն այդ խմբակցությունների այսօրվա կազմի ներկայությունը խորհրդարանում: Գուցե նրանք մանդատները վայր դնեն, ու իրենց ցուցակներից այլ մարդիկ գան, որոնք այդ բարդույթները չեն ունենա, որովհետև այդ կարգի հայտարարություններ չեն հնչեցրել: Ես հիմա չեմ պատկերացնում, թե ինչպե՛ս պետք է Իշխան Սաղաթելյանն ու մյուսները վերադառնան խորհրդարան, զբաղվեն խորհրդարանական գործունեությամբ ու կարողանան փրկել իրենց քաղաքական դեմքը:

Բայց սրանից ես չեմ ուրախանում, որովհետև խորհրդարանը հայտնվելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, որովհետև խորհրդարանը չի կարող գոյություն ունենալ առանց ընդդիմադիր խմբակցությունների: Միայն իշխանական խմբակցության կազմով խորհրդարանը վաղ թե ուշ հայտնվելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am