«Ակնհայտորեն «3+3» ձևաչափը ձեռնտու չէ Հայաստանի համար, բայց առանձնակի հնարավորություններ չունենք այն մերժելու». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, հուլիսի 19-ին նախատեսված է Թուրքիայի ու Իրանի ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ երկրների ղեկավարները քննարկելու են նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափը: Ինչո՞ւ է Թուրքիան հետևողականորեն ձգտում, որ այս ձևաչափը կյանքի կոչվի: Ո՞րն է Իրանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

– Այդ նպատակին հետամուտ է ոչ միայն Թուրքիան, այլ նաև Ռուսաստանը: Այս հարցում տարածաշրջանային այդ երկու տերությունների շահերը համընկնում են, նրան շահագրգռված են, որպեսզի Հարավային Կովկասում արևմտյան ազդեցությունը սահմանափակվի կամ, գուցե, չեզոքացվի, ու այդ ձևաչափի հիմնական նպատակներից մեկը Կովկասը Սիրիայի մոդելով տարածաշրջանային տերությունների կողմից կարգավորելու հարթակ ստեղծելն է, այսինքն՝ տարածաշրջանային հարցերը լուծվեն տարածաշրջանում:

Կարծում եմ՝ Իրանը ևս համամիտ է այդ մոտեցմանը, առավելևս, որ նմանօրինակ ձևաչափ, ինչպես նշեցի, գոյություն ունի Սիրիայի պարագայում՝ Աստանայի այդ հայտնի ձևաչափը: Մեր տարածաշրջանի այս երեք պետությունները փորձելու են այդ ձևաչափն առաջ տանել:

Իսկ Վրաստանն ինչո՞ւ հրաժարվեց այդ ձևաչափից:

– Վրաստանը հրաժարվեց Ռուսաստանի մասնակցության պատճառով. այնտեղ Ռուսաստանի նկատմամբ հանրային տրամադրությունները 2008 թվականից հետո հատկապես խիստ բացասական էին, իսկ ուկրաինական պատերազմից հետո, կարելի է ասել, ամբողջությամբ թշնամական դարձան: Վրաստանի իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող անդամակցել կամ մասնակցել մի ձևաչափի, որում առանցքային դերակատարներից մեկը Ռուսաստանն է:

Պարո՛ն Գրիգորյան, Թուրքիան, հայտնի լինելով որպես արևմտամետ պետություն, ինչո՞ւ է համաձայն, որ տարածաշրջանում Արևմուտքի դերակատարումը թուլանա, ինչպես ասում եք:

– Իրականում ես չեմ կարծում, թե Թուրքիան արևմտամետ պետություն է: Թուրքիան լուրջ հակասություններ ունի նույն ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի հետ՝ սկսած 2003 թվականից, ու այդ միտումն անընդհատ խորանում է, և վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև շատ ավելի քիչ են տարաձայնությունները, քան Արևմուտքի ու Թուրքիայի միջև: Եվ, իրականում, պատճառներից մեկը, որ Ռուսաստանը հանդուրժում է Թուրքիայի այսպիսի մեծ ներգրավվածությունը մեր տարածաշրջանում ու դա չի դիտարկում որպես սպառնալիք, այն է, որ Ռուսաստանը ևս չի դիտարկում Թուրքիային որպես հավաքական Արևմուտքի մաս կամ նույնիսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ մեր տարածաշրջանում: Այսինքն՝ հանգամանքը, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այնուամենայնիվ, կարողանում է անկախ քաղաքականություն վարել մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, նպաստում է նաև ռուս-թուրքական այդ մրցակցային համագործակցությանը:

Իսկ այդ ձևաչափը Հայաստանի Հանրապետության համար որքանո՞վ է ձեռնտու լինելու, երբ տարածաշրջանային հարցերը լուծվեն տարածաշրջանի ներսում:

– Ակնհայտորեն այս ձևաչափը ձեռնտու չէ Հայաստանի համար, բայց նաև պարզ է, որ առանձնակի հնարավորություններ չունենք այն մերժելու, այնուամենայնիվ, մեզ համար ամենակարևոր հարցերը՝ սկսած ղարաբաղյան կարգավորումից, պետք է դուրս մնան այս ձևաչափի տիրույթից: Չեմ էլ կարծում, թե այս ձևաչափն իրականում կկարողանա իրավիճակ փոխել, պարզապես լինելու է խորհրդատվական նոր մարմին, որում երկրները կփորձեն կոորդինացնել իրենց քայլերը:

Իրականում իրավիճակ փոխող ձևաչափն այդ դեպքում ո՞րն է լինելու:

– Հայ-ադրբեջանական հարաբերություններում, իհարկե, ռուսական միջնորդությունն է: Եվրամիությունը միգուցե փորձի ինչ-որ դեր խաղալ, բայց տեսանելի է, որ հատկապես վերջին շաբաթներին Ռուսաստանն ակտիվացել է, ինչպես և կանխատեսելի էր, ու փորձելու է նվազեցնել Եվրամիության ու ընդհանրապես Արևմուտքի ազդեցությունն այդ գործընթացների վրա: Այլ գործընթացներում թուրքական գործոնը կարող է որոշիչ լինել, Հայաստանը, իհարկե, պետք է աշխատի արևմտյան գործընկերների հետ, որպեսզի մեր տարածաշրջանում ռուս-թուրքական տանդեմին այլընտրանք ձևավորվի:

Պարո՛ն Գրիգորյան, ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունները որքանո՞վ կնպաստեն, որպեսզի կայացվող որոշումները, կատարվելիք զարգացումները հօգուտ Հայաստանի լինեն:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այս փուլում բխում է Հայաստանի շահերից, որպեսզի սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց հարցն այն է, թե արդյոք Թուրքիան շահագրգռվա՞ծ է այս փուլում գնալ այդ քայլին:

Իհարկե, վերջին հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները կարելի է հուսադրող համարել, բայց կա կարծիք, որ այս քայլերը ևս արվել են, որ ցույց տրվի, թե ինչ-որ գործընթաց, այնուամենայնիվ, կա, երբ իրականում լուրջ գործընթաց չկա:

Տարածաշրջանում այս պահին ի՞նչ իրավիճակ է, ու ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում Հարավային Կովկասի շուրջ կամ ներսում:

– Ռուսաստանը, Թուրքիան, գուցե նաև՝ Իրանը, փորձում են սահմանափակել Արևմուտքի ազդեցությունը, այդ մասին են վկայում նաև Մինսկի խմբի վերաբերյալ արվող վերջին շրջանի հայտարարությունները: Այս միտումը, կարծում եմ, գնալով ավելի է խորանալու, բայց, մեծ հաշվով, Հարավային Կովկասը հիմա իր նշանակությամբ ու կարևորությամբ առաջնային դերում չէ, բոլորը կենտրոնացած են Ուկրաինայի վրա:

Իսկ այնտեղ դեպքերի ինչպիսի՞ հանգուցալուծում եք կանխատեսում: Համաձա՞յն եք որոշ վերլուծաբանների հետ, որ Ռուսաստանը պարտվելու է կամ արդեն իսկ պարտվել է այս պատերազմում:

– Կարելի է համարել, որ պարտվել է, եթե խոսում ենք ռազմավարական խնդիրների մասին, այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի հասել այն նպատակներին, որոնց մասին խոսում էր պատերազմի մեկնարկից առաջ, բայց եթե խոսում ենք ռազմական գործողությունների մասին, Ռուսաստանը փոքր տեմպերով, բայց հետևողականորեն ինչ-որ ձեռքբերումներ ունենում է Դոնբասում: Այսինքն՝ մարտավարական մակարդակում, փոքր քայլերով, այնուամենայնիվ, ինչ-որ հաջողություններ ունի:

Հարցն այն է, թե Ռուսաստանը, հասնելով ինչ-որ կետի, կանգ առնելու որոշում կկայացնի՞: Օրինակ՝ եթե Դոնբասն ամբողջությամբ վերցնի իր վերահսկողության տակ, որոշելո՞ւ է կանգ առնել, ու եթե նման որոշում կայացնի, ուկրաինացիները համակերպվելո՞ւ են այդ իրավիճակի հետ: Եթե ոչ՝ ապա մենք կարող ենք շատ երկարատև պատերազմի ականատես լինել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am