Ունենք խորացող բարոյական ու հասարակական ճգնաժամ, որի հիմքում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական վերնախավն է. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

Պարո՛ն Նավասարդյան, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը հաջորդած մեկնաբանությունները, որոնք արվում էին սոցիալական ցանցերում ամենատարբեր խավերի ներկայացուցիչների կողմից, ինչպե՞ս եք մեկնաբանում: Եթե ես ճիշտ եմ, ու երեկվա դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեզանում ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը շատ խորն է արմատավորվել, ապա, ըստ ձեզ, ինչո՞ւ մենք հայտնվեցինք այս իրավիճակում:

– Ճիշտն ասած, աշխատում եմ չհետևել, որովհետև տեսականորեն պատկերացնում եմ, թե ինչ կարող է լինել: Միանշանակ, մենք այդ քաղաքական հակամարտության հողի վրա տեսնում ենք հասարակության անդամների բավականին մեծ, բարոյալքված զանգվածներ: Սա վկայում է այն մասին, որ այդ քաղաքական բեմահարթակին տեղի ունեցողը հետևողականորեն ազդում է մեր հասարակության բարոյական վիճակի վրա, ու շատ տագնապալի են այդ զարգացումները, որովհետև մարդիկ, որոնք նման չարություն են տածում միմյանց նկատմամբ, ուզենք-չուզենք անդրադառնալու են բոլոր միջավայրերի վրա, այդ թվում՝ անձնական ու կենցաղային հարաբերությունների:

Բավականին լուրջ ճգնաժամի մեջ ենք բարոյալքվածության առումով և եթե խոսենք այն մարդկանց մասին, որոնք հրճված են տեղի ունեցածով, ապա կարող ենք նաև ասել, որ այդ մարդկանց իրավական գիտակցությունը իսպառ բացակայում է:

Այդ ճգնաժամից դուրս գալու հնարավորություն տեսնո՞ւմ եք, ի՞նչ է պետք դրա համար անել:

 – Ձեր հարցի ավանդական պատասխանը կլիներ այն, որ մտավորականները պետք է զբաղվեն հասարակության հոգևոր դաստիարակությամբ, բայց պարզ է, որ այսօր մտավորականները լայն զանգվածների շրջանում շատ քիչ հեղինակություն են վայելում ու հազիվ թե կարողանան տրամադրությունների վրա ազդել:

Մեզ մոտ առավել ազդեցիկ է քաղաքական վերնախավը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ներկայացնող, բայց, ցավոք, հենց նրանք են այդ ատելության մթնոլորտը գեներացնում ու դրանով պետականության հիմքերը խարխլում, որովհետև առանց առողջ հասարակության չի կարող լինել զարգացող ու հաջողակ պետություն: Ակնհայտ է, որ այսրոպեական հաջողությունների համար քաղաքական ասպարեզում նրանք պատրաստ են արհամարհել ամեն ինչ, իսկ դա խոսում է այն միտման մասին, որ մենք ունենք խորացող բարոյական ու հասարակական ճգնաժամ:

Ճի՞շտ հասկացա, որ քաղաքական ուժերը, շատ լավ գիտակցելով իրենց արարքների հետևանքները, այնուամենայնիվ, աչք են փակում, ինչ է թե իրենց, ինչպես դուք ասացիք՝ այսրոպեական հաջողություններին հասնեն:

– Կա՛մ գիտակցում և արհամարհում են այդ հանգամանքը, որովհետև իրենց հաջողությունը պետք է այսօր, իսկ հաջողության հասնելու այլ բանալի չունեն ու չեն կարողանում գտնել՝ սեփական մակարդակից ելնելով, կա՛մ չեն կարողանում դա գիտակցել, այսինքն՝ նրանց բարոյալքվածությունն այն մակարդակի է հասել, որ նույնիսկ չեն կարողանում գնահատել սեփական ու կողքինների վարքագիծը, ինչը նույնպես շատ տխուր է:

Իսկ այս վիճակն ի՞նչ հետևանքներ է ունենալու, պարո՛ն Նավասարդյան:

– Սա ագրեսիվ վերաբերմունք է միմյանց նկատմամբ, որը կարող է դրսևորվել տրանսպորտում, խանութում, ուղղակի փողոցներում, որովհետև մարդկանց մեջ խոր նստած են և՛ անհանդուրժողականությունը, և՛ ատելությունը դիմացինի նկատմամբ:

Հասարակությունն առանց կողմնակի օժանդակության չի՞ կարող հաղթահարել իր մեջ կուտակված այդ անհանդուրժողականությունն ու ատելությունը:

– Դրա համար պետք են բազմաթիվ գործոններ՝ պետք է դաստիարակվեն ընտանիքներում, ընկնեն գիտելիքներով ու բարոյական արժեքներով օժտված ուսուցիչների ձեռքի տակ ու այսպես շարունակ: Պարզ է, որ մարդը միայն իր միջից կամ գենետիկ հատկանիշներից ելնելով չի կարող փոխվել, որովհետև նա սոցիալական երևույթ է, ու նրա վրա ազդում է միջավայրը, որտեղ ապրում է:

Իսկ միջավայրը գտնվում է քաղաքական գործընթացների շատ լուրջ ազդեցության տակ, ու ձևավորվում է մի շղթա, որից մարդիկ չեն կարող միայնակ դուրս գալ, որովհետև բացի անձնական բարոյականությունից, կա նաև հասարակական բարոյականություն երևույթը, իսկ վերջինը մեզ մոտ շատ ցածր մակարդակում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am