«Վաղն էլ կորոշեն, որ պետք է գնան զորքի դեմը փակեն, որպեսզի զորքի տեղաշարժ չլինի, եթե այս գործողությունը ներվեր». Հերիքնազ Տիգրանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը 

Տիկի՛ն Տիգրանյան, Եռաբլուրում կատարվածն ինչպե՞ս եք գնահատում, ձեր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Կոնկրետ որ մեղադրանքների մասին է՝ չգիտեմ, որովհետև տեսանյութը, անկեղծ ասած, չեմ նայել։ Ես ընդհանուր երևույթն են անթույլատրելի համարում այն տեսանկյունից, որ որդեկորույս ծնողների հույզերի վրա ուղղակի փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել:

Ես եղել եմ Եռաբլուրում և տեսել եմ, թե ովքեր կային այդտեղ, քաղաքական ինչ ուժերի ներկայացուցիչներ,  ու նաև մի տեսանյութ տեսա, թե ոնց են ուղղորդում ծնողին՝ ինչպես դիմադրել իշխանություններին կամ ինչ գործողություններով ցույց տալ, որ իշխանությունները Եռաբլուր այցելելու իրավունք չունեն: Ես այս ամենը համարում եմ ուղղակի սրբապղծություն։

Այդ մարդկանց հույզերն այս տեսակ շահարկելն ու իրենց նպատակներին ծառայեցնելն ուղղակի անթույլատրելի են, բարոյականության բոլոր շեմերն անցնում են։ Ես որևէ ձևով չեմ մեղադրի ու մեղադրանքի խոսք երբևէ չեմ ասի իշխանությունների հանդեպ անեծքով կամ կատաղությամբ լցված որդեկորույս ծնողի մասին, որովհետև ես իր վիշտը հասկանում եմ, ես իրենից ողջախոհություն չեմ ակնկալում, բայց այդ վիճակից օգտվում են անպատասխանատու, որևէ արժեք չունեցող քաղաքական ուժերը։

Խորհրդարանական ընդդիմությունն էլ բացարձակապես իներտ վիճակում է, մենք չենք տեսնում դիրքորոշումներ, իշխանությանն ուղղված պահանջներ, լսում ենք միայն հրաժարականի պահանջ կամ էլ հայտնի կարգախոսները, բայց սա մի իրավիճակ է, որ խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր էր իշխանությունից բացատրություն պահանջել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, որովհետև, դատելով արտահոսքերից, Հայաստանը կանգնած է պետականության շատ լուրջ կոլապսի առաջ, ու պայքարի այդ ստանդարտ մեթոդներն այլևս ոչինչ չեն տալիս։

Ո՞ր քաղաքական ուժերի մասին եք ասում։

– «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն էին Եռաբլուրում, ու նրանց եմ տեսել ծնողներին ուղղորդելիս՝ Ասպրամ Կրպեյանն էր, Քրիստինե Վարդանյանն էր։

Եռաբլուրում ներկա բոլոր ծնողներն ուղղորդվա՞ծ էին։

– Ես այլ կերպ չեմ մեկնաբանում, քան նրանց կողմից կազմակերպված և ուղղորդված։ Ամեն մեկը վիշտը մի կերպ է տանում, ուղղակի նրանք գիտեն նաև մի խումբ ծնողների, որոնց հույզերն իրենք կարող են կառավարել։

Տիկի՛ն Տիգրանյան, անգամ եթե ուղղորդված է եղել, իշխանությունն իրավունք ունե՞ր նման բիրտ ուժ կիրառել զոհվածների ծնողների նկատմամբ։

– Ես ուզում եմ ասել հետևյալը, որ ո՛չ «Հայաստան» դաշինքի որևէ պատգամավոր, ո՛չ անգամ ամենախոր վշտի մեջ գտնվող մարդը, անգամ ցնծության մեջ գտնվող մարդը չպետք է որոշի, թե Հայաստանի թիվ մեկ ղեկավարը որ պահին որտեղ պետք է գտնվի, դա ուղղակի կաթվածահար է անելու պետությունը: Այն վերաբերմունքը, որ եղել է՝ շատ ավելի հանդուրժող, ըմբռնումով մոտենալ հույզերին ու ակցիաներին, ի վերջո շահարկվում է այլ քաղաքական ուժերի կողմից։

Ես այն մտքին չեմ, որ մեր հանդուրժողականությունը պետք է թույլ տանք մեկնաբանեն որպես իշխանության թուլություն կամ իշխանության բացակայություն ու հետո ամեն անգամ փողոցներում անկարգություն անեն և ուրախանան, թե տեսեք՝ երկրում իշխանություն չկա: Պետք է ի վերջո իշխանությունը, որն օժտված է նաև հարկադրանքի միջոց կիրառելու իրավունքով, անի համապատասխան գործողություններ։ Ցանկալի կլիներ, որ չլինեին նման միջադեպեր, բայց դրանք անխուսափելի են, եթե պետության գործունեության համար անհրաժեշտ են։

Օրինաչա՞փ էր տեղի ունեցածը։

– Ես դրա գնահատական տվողը չեմ, եթե ոչ իրավաչափության վերաբերյալ կան կասկածներ, կարող են դիմել, կլինի ծառայողական քննություն, կտան պատասխան։

Ժողովրդավարական երկրին հարիր համարո՞ւմ եք այդ գործողությունները։

– Ժողովրդավարական պետություն չի նշանակում ամենաթողություն, ամենակոնվենցիոն պաշտպանվող իրավունքներն անգամ ժողովրդավար երկրում սահմանափակվում են, եթե դա պետք է հանրային անվտանգության, երկրի հասարակական կարգի պահպանության համար, և ժողովրդավար է, այո՛, եթե հետապնդում է օրենքով նախատեսված նպատակին հասնելու միջոց։

Բայց որևէ մեկի անվտանգությանը սպառնալիք կա՞ր այդ արարքում, մարդիկ ընդամենը արգելում էին մտնել Եռաբլուր։

– Եթե սահմանափակվում է երկրի ղեկավարի շարժը երկրի ներսում, արդեն իսկ սպառնալիք է և՛ ներսում հասարակական կարգի առումով, և՛ արտաքին առումով։ Վաղն էլ կորոշեն, որ պետք է գնան զորքի դեմը փակեն, որպեսզի զորքի տեղաշարժ չլինի, եթե այս գործողությունը ներվեր։ Չի կարող ամեն մեկի մտքով անցածն անել՝ մանավանդ այս պարագայում, ես վստահ եմ, որ որդեկորույս ծնողները, որոնք իսկապես խոր վիշտ ունեն, իրենց վերքը շատ թարմ է, ու այդ վերքի վրա անընդհատ աղ լցնողներ կան, իսկ դա անթույլատրելի է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am