«Փաշինյանն ընդամենը փորձում է ժամանակ շահել, այս մարտավարության տակ որևէ լուրջ հաշվարկ գոյություն չունի». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, արդեն երկրորդ օրն է, ինչ «Հայկական ժամանակ» թերթում նյութեր են հրապարակվում, որոնցում նշված է թե Հայաստանից ինչ պահանջներ ունեն Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Նյութերը ստորագրվում են «Հավաստի աղբյուր», ու քանի որ բոլորը վստահ են, որ այդ «Հավաստի աղբյուրը» նույն ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, կխնդրեմ ասեք, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ընտրել հանրության հետ շփվելու այս ուղին, փոխանակ ուղիղ, իր դեմքով հանդես գա։ Գործելու այս եղանակն ինչպե՞ս եք գնահատում։

Իրականում շատ կարևոր ու բազմաշերտ հարց է։ Առաջին հերթին, ցավոք սրտի, բացահայտվեց մի շատ տխուր իրողություն, որ Հայաստանը ղեկավարվում է դեղին մամուլի խմբագրի գործիքակազմով, որովհետև սա ակնհայտորեն ամենաանհաջող տարբերակն է ներազգային երկխոսություն ծավալելու համար։

Ցավում եմ, որ Փաշինյանը չի հասկացել քաղաքական երկխոսության իմաստը․ այն չի սահմանափակվում միայն նրանով, որ մարդիկ իրար տեղեկատվություն են փոխանցում։ Տեղեկատվություն փոխանցելը պետք է ծառայեր մի շատ կարևոր գործի՝ ձևավորեր Հայաստանի բանակցային կոնսենսուսային օրակարգը, որով այդ գործընթացը դուրս կդրվեր ներքաղաքական շահարկումների դաշտից։ Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում ազգային երկխոսությունը։ Հիմա Փաշինյանը դա իջեցրեց դեղին մամուլի մակարդակի արտահոսքերի ապահովմանը։

Պետք է նաև անդրադառնամ այդ նյութերի որակին. ես խորապես համոզված չեմ, որ այդ նյութերում առկա բոլոր թեզերն իրապես արտահայտում են բանակցային միջավայրում տիրող վիճակը, որովհետև այնտեղ կան կետեր, որ բացարձակ անհեթեթություն են։ Երկրորդ՝ զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հարգում նախկին նախագահների ինստիտուտը, խոսքն անձերին չի վերաբերում, Վեհափառի ինստիտուտը, այլ նաև իր՝ բարձրագույն պաշտոնի ինստիտուտը, հակառակ դեպքում ներքաղաքական ազդեցիկ սուբյեկտների հետ հարաբերման այս ձևը չէր ընտրի։

Նպատակի մասով․ հրապարակվում են դրույթներ, որոնք մի կողմից մեր հասարակությանը վախեցնում են, մյուս կողմից էլ՝ ստեղծում են պրոպագանդիստական մի ֆոն, թե տեսեք՝ մեզ առաջարկում են կապիտուլյացիա, որին Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ընդ որում, կրկնում եմ, չգիտենք էլ, դրանք բանակցության սեղանին դրված առաջարկնե՞ր են, թե՞ ինչ են։

Այսինքն՝ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանն ինքն էլ հակված չէ խաղաղության գործընթացին, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու պատասխանատվություն իր վրա վերցնելուն և փորձում է ստեղծել այսպիսի ֆոն, որ իրեն պարտադրում են կապիտուլյացիա, ինքն էլ հրաժարվում է։

Հարց է առաջանում՝ հույսն ինչի՞ վրա է․ հույս ունի՝ դրական արտաքին հանգամանքներ կլինեն, ու ինքը կկարողանա՞ պրոցեսն այսպես շարունակել։ Այսինքն՝ դարձյալ գործ ունենք մի իրողության հետ, որ Փաշինյանը փորձում է ոչ թե քաղաքական օրակարգ ձևավորել, այլ իր վրայից պատասխանատվությունը ամեն կերպ գցել՝ այդ ֆունկցիան վերապահելով կա՛մ արտաքին դրական թվացյալ հանգամանքներին, կա՛մ ադրբեջանական բանակի ագրեսիային։

– Քանի որ այս հրապարակումներում հստակ պետությունների անուններ են նշվում, հաջորդիվ էլ դեռ անդրադառնալու են ԱՄՆ-ի, Իրանի ու ԵՄ-ի «պահանջներին», ի՞նչ հետևանքներ են ունենալու այս հրապարակումները մեր պետության համար։

– Շատ-շատ անլուրջ տպավորություն կարող է ձևավորվել մեր երկրի մասին։ Մի էլ բացառեք, որ կոպիտ հակադարձումներ էլ լինեն, որ նման խնդիրներ այդ երկրները չեն էլ դրել, ինչպես արդեն դա արել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ սա «հերթական անհեթեթություն» որակելով։

Չեմ բացառում, որ հաջորդ օրերի սլիվների հետևանքով արձագանքեն նաև մյուս կենտրոնները, բայց ընդհանուր ֆոնն այն է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը անլուրջ գործընկեր է, որն իր ներքաղաքական ամբիցիաները բավարարելու համար կարող է նման պրոպագանդիստական սլիվներով հանդես գալ։

Ակնհայտ է, որ նախկին նախագահներն ու Վեհափառը այլ բան էին ակնկալում, համենայնդեպս՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ստացան միանգամայն այլ պատասխան։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, մերժեց Փաշինյանի հետ երկխոսելու առաջարկությունը, ավելին՝ իմպերատիվ համարեց նրա հեռացումը, Նիկոլ Փաշինյանն էլ գերակա համարեց ոչ թե արտաքին կարևոր գործընթացները, այլ՝ Քոչարյանի հետ ներքաղաքական գզվռտոցի մեջ մտնելը։ Այսինքն՝ երկուսն էլ իրենց անպատասխանատու քայլերով մոտեցնում են Ալեքսանդրապոլ 2-ը։

Ալեքսանդրապոլ 2-ը Փաշինյանին պետք է, որպեսզի իր վրայից պատասխանատվությունը մաքրի, այսինքն՝ ասի, որ ինքը կապիտուլյացիային համաձայն չէր, ադրբեջանական ագրեսիան դրդեց դրան, Քոչարյանն էլ միայն հանրապետության փլատակների վրա է պատկերացնում իր իշխանության գալը։

Ես մյուս դերակատարներին չեմ անդրադառնում, որովհետև Վեհափառը, Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը բավականին կոռեկտ ու կառուցողական վարք են դրսևորել։ Ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր իշխանությունը պահելու, և Ռոբերտ Քոչարյանը՝ ամեն գնով իշխանության գալու համար, վիժեցրին ազգային կոնսոլիդացիայի գաղափարը՝ ճանապարհ բացելով արտաքին մարտահրավերների ահագնացման համար։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ իշխանության այս քայլերը տեղավորվում են միայն իշխանությունը պահելու տրամաբանության մեջ։

– Եթե այս ամենը պայմանավորված լիներ երկրի անվտանգության համար մտահոգությամբ, ապա կան շատ ավելի հարմար հարթակներ՝ հանդիպում նախկին նախագահների հետ, կոնսուլտացիաներ խորհրդարանում, փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներ և այլն։

Հասարակությանն ահաբեկելով ու անլուրջ գործընկերոջ համբավ ձեռք բերելով՝անվտանգային ոչ մի խնդիր չես լուծում, հետևաբար լեգիտիմ իրավունք ունեմ մտածել, որ այս պարագայում Փաշինյանը լուծում է բացառապես իշխանության պահպանման խնդիր։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ ինչո՞ւ ձեր նշած այդ հարթակներից գոնե մեկից չի օգտվում իշխանությունը։

– Պարզ տրամաբանություն գոյություն ունի․ մարդուն համազգային կոնսենսուս պետք է լինում այն ժամանակ, երբ ինքը քայլ անելու անհրաժեշտություն ունի, այսինքն՝ թիկունքն ապահովագրում է, որ ավելի ուժեղացած գնա բանակցությունների, եթե այդպիսի փորձ չի արվում, ենթադրում եմ, որ Փաշինյանն արտաքին ճակատում որևէ համարձակ քայլ անելու ցանկություն չունի։

Այսինքն՝ միակ ցանկությունը իշխանություն պահե՞լն է ամեն գնով։

– Ու ժամանակ շահելը։ Պատրանքների են տրվել, որ ժամանակը կարող է ձգվել, ու հայկական կողմի համար ինչ-որ տեղից լավ քամիներ կփչեն, մինչդեռ հակառակն է՝ ժամանակն ինչքան ձգվում է, մեզ համար ռիսկերը շատանում են։

– Այս ձեռագրով, եթե Փաշինյանը փորձում է ներքաղաքական լարվածությունից խուսափել, կա՞ հարյուրտոկոսանոց երաշխիք, որ սա իսկապես ներքաղաքական լարվածությունը կանխող միջոց է։

– Չկա այդ երաշխիքը, հակառակը՝ սա բերելու է նրան, որ անվտանգային ռիսկերը մեծանալու են, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է ներքաղաքական կայունության խաթարմանը։ Այսինքն՝ ինքն ընդամենը փորձում է ժամանակ շահել, այս մարտավարության տակ որևէ լուրջ հաշվարկ գոյություն չունի։ Համենայնդեպս, ես որպես քաղաքագետ եմ ասում՝ արտաքին քաղաքական մանևրը պետք է կարողանալ չշփոթել շուստրիության հետ, ներքաղաքական երկխոսությունը չպետք է շփոթել դեղին մամուլի գործիքակազմի հետ, տեղեկատվության փոխանակումը չպետք է շփոթել սլիվի հետ։ Սրանք կարճաժամկետ էֆեկտ են ունենալու, իսկ հանրության գիտակից զանգվածների մեջ առաջանալու են բազմաթիվ հարցեր, օրինակ՝ բա երկու տարի ինչո՞վ էր զբաղված իշխանությունը, եթե այս պահանջները ճիշտ են։

– Պարո՛ն Սուրենյանց, ձեր խոսքի սկզբում էլ այդ թեականությունը արտահայտեցիք՝ «եթե ճիշտ են․․․», ինչո՞ւ եք կարծում, որ այդ հրապարակումների մի մասը իրականությանը չի համապատասխանում։

– Ես Իլհամ Ալիևի մասին առանձնապես բարձր կարծիք չունեմ, բայց չեմ էլ քննադատում նրա ինչ-որ պետական-քաղաքական որակներ, բայց չի կարող դելիմիտացիայի, դեմարկացիայի համար առաջարկել 1919-20 թվականների քարտեզներ մի շատ պարզ պատճառով․ դրանք Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քարտեզներն են, որով իսկապես Ադրբեջանի տարածքը մեծ է ներկայացված, բայց մի շատ կարևոր նրբություն կա. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անդամությունը մերժվել է Ազգերի լիգայում հենց այն պատճառով, որ նրա տարածքները ճշտված չեն եղել։

Ընդամենը այս մեկ օրինակը ասեմ, այս ճշմարտությունը բոլորիցս լավ գիտի Ալիևը, ես չեմ կարծում, թե նա, կներեք, այնքան տխմար է, որ բանակցային գործընթացի գնա շատ խախուտ իրավական հիմքերով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am