«Պուտինն իրականում ազարտային խաղացող է, նա մինչև վերջ գնացող է, ու դժվար է ասել՝ ինչ-որ պահի կանգ կառնի՞, թե՞ ամեն ինչ տանուլ կտա». Արմեն Վարդանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

 – Պարո՛ն Վարդանյան, ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է ավելի մեծ ուժգնությամբ, ռուսական զորքն այսօր հրթիռակոծել է Կիևը: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ դատելով կողմերի գործողություններից:

– Կարծում եմ՝ Ռուսաստանի պարտությունն արդեն իսկ ուրվագծվում է, որովհետև ամեն օր ռուսական բանակը զգալի բնակավայրեր է կորցնում, ուկրաինական բանակը շատ հաջող հակահարձակման է անցել ու կարողանում է օրական մի քանի տասնյակ բնակավայրեր ազատագրել:

Ռուսական ռազմաճակատը, կարծես թե, վերջնականապես փլուզվել է, ու Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրներ ունի նաև զորահավաքի հարցում, չի կարողանում անհրաժեշտ թվով մարդիկ հավաքել, մարդկանց, որոնց հավաքում են, շատերը փախուստի են դիմում, մի խոսքով՝ ահռելի խնդիրներ ունի Ռուսաստանը, և Ուկրաինայի հաղթանակն արդեն իսկ կասկած չի հարուցում, գոնե ինձ համար:

Քանի որ ռազմաճակատում Ռուսաստանը պարտություն է կրում, դրանից էլ դրդված քաղաքներին է հարվածում, որով նպատակ ունի ճնշել ուկրաինացի ժողովրդին, բայց ես որևէ կասկած չունեմ, որ ուկրաինական բանակը հաղթանակ է տանելու այս պատերազմում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ Արևմուտքը ծրագրում է հարվածել նաև Բելառուսի ուղղությամբ, ուստի ինքը միավորվելու է Ռուսաստանի նախագահի հետ: Եթե դա իրականանա, դեպքերն ինչպիսի՞ ընթացք կունենան:

– Մինչև վերջերս կարծում էի, որ Բելառուսը չի գնա այդպիսի արկածախնդրության և չի դառնա պատերազմող կողմ, բայց կարծես թե Լուկաշենկոն վերջնականապես խելագարվել է, և եթե նա ներքաշվի սրա մեջ, ապա այս պատերազմը Բելառուսի համար ևս ծանր հետևանքներ է ունենալու:

Չի բացառվում, որ Պուտինն ամեն դեպքում համոզել է Բելառուսին ներքաշվել այս պատերազմի մեջ: Երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին ներխուժեց Ուկրաինա, այդ ժամանակ էլ Լուկաշենկոն ասաց, իբր պատրաստվում են Ուկրաինայի տարածքից հարվածել Բելառուսին, բայց դա ակնհայտ աբսուրդ է, որովհետև Ուկրաինան որևէ պատճառ չունի Բելառուսի հետ պատերազմելու, ու դա պարզապես արդարացում էր Բելառուսի կողմից, ու հիմա էլ փորձում են արդարացնել իրենց քայլերը:

Եթե ասում եք, որ Ռուսաստանի պարտությունն արդեն ակնհայտ է, գոնե ձեզ համար, այդ դեպքում Վլադիմիր Պուտինը կդիմի՞ իր «խոստացած» միջուկային պատերազմին:

– Շատ բարդ հարց է, նույնիսկ Արևմուտքում կան վախեր այդ առումով, բայց որևէ մեկը հստակ չգիտի՝ Պուտինը կգնա՞ այդ քայլին, թե՞ ոչ: Պուտինի դեպքում ոչ թե խելամտության, այլ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվել, ու չի բացառվում, որ ինչ-որ մի պահի միգուցե տակտիկական միջուկային զենք կիրառի, ոչ իսկական, բայց չի բացառվում:

Բայց տեսանելի է, որ ուկրաինական կողմը շանտաժի չենթարկվեց. նախորդ շաբաթ, երբ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի չորս շրջաններն իրեն միացնելու մասին, շատերը, նույնիսկ Հայաստանում քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, չհասկացան, թե ինչի համար է դա արվում: Իրականությունն այն է, որ Ռուսաստանը պատերազմում պարտվում է, ու Ռուսաստանի միջուկային ու ռազմական դոկտրինի համաձայն՝ այդ երկրի վրա հարձակման դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային հարվածներ հասցնել հարձակվող կողմին: Այդ մարզերն իրեն ենթարկելով՝ նա փորձեց շանտաժի ենթարկել Արևմուտքին ու Ուկրաինային, որ վերջիններս այլևս առաջ չգան, բայց ուկրաինական կողմը, ինչպես տեսնում ենք, չի տրվում շանտաժներին, անընդհատ առաջ է գնում՝ չվախենալով հետևանքներից:

Բայց ռուսական կողմը հեշտությամբ կընդունի՞ այդ պարտությունը, պարո՛ն Վարդանյան:

– Շատ բարդ է ասել: Պուտինն իրականում ազարտային խաղացող է, նա մինչև վերջ գնացող է, ու դժվար է ասել՝ ինչ-որ պահի կանգ կառնի՞, թե՞ ամեն ինչ տանուլ կտա: Պատահական չէ, որ ամիսներ առաջ Ֆրանսիայի նախագահն Ուկրաինայի նախագահին առաջարկել էր որոշ հարցերում զիջումների գնալ, որպեսզի Պուտինը գոնե իր դեմքը փրկի: Իրենք էլ են հասկանում, որ Պուտինը հեշտ հանձնվող չէ ու ինչ-որ պահի կարող է ծայրահեղ արկածախնդրության գնալ:

Արևմուտքը և՞ս մինչև վերջ գնալու է:

– Միանշանակ, Արևմուտքը հայտարարել է, որ որևէ պարագայում թույլ չի տալու, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, եթե Ռուսաստանը «կուլ տա» Ուկրաինային, դա լուրջ պարտություն է լինելու նաև Արևմուտքի համար: Եթե Ռուսաստանն իր արածները մարսի, դա կնշանակի աշխարհակարգի փոփոխություն, ինչը չի ցանկանում Արևմուտքը:

Պարո՛ն Վարդանյան, այս խառը իրավիճակից թուրք-ադրբեջանական տանդեմը կօգտվի՞՝ սահմանային լավածության գնալով մեր տարածաշրջանում:

– Իհարկե, մենք՝ վերլուծական շրջանակներս, միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանն անընդհատ փորձելու է օգտվել ստեղծված իրավիճակից: Իշխանությունները պետք է բոլոր հնարավոր տարբերակները հաշվարկեն ու պատրաստ լինեն ցանկացած զարգացման:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am