«Դուք հարց եք տալիս՝ հայկական կողմը ո՞ր պլանին է կողմ, ես էլ հակադարձեմ՝ նշեք պլանները, ես պատասխանեմ». Գարիկ Քեռյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

Պարո՛ն Քեռյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի երկու տարբերակ կա, որոնցից մեկը՝ վաշինգտոնյան տարբերակը, առաջարկում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ու եթե Հայաստանն ընտրի այդ տարբերակը, իրենք աջակցելու են նաև դրան: Ձեր դիտարկումներն եմ խնդրում այս մասով:

– Նախ՝ Պուտինի հայտարարությունն այն մասին էր, որ, ըստ էության, մենք ունեինք կարգավորման տարբերակ, Հայաստանը չընտրեց դա, գնաց իր ճանապարհով, և խոսքի ենթատեքստից հասկանալի էր, որ այդ ճանապարհը կործանարար էր, որի վերջնարդյունքը եղավ պատերազմում պարտությունը:

Պարզ է, որ խոսքը 5+2 լավրովյան հայտնի պլանի մասին էր, որը մինչև պատերազմը 1-2 տարի շրջանառվում էր, բայց ռուսական կողմն առավել ինտենսիվ դա պնդում էր 2019-ի վերջերին ու 2020-ի առաջին կեսին, հատկապես տավուշյան իրադարձությունների ժամանակ:

5+2-ով Հայաստանը հանձնում էր 5 շրջան, պահում էր Լաչինն ու Քելբաջարի շրջանը, ռուս խաղաղապահները մտնում էին Ղարաբաղ, տեղակայվում հայ-ադրբեջանական սահմանին, մինչև հարցը վերջնական կկարգավորվեր: Նկատեմ նաև, որ հայկական դիվանագիտությունը բաց պատասխան չտվեց հանրությանը այս պլանի վերաբերյալ, և դա պահվեց կա՛մ գաղտնի, կա՛մ կիսագաղտնի, նույնիսկ դիսկուրս էր ծավալվում, որ նման պլան գոյություն չի ունեցել, բայց տարբեր հարցազրույցներում Լավրովն ինքն էլ հավաստիացրեց, որ նման պլան իսկապես եղել է:

Վարչապետի ու արտգործնախարարի հայտարարությունների ենթատեքստից կարելի է ենթադրել, որ այդ պլանը չի ընդունվել երկու հիմնական պատճառով՝ այն, որ Ղարաբաղի կարգավիճակն այնտեղ նշված չէր, ու երկրորդ, որ 5+2-ը ենթադրում էր Ադրբեջանի փախստականների վերադարձ Շուշի:

Պուտինը հստակ չի ասում սակայն, Ադրբեջանն ընդունե՞լ է արդյոք այդ պլանը, որովհետև եթե մենք հետևում ենք մեր պետական, քաղաքական այրերի հռետորաբանությանը, հատկապես Փաշինյանի, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանը մշտապես կարգավորման պլանը չի ընդունել, միշտ ավելի մեծ պահանջներ է ներկայացրել:

Պուտինը չնշեց, որ Ադրբեջանը դա մերժել է, ու իր խոսքից կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմն ընդունել է այն կամ գուցե մերժել է, բայց Ռուսաստանի նախագահը նրանց չմեղադրեց: Խոսքն այս մասին էր ու նաև այն մասին, որ եթե Հայաստանն ընդուներ այդ առաջարկը, հիմա ավելի բարվոք վիճակում կլիներ, ու Ղարաբաղի հարցն էլ շատ ավելի ամուր հիմքերի վրա կլիներ, քան հիմա, երբ Հայաստանը ջախջախված է, Ղարաբաղի հարցն էլ, ըստ էության, կանգնած է վերջնական փակուղու առջև:

Իսկ ձեր տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունները այժմ ո՞ր ծրագրին են հակված:

– Հայկական կողմը պատերազմից հետո երբևէ որոշակի հստակ տարբերակ չի հրապարակայնացրել, որ կարողանանք հստակ գնահատականներ տալ: 2020 թվականի պատերազմից հետո մշտապես եղել են հանդիպումներ, քննարկումներ տարբեր հարցերի շուրջ, Արևմուտքը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, Ադրբեջանը՝ հակառակը, Ռուսաստանը խուսափողական պատասխան է տվել՝ մեկ հասկացել ենք, որ իրենք էլ են համարում լուծված, մեկ՝ չէ:

Եթե պատերազմից հետո հրապարակայնացվեր, և Հայաստանի ու Ադրբեջանի հասարակություններն իմանային, թե կոնկրետ որ կողմն ինչ է առաջարկում, մենք կկարողանայինք կարծիք հայտնել: Միշտ այսպես ասած անկյուններում, թաքնված, կիսագաղտնի, երկիմաստ արտահայտություններ ենք լսել, ու դա հիմնավորել են նրանով, որ պետք չէ շուտ ինչ-որ բան ասել, որ գործին չվնասի: Այո՛, ընդունում եմ, որ դիվանագիտությունը պետք է քիչ հանրային լինի, որ գործին չխանգարի, բայց հիմա այդ պահ չէ, հիմա հասարակությունը կույր է պարզապես:

Դուք հարց եք տալիս՝ հայկական կողմը ո՞ր պլանին է կողմ, իսկ ես էլ հակադարձեմ ձեզ՝ նշեք պլանները, ես պատասխանեմ: Երկիմաստ արտահայտություններով, կցկտուր մեկնաբանություններով, մամուլում սպրդած կիսատեղեկատվությամբ ոչինչ հստակ ասել չենք կարող:

Իմ տպավորությամբ՝ ինչ է գրվում մամուլում. ռուսական կողմն առաջարկում է Ղարաբաղի հարցը հանել քննարկումից, թողնել ապագային՝ հիմնավորելով, որ կա այդպիսի հարց, ու անցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը: Արևմուտքն էլ, դարձյալ ըստ մամուլի, առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու անցնել սահմանազատման ու սահմանագծման, Ղարաբաղը թողնել որպես Ադրբեջանի ներքին հարց:

Սրանք մամուլից քաղված տեղեկություններ են, բայց սրանցից որը որքանո՞վ է հավաստի՝ չգիտեմ: Պաշտոնական ու հավաստի հայտարարություն եղե՞լ է, թե որ հանդիպմանը ինչ է առաջարկվել, չկա: Հաստատ համոզված եմ, որ ամսի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումից հետո էլ վերացական, ոչինչ չասող հայտարարություն կանեն, կգնան իրենց տները, իսկ մենք նորից կմնանք մթության մեջ:

Ինչպես ժամանակին, հիմա է Պուտինն ասում՝ ունեինք պլան, թող այն ժամանակ բացահայտեին դա, դիմեին հայ հասարակությանը, քաղաքական շրջանակներին, ասեին՝ եթե չընդունեք, ձեզ սա է սպասում, որպեսզի մարդիկ կողմնորոշվեին: Ժամանակին գաղտնի են պահել, ու հիմա կասկածներ է հարուցում՝ իսկապես ազնի՞վ են եղել այդ պլանի ու իրենց մտադրության մեջ:

Ընդհանրապես, ոչ ոք էլ հայկական շահով չի առաջնորդվում՝ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, բոլորն էլ ունեն իրենց շահերը, աշխարհաքաղաքական նկրտումները տարածաշրջանում, ուզում են ընդլայնել իրենց ազդեցության ոլորտները տարածաշրջանում, վերահսկողություն սահմանել լոգիստիկ ուղիների, էներգակիրների վրա:

Արևմուտքը ձգտում է Հայաստանից դուրս մղել ռուսական ներկայությունը ու բացառել Իրանի ազդեցության տարածումը: Ռուսական կողմն էլ ուզում է ողջ Հարավային Կովկասն իր ձեռքին պահել ու թույլ չտալ Արևմուտքի ներթափանցումը: Թուրքիան ու Ադրբեջանն էլ շատ հմուտ ու շատ փայլուն դիվանագիտությամբ կարողանում են մանևրել երկու կողմերի միջև ու առավելագույն օգուտներով դուրս գալ՝ էլի հայկական շահերի հաշվին:

Պարո՛ն Քեռյան, այսինքն՝ 31-ին կայանալիք այդ հանդիպումից էական սպասելիքներ չունենա՞նք:

– Ես շատ կուզեմ, որ ունենանք, շատ կուզեմ, որ ռուսական կողմն ի վերջո այդ մուկն ու կատու խաղալու գործընթացը թողնի, նաև Արևմուտքը, հստակ ասեն՝ իրենք ինչ են առաջարկում, որպեսզի Հայաստանի իշխանություններն էլ ժողովրդի առաջ պարզերես ասեն՝ որն են ընդունում ու ինչու, բայց համոզված եմ, էլի մուկն ու կատուն շարունակվելու է:

Ձեր դիտարկմամբ՝ Կոնստանտին Զատուլինի ու Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքը Հայաստան ի՞նչ ազդեցություն կունենա հայռուսական հարաբերությունների վրա:

– Իհարկե, սա բացասական ֆոն է ստեղծում, որովհետև այնպես չէ, որ մասնավոր մարդկանց մուտք են արգելել, արգելել են Պետդումայի պատգամավորի, քաղաքական գործչի ու ռուսական պետական լրատվամիջոցներում գերակա դիրք զբաղեցնող «Ռաշա Թըդեյ»-ի ղեկավարի մուտքը: Այս մարդիկ Ռուսաստանի պետության գործիչներ են, ու այս առումով շատ բացասական ազդեցություն կունենա:

Բայց, ասեմ, որ եթե որոշ առումներով Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը ստացվեց, ու եկան ընդհանուր հայտարարի, նման բաները շատ արագ մոռացվում են, ու հետո ոչ ոք չի էլ հիշում, բայց, իհարկե, այս պահին դրա ազդեցությունը բացասական է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am