«Հայաստանում բիզնեսի ու քաղաքականության զուգակցում կա. բիզնես ունեցող մարդիկ դարձյալ խորհրդարանում են». փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, թե Հայաստանը անզիջում է ու անհանդուրժող կոռուպցիայի դեմ պայքարում: Դուք նման վարքագիծ, հետևողականություն տեսնո՞ւմ եք:

– Քրեական գործերի արդյունքներից ելնելով, ո՛չ, նման վարքագիծ չենք տեսնում դեռևս:

– Դատախազը ինքնանպատակ հայտարարություննե՞ր է անում:

– Ես չեմ ուզում գնահատականներ տալ որևէ մեկի հայտարարություններին, բայց կրկնում եմ՝ մենք դատում ենք քրեական գործերով, ոչ թե հայտարարություններով: Ըստ քրեական գործերի, որոնք հարուցվել են կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված, արդյունքները դեռևս չեն երևում:

– Բայց հայտարարվում է ապօրինի գույքի բռնագանձման գործերով 48 մլրդ դրամի հնարավոր վերադարձի մասին:

– Հասկանալի է՝ գույքի բռնագանձման գործերով հայցեր են ներկայացվել դատարան: Արդյունք դեռևս չկա, արդյունք կլինի, դրա հիման վրա պարզ կարող ենք արտահայտվել: Դրանք, ընդ որում, կապված են քրեական գործերով ապացույցներից առանձնացված մասերի հետ, բայց քրեական գործերով հետևանքներ արդեն 4 տարի մենք չենք տեսնում: Այնպես չէ, որ այդ վարույթները ինքնուրույնաբար են սկսվում: Դրանց մեծ մասը առանձնացված է քրեական գործերից:

– Պարո՛ն Մարտիրոսյան, «Կովկասյան բարոմետրի» տվյալների համաձայն՝ Հայաստանում կոռուպցիոն ամենատարածված դրսևորումը հովանավորչությունն է և բիզնեսի ու պետական պաշտոնի համատեղումը: Սա հանրային ընկալման հիման վրա կատարված ուսումնասիրություն է, դուք՝ որպես փորձագետ, նման բան նկատո՞ւմ եք Հայաստանում:

– Պարտադիր չէ հետազոտություն կատարել ու պարզել, դա ակնառու է, տեսնում ենք այդ ամենը խորհրդարանում, մենք տեսնում ենք բիզնեսի ու քաղաքականության զուգակցում: Դա ակնհայտ երևում է մեր այսօրվա խորհրդարանի պատկերից. բիզնեսմենների անմիջականորեն ներթափանցումը խորհրդարան, ինչը նշանակում է սեփական բիզնեսի նկատմամբ օրենսդրական նախաձեռնությունների և այլ տեսքով հովանավորչության հավանականությունը չափազանց մեծ է: Տնտեսվարող սուբյեկտները, դրանց ղեկավարները ներթափանցում են խորհրդարան: Դա եղել է նախկինում, կա նաև ներկայումս, ոչինչ ըստ էության չի փոխվել:

Տարբեր պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց հովանավորչությամբ գործող բիզնեսների, Հայաստանից արտահանվող գումարների, արտասահմանում ձեռք բերվող տների վերաբերյալ տեղեկություններին ծանոթ եք, դրանք վերաբերում են ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաներին:

Այնպես որ, բարձրագոչ հայտարարությունները պետք է երևան արդյունքներով, քանի դեռ մենք շոշափելի, առարկայական արդյունքներ չունենք կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի հարցում, չենք կարող ասել՝ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում շատ լավ է ընթանում:

– Ի դեպ, նույն հետազոտության տվյալներով՝ քաղաքացիների 50 տոկոսից ավելին համարել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարը անարդյունավետ է:

– Մենք ընդհանրապես գործ ունենք Հայաստանում կառավարման անարդյունավետության կամ կառավարման ճգնաժամի հետ: Նախկինում դա ևս եղել է, բայց այսօր այդ ճգնաժամը խորացել է, որովհետև մասնագիտական մոտեցումների հարցը՝ հարաբերությունների լուծման կարգավորումների նկատմամբ մղվել է երկրորդ-երրորդ պլան: Առաջնորդվում են հիմնականում ներքաղաքական, ներգերատեսչական շահերով՝ արհամարհելով տարբեր ուղղություններով պետության զարգացման ռազմավարությունները:

Իմ ընկալումներով՝ ոչինչ չի փոխվել, և պնդումները, թե կոռուպցիայի դեմ անշեղ ու անհանդուրժող պայքար է մղվում, ճիշտ չէ: Պետք չէ ականջ շոյել հայտարարություններով. կոռուպցիայի դեմ պայքարում են կոնկրետ քայլերով, կոնկրետ գործողություններով:

Դրա վկայությունը պետք է լինի օլիգարխիկ տնտեսության կազմաքանդումը, գնումների միջավայրի բարելավումը, որը մենք չենք նկատում, դրա վկայությունը պետք է լինի բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, որը էլի մենք չենք նկատում:

– Օլիգարխիկ տնտեսություն ասելով ի՞նչ նկատի ունեք: Կար պնդում, որ դա վերացել է:

– Օլիգարխիկ տնտեսությունն այն է, երբ երկրի պետական բյուջեի զգալի հատվածը՝ 70 տոկոսից ավելի, ձևավորվում է խոշոր և գերխոշոր բիզնեսի արդյունքում: Իսկ ընդհանուր ցուցանիշներում մենք որևէ փոփոխություն չենք նկատում: Այսինքն՝ փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը դեռևս մնում է նույնը:

– Ձեր խոսքում ասացիք՝ բիզնեսը սողոսկել է խորհրդարան: Ի՞նչ նկատի ունեք:

– Նկատի ունեմ այն, որ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական քաղաքական ուժերի ցուցակներում կան բիզնեսով զբաղվող մարդիկ: Որևէ մեկը չի կասկածում, որ այդ մարդիկ բիզնեսով են զբաղվում: Այնպես չէ, որ ներթափանցեցին խորհրդարան, իրենց բիզնեսը հանձնեցին հավատարմագրային կառավարման ու վերջ: Նրանք զբաղվում են կոնկրետ բիզնեսով, հարցրեք յուրաքանչյուր քաղաքացու:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am