Խաղային ոլորտը, որը հասարակության վրա բացասական ազդեցություն ունի, պետք է ավելի շատ հարկվի. տնտեսագետ

Հայաստանի խաղային ոլորտում աճի տեմպը 2008-2018 թվականների ընթացքում ավելացել է մոտ 17 անգամ, իսկ տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում չնչին՝ 0.6 տոկոսից բարձրացել է մինչև 5.6 տոկոս:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանն ասում է՝ խաղային ոլորտն իր կտրուկ աճով հետևում է թողել տնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, կրթությունը, առողջապահությունը, ֆինանսական ոլորտը:

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2022-ի տասն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե այս ոլորտից գանձվել է ընդհանուր առմամբ 8.9 մլրդ դրամ պետական տուրք, որից խաղատներ՝ 6.4 մլրդ դրամ, վիճակախաղեր՝ 6 մլն դրամ, ինտերնետ շահումով խաղեր՝ 1.8 մլրդ դրամ: Ի դեպ, 2022-ի տասն ամիսների պետական տուրքը մի քանի անգամ գերազանցում է 2021-ի նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը՝ 3.4 մլրդ դրամ:

Փորձագետն ուսումնասիրել է խաղային ոլորտին առնչվող ֆինանսական հաշվետվությունները, համեմատել այլ երկրների հետ ու եզրակացրել՝ 15 եվրոպական երկրներում խաղային ոլորտի հասույթի և ՀՆԱ հարաբերակցության միջինը 0.6 տոկոս է, մինչդեռ Հայաստանի ցուցանիշը շուրջ եռակի բարձր է՝ 1.7 տոկոս:

«Ոլորտի դրական ազդեցությունների մասին խոսողները, որպես փաստարկ, հիմնականում նշում են հենց զբոսաշրջիկների շնորհիվ ապահովվող լրացուցիչ եկամուտները, զբաղվածությունը և վճարած հարկերը։ Սակայն ըստ Similarweb հարթակի տվյալների՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների կայքեր այցերի 98-99 տոկոսը կատարվում է Հայաստանից, ինչն առանձնապես չի հիմնավորում դրական ազդեցությունների մասին հիմնադրույթը»,- «Մեդիալաբին» ասում է Կարապետյանը:

Չնայած խաղային ոլորտի գովազդի արգելքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին՝ այդուհանդերձ, տարեցտարի աճում են խաղադրույքները: Օրինակ՝ այս տարվա երեք եռամսյակի ընթացքում կատարվել է շուրջ 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք, իսկ ահա 2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ թիվը կազմել էր 3.2 տրիլիոն դրամ: Իշխանական պատգամավորները Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հույս էին հայտնում, որ նոր փոփոխություններով բուքմեյքերների գովազդն արգելելով` իրավիճակը կփոխվի, սակայն այս տարվա ինն ամիսների 4.2 տրիլիոն դրամի խաղադրույքները այլ պատկեր են ցույց տալիս:

«Ոլորտը շահութաբերության գերբարձր ցուցանիշներ ունի, ինչը հնարավորություն է տալիս ավելի ու ավելի մեծ ներդրումներ կատարելու տեխնոլոգիաներում, մարքեթինգում՝ գովազդների միջոցով ապահովելով ձնագնդի էֆեկտ»,- ասում է տնտեսագետը։

Դիտարկմանը, թե պետությունը օրենսդրական արգելքներով փորձում է այնպես անել, որ խաղային ոլորտի գովազդները մասսայականություն չունենան, արդյոք այդ օրենսդրական փոփոխությունները արդյունավետ չե՞ն, Կարապետյանն արձագանքում է. «Դա այդքան արագ արդյունք չի տա: Մի մոռացեք, որ խաղամոլության դրդող գովազդները տարիներ շարունակ եթերից ու ռադիոեթերից չեն իջել, ակտիվ մարքեթինգ է արվել, և հիմա նոր սկսվում է հակառակ պրոցեսը»:

Մյուս կողմից, ըստ Նարեկ Կարապետյանի, քիչ է հարկվում, և տրամաբանական կլիներ ոլորտի համար ակնկալել միջինից ավելի բարձր հարկային բեռ։ Խաղային ոլորտի հարկային բեռը մեծացնելու մասին նախագծին օրերս Կառավարությունը հավանություն տվեց: Փաստաթուղթը դեռ պետք է խորհրդարանական քննարկում անցնի: Այսպես՝ Կառավարությունն առաջարկում է 2023-ի հուլիսի 1-ից նոր տուրք սահմանել բուքմեյքերական ընկերությունների համար. ինտերնետ շահումով խաղերի ժամանակ կատարված յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույքի դեպքում խաղերի կազմակերպիչը պետք է վճարի 175 միլիոն դրամի տուրքեր։

Նույն տրամաբանությամբ ինտերնետ տոտալիզատորներով ընդունված յուրաքանչյուր 50 միլիարդ խաղադրույքի դեպքում պետական տուրք է սահմանվելու 50 միլիոն դրամը։ Նկատենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն ու բուքմեյքերները տարեկան վճարում են 600 միլիոն դրամի տուրք ու ծավալում գործունեություն։

«Շատ ողջունելի նախաձեռնություն է, առանց այն էլ այս ճյուղը քիչ է հարկվում: Խոշոր շահույթ ունեցող այս ճյուղի համար փաստացի հարկային դրույքաչափը տնտեսության այլ ճյուղերից ավելի ցածր է, դա նորմալ չէ: Այսինքն՝ ճյուղը, որը հասարակության վրա բացասական ազդեցություն է ունենում, պետք է ավելի շատ հարկվի, ոչ թե ավելի քիչ: Այդ առումով հարկային բեռի բարձրացումը շատ ողջունելի է»,- նշում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am