«Լաչինի միջանցքի փակումը քայլերից մեկն է, որը ծառայում է Թուրքիայի ռազմավարական նպատակին». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 – Պարո՛ն Սաֆրաստյան, ի՞նչ նպատակ ունի թուրք-ադրբեջանական տանդեմը, որ երկու օրից ավելի է՝ ինչ փակել է Հայաստան-Արցախ կապող միակ ճանապարհը:

– Երեք նպատակ կնշեմ. առաջինն այն է, որ Հայաստանի ու Արցախի վրա ճնշում գործադրի, որ Հայաստանից զիջումներ կորզի, իսկ Արցախի բնակչության մեջ էլ անհանգստություն ու վախ առաջացնի:

Երկրորդ նպատակը կապված է ռուս խաղաղապահների հետ. նմանատիպ սադրանքներ հրահրելով՝ նպատակ ունեն ցույց տալ, որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ու իրենք ինչպես ուզեն, այնպես էլ կարող են վարվել ռուս խաղաղապահների հետ ու ի վերջո հասնեն նրան, որ հիմքեր ստեղծեն՝ տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման պահանջի համար:

Երրորդը Թուրքիայի ռազմավարական նպատակն է. Ադրբեջանի միջոցով հասնել այն բանին, որ ռուս խաղաղապահները լքեն Արցախը, որը ոչ միայն ցեղասպանության վտանգի առաջ կդնի արցախահայությանը, այլ նաև կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում ընդհանրապես: Թուրքիայի վերջնական նպատակն է այս կերպ հասնել նրան, որ ինքը տարածաշրջանում դառնա ուժի հիմնական կենտրոնը: Լաչինի միջանցքի փակումը այդ քայլերից մեկն է, որը ծառայում է այդ ռազմավարական նպատակին:

– Հայաստանից հիմնական զիջումը «Զանգեզուրի միջա՞նցքն » է:

 – «Զանգեզուրի միջանցքը» ու նաև այն, որ Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի տարածք:

– Կաշենի ու Դրմբոնի հանքերը հատուկ նպատակո՞վ են թիրախավորվել:

– Հանքերը որպես պատրվակ են ծառայում այդ երեք նպատակներին հասնելու համար, բայց մյուս կողմից էլ՝ նպատակն այն է, որ ամեն ինչ անեն, որ Արցախը չկարողանա ինքն իր գոյությունն ինքնուրույն ապահովել: Սա ևս բխում է իրենց որդեգրած ընդհանուր տրամաբանությունից:

– Պարո՛ն Սաֆրաստյան, որոշ վերլուծաբաններ նշում են, որ սա ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ պայմանավորվածության հետևանք է, որովհետև…

– Չէ, ի՛նչ եք ասում, ես դրան բացարձակ համաձայն չեմ: Սա թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություն է, որով Թուրքիան իր հիմնական նպատակն է փորձում իրականացնել, սա ուղղված է հենց Ռուսաստանի դեմ:

– Ռուսաստանին կհաջողվի՞ կանխել այս սադրանքը:

– Ես հույս ունեմ, որ կհաջողվի: Որքան էլ Ռուսաստանը զբաղված լինի Ուկրաինայով, այնուամենայնիվ, այնպիսի պետություն է, որ ունի ազդեցության լծակներ Ադրբեջանի վրա, բայց սա չի նշանակում, որ նման սադրանքներ էլ չեն լինելու, էլի կլինեն, գուցե ավելի վատը լինեն, ավելի լկտի: Այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանն այնպիսի դիրքորոշում որդեգրի, որ սադրանքների գնալու Ադրբեջանի ցանկությունը թուլացնի, սա է շատ կարևոր, տեսնենք՝ Հայաստանի պատասխանը ո՛րը կլինի:

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի «Ապագա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար», սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց, որ տարածաշրջանում Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց կարիքն ունեն: Ստացվում է մի կողմը՝ ի դեմս Թուրքիայի, բացահայտ խոսում է Հայաստանից ինչ-որ բաներ վերցնելու մասին, իսկ հայկական կողմը խոսում է հարաբերությունների կարգավորման, խաղաղության մասին: Ճի՞շտ որդեգրված քաղաքականություն է սա:

– Եթե ուրիշ քաղաքականություն որդեգրենք, ո՞րը պետք է լիներ, ի՞նչ կարող էինք անել: Նմանօրինակ հայտարարություններ Հայաստանում էլ են հնչում՝ քաղաքական, գիտական, վերլուծական մակարդակներում, որոնք ասում են այն, ինչ պետք է ասվի, ես էլ եմ դա ասում: Բայց իշխանությունները, իմ կարծիքով, ճիշտ են անում, որ չեն արձագանքում այդ կարգի հայտարարություններին, այն էլ այդպիսի լկտի ձևով:

Հայաստանը իր հայտարարություններում պետք է ավելի զուսպ լինի, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մտածենք հզորանալու մասին, մեր դաշնակիցների հետ հարաբերությունները խորացնելու մասին՝ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, Արևելքի հետ: Դիվանագիտության տարբեր մեթոդներ կան, ու ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր իմիջը միջազգային թատերաբեմում հաստատի ոչ թե նման լկտի հայտարարություններով, այլ ելնելով մեր ինքնությունից ու քաղաքակրթությունից:

Մենք չպետք է ձգտենք նմանվել այդ քոչվոր ու բարբարոս ցեղերին, մենք աշխարհում հանդես ենք եկել քաղաքակրթություն ստեղծող ժողովուրդ: Ես առաջարկում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվի մեր ինքնության վրա, չպետք է հավասարվենք այդ բարբարոս ցեղերին:

– ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին: Ձևաչափն ի՞նչ է տալու Հայաստանին, ու որքանո՞վ եք իրատեսական համարում ձևաչափի կայացումը:

– Բուն հարցին պատասխանելուց առաջ թույլ տվեք նշեմ հետևյալը. 2008 թվականին Թուրքիան նման առաջարկ էր արել, այն ժամանակ Իրանը դուրս էր մղված, բայց Ռուսաստանը չընդունեց Թուրքիայի առաջարկը, որովհետև այդ ժամանակ Ռուսաստանը զգում էր, որ ինքը կարող է Հարավային Կովկասում միայնակ հարցերը լուծել:

Հիմա իրադրությունը փոխվել է, Ռուսաստանը միայնակ չի կարողանում տարածաշրջանում բոլոր հարցերը լուծել, դրա համար էլ այս անգամ համաձայնեց Թուրքիայի առաջարկին: Այսինքն՝ Թուրքիային հնարավորություն է տալիս տարածաշրջանում ունենալ հարցերը քննարկելու լեգիտիմ իրավունք: Սա ռուսական դիվանագիտության ներկա փուլն է:

Ինչ վերաբերում է այդ հարթակին, ես համոզված եմ, որ սա ոչ մի էական արդյունք չի տա, բայց քանի որ դիվանագիտական գործընթացը գնում է, ճիշտ է, որ Հայաստանն էլ մասնակցի, եթե չմասնակցի էլ, միևնույն է՝ ոչ մի օգուտ չի ստանա, ավելի լավ է մասնակցել, բայց ես որևէ իրական սպասելիք չունեմ, որ դա կարող է նպաստել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը: Տարածաշրջանում խնդիրների կարգավորման հիմքը դեռ մնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ այս ձևաչափը միջոց է, որով Թուրքիան ուզում է տարածաշրջանում իր խոսքն ունենալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am