36 տարեկանից բարձր կանայք չեն կարող արտամարմնային բեղմնավորման պետական ծրագրի շահառու լինել. Կառավարության որոշումը հարցեր ու խնդիրներ է առաջացրել

40-ամյա Անի Դավթյանը ամուսնացած է արդեն տասը տարի, սակայն երեխա չեն կարողանում ունենալ: Հայաստանում տարբեր մասնագետների մոտ բուժումները արդյունք չեն տվել, և հիմա ընտանիքը կանգնել է արտամարմնային բեղմնավորում կատարելու խնդրի առաջ, բայց այդ տարբերակը սահմանափակ բյուջեով նրանց ընտանիքի համար մեծ շռայլություն է:

«Մենք երկար տարիներ բուժվում էինք մասնագետների մոտ, նրանք մեզ հուսադրում էին, որ բուժումները դրական արդյունքներ կտան, սակայն տարիներն անցան, և հիմա նույն բժիշկներն ասում են՝ պետք է փորձել արտամարմնային բեղմնավորման տարբերակը: Այսինքն՝ ի սկզբանե բժիշկները մեզ արտամարմնային բեղմնավորման ցուցում չեն տվել ու միայն տարիներ անց են ասում, որ դա էլ պետք է փորձել»,- նշում է Անին:

Անպտղության հաղթահարման Կառավարության նոր ծրագիրը ուրախացրել է նրան, սակայն մեծ է եղել հիասթափությունը, երբ պարզել է՝ պետբյուջեով արտամարմնային բեղմնավորում հնարավոր է անել մինչև 35 տարեկան կանանց:

«Երբ նախարարը ոգևորությամբ ներկայացնում է Կառավարության ծրագիրը ու չի ասում, որ կա տարիքային շեմ, և երբ ուսումնասիրում ես ծրագիրն ու այդ մասին տեղեկանում, հիասթափեցնող է»,- ասում է նա:

Անպտղության հաղթահարման ծրագիրը, որը Հայաստանում սկսել էին իրականացնել 2019-ից ու ընդգրկում էր միայն զոհված զինծառայողների ընտանիքներին, այս տարվանից ընդլայնվում է, ինչը նշանակում է, որ այդ ծրագրում ընդգրկվելու են նոր խմբեր: Մասնավորապես, ըստ նոր փոփոխությունների՝ ընդգրկվելու են 20-35 տարեկան տարեկան ՀՀ քաղաքացի` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք: Նրանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ: Բացի այդ, 36-42 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման (ինսեմինացիա) փորձերի հնարավորություն:

Երկրորդային անպտղության խնդիրը լուծելու հնարավորություն կտրվի սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգերին: Բայց դա այն դեպքում, երբ կինը 20-35 տարեկան է:

Անուշ Մկրտչյանը, որը նույնպես երկար պայքարից հետո է ունեցել իր բալիկներին, այժմ ֆեյսբուքյան «ԱՄԲ/ЭКО աջակցություն» խմբի միջոցով փորձում է օգնել անպտղություն ունեցող հազարավոր կանանց: Ասում է՝ մի քանի տարի առաջ խմբի անդամ կանանց թիվը հասել է շուրջ 3000-ի, սակայն նրանք լուծել են խնդիրը, ունեցել երեխաներ ու այժմ միավորվել են կանանց առողջության հետ կապվածն այլ խմբում: Սակայն 1000-ից ավելի կին այժմ սպասում է անպտղության իր խնդրի լուծմանը: Անպտղության հաղթահարման Կառավարության նոր ծրագիրը չի ոգևորել նրանց. նրանք բոլորն էլ 36 տարեկանից բարձր են ու ծրագրի շահառու չեն, թեպետ ունեն լուրջ սոցիալական խնդիրներ, և հիմնականում այդ պատճառով է, որ չեն արել արտամարմնային բեղմնավորում:

«Մեր խմբում հստակ կա 200 մարդ, որ 36 տարեկանից բարձր են, ու հենց նրանք կառավարության որոշումը ընդունելուց հետո զանգեր են արել, դիմել են նախարարություն, և պարզվել է, որ իրենք չեն կարող շահառու լինել: Սա միայն իմ խմբի վիճակագրությունն եմ ասում, պատկերացրեք՝ ինչքան մարդ էլ կարող է լինել, որ 36 տարեկանից բարձր է ու երազում էր նման ծրագրի մասին»,- «Մեդիալաբին» ասում է Անուշ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ իր կողմից համակարգվող սոցիալական խմբում կան կանայք, որոնք երկրորդային անպտղության խնդիր ունեն, բայց սահմանամերձ բնակավայրերի բնակիչ չեն: Ավելին, տարօրինակ է համարում այն, որ ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն է առաջարկվում 36-42 տարեկան կանանց, որոնց մոտ բարդացած խնդիրների հետևանքով բուժումը արդյունք չի տալիս և հենց նրանց է անհրաժեշտ ԱՄԲ անել:

«Իմ խմբում բոլոր կանայք վարկերի տակ են, որը վերցրել են կամ բուժումների համար, կամ փորձել են ԱՄԲ անել, վիժել են, կամ ԱՄԲ արել են, բայց հղիություն չի ստացվել: ԱՄԲ-ն արժի 2.2 մլն դրամ, դե պատկերացրեք՝ ինչ ծախսերի մասին է խոսքը: Մեր խմբում կա մի աղջիկ, որը Գյումրիից է, ապրում են դոմիկում՝ 15 հոգով, նպաստառու ընտանիք է, երեխա չունի ու չի էլ կարող ԱՄԲ անի, քանի որ տարիքն անցել է, և որևէ ծրագրի մեջ չի մտնում»,- ասում է Անուշը՝ ընդգծելով՝ Կառավարության նոր ծրագիրը լայն շրջանակների հարցերին լուծում չի տալիս:

Նա առաջարկում է՝ գոնե պետությունը մասնակի լուծի թիրախային խմբի հարցերը, ասենք, օրինակ՝ եթե անձը բուժումն անցել է, սաղմերը սառեցվել են, գոնե դրանց տեղադրման գումարը պետությունը ֆինանսավորի: «Առաջարկում ենք գոնե 36 տարեկանից բարձր կանանց ֆինանսավորումն արվի մասնակի, գոնե 50 տոկոսով»,-նշում է Մկրտչյանը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանն ասում է՝ տարիքին զուգահեռ արտամարմնային բեղմնավորման հավանականությունը նվազում է, և հավանաբար հենց այդ հանգամանքն էլ դրվել է որոշման հիմքում:

«Կան վիճակագրական տվյալներ, որ արտամարմնային բեղմնավորման հավանականությունը մինչև 35 տարեկանը 40-45 տոկոս է, 35-37 տարեկանում՝ 31-35 տոկոս, 38-40 տարեկանում՝ 20 տոկոս, իսկ 41-ից բարձր տարիքում ԱՄԲ-ի հավանականությունը կտրուկ նվազում է և 44 տարեկանում հասնում է 1 տոկոսի»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ որոշման թիրախային խումբն ընդլայնելու որոշումը լավ է, բայց տարիքային խմբերի նման սահմանափակումը նպատակ ունի այդ ծրագրի իրականացումն ավելի արդյունավետ դարձնել:

«Գումարներ են ծախսվում, բնականաբար, դրանք պետք է արդյունավետ ծախսվեն»,-ասում է Մարգարիտա Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե մինչև 35 տարեկանը հիմնականում բժիշկ-մասնագետները զույգերին արտամարմնային բեղմնավորման ցուցում չեն տալիս, նշանակում են երկարատև բուժումներ, և երբ դրանք անարդյունք են լինում, հետո միայն ուղղորդում են կատարել ԱՄԲ, Գրիգորյանն արձագանքում է.

«Նման բան չկա: Հիվանդների 90 տոկոսը, որ գալիս է, արդեն գիտենք, որ արտամարմնային բեղմնավորում պետք է կատարվի: Ինչքան զույգերի տարիքը մեծ է, մենք ասում ենք՝ պետք է շտապեք, ԱՄԲ արեք, որովհետև հավանականությունը տարիքի հետ նվազում է: Մարդ կարող է լինել 20 տարեկան, բայց ԱՄԲ-ի ցուցում ունենալ:

Ես բնականաբար կուզեի, որ ավելի շատ մարդկանց կարողանայինք օգնել, բայց պետք է հասկանանք, որ սա ահավոր մեծ, աննախադեպ քայլ է Հայաստանի համար, և դա միայն պետք է ողջունենք ու ծափահարենք»:

Վերարտադրողականության Fertility center կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանն ասում է՝ տարբեր տարիքում կանանց ու զույգերի մոտ խնդիրները տարբեր են: Նա ողջունում է Կառավարության ծրագիրը, իսկ դրա մասսայական կիրառումը համարում է ժամանակի հարց:

«Ես շատ ուրախ եմ, որ ծրագրի շահառուների խումբը ընդլայնել են, այսինքն՝ շատ մարդիկ կարող են դիմել արտամարմնային բեղմնավորման, բայց նաև պետք է նշեմ, որ 36 տարեկանից բարձր կանայք ևս այս ծրագրի տակ ընդգրկվելու իրավունք ունեն: Նրանք ևս շատ խնդիրներ ունեն: Հուսով ենք, որ մոտ ապագայում ավելի մեծ տարիքի կանանց դեպքում ևս այս ծրագիրը կկիրառվի: Հատկապես մեծ է երկրորդային անպտղության խնդիրը, որը նույնպես պետք է հաշվի առնել ծրագիրն ընդլայնելիս»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հռիփսիմե Գրիգորյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am