«Իշխանությունները պարտավոր են փոխել բանակը, որ մենք չունենանք այդքան զոհեր»․ Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, Հայոց բանակի 31-ամյակն է։ Օրվա խորհրդի մասին ի՞նչ կասեք։ Վերջին տարիների դեպքերից հետո իրարամերժ կարծիքներ են հնչում այս օրը նշել- չնշելու վերաբերյալ։ Պե՞տք է նշել ու շնորհավորել այս օրը։

– Միշտ պետք է շնորհավորել բանակին։ Բանակին, որտեղ մեր հայրենակիցներն են ծառայում, բանակը մեր անվտանգության երաշխավորն է, մեր ապահովությունն է, ու ես շատ եմ ցավում, որ այսպիսի ողբերգական դեպքերը փոխում են վերաբերմունքը բանակի նկատմամբ, բայց պետք է փոխեն վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ, և հանրությունը պետք է պահանջի վերջիններից փոխել բանակը, պետք է պահանջի ամեն գնով։

Նրանք պարտավոր են փոխել բանակը, որ մենք չունենանք այդքան զոհեր․ պատերազմական իրավիճակում մարդիկ դեռ բացատրություն գտնում են, բայց ոչ պատերազմական վիճակում զոհ ունենալն աններելի է, չպետք է ներել իշխանություններին այսպիսի դեպքերի համար ու չպետք է մոռանան, պետք է համառորեն ու հետևողականորեն պահանջեն։

Բանակը բաղկացած է մեր քաղաքացիներից ու նրանցից յուրաքանչյուրի առաջ օրվա իշխանությունը պատասխանատվություն ունի ու գլխով է պատասխանատու ամեն մի զինվորի համար։ Մարդկային կյանքերի նկատմամբ այս անպատասխանատվությունը, որը ձգվել է անկախության հռչակումից մինչ օրս, ու անպատիժ են մնացել իշխանությունները՝ զինվորի անվտանգությունը չապահովելու համար։ Հանրությունը պետք է գիտակցի սա ու մինչև վերջ պետք է պայքարի, պահանջի պատժել պատասխանատուներին։

– Պետական մակարդակով օրվան նվիրված միջոցառումներ չանցկացնելուն, այս օրը չնշելուն ինչպե՞ս եք վերաբերվում։ Միայն «Եռաբլուր» պանթեոն այցելելը բավարա՞ր է։

– Այս ողբերգությունից հետո նախ պետք էր սգո օր հայտարարել՝ նվազագույնը երեք օր։ Ի՞նչ երեսով պետք է Բանակի օր նշի այս իշխանությունը, պետք է գլուխները խոնարհեն, գնան այդ ընտանիքներից յուրաքանչյուրի կողքը կանգնեն։ Այդ զոհերի ընտանիքների կողքին լինելը կլինի ավելի բարձր արարք։

Այդ դաժան պայմաններում ու իրենց թողտվությամբ զոհված զինվորների դեպքից հետո ինչպե՞ս պետք է նշեին Բանակի օրը։ Կարիք չկար նշելու, ես ասում եմ՝ եթե գնային, կանգնեին այդ ընտանիքների կողքին՝ դրանից ավելի լավ Բանակի օր նշել ես չեմ պատկերացնում։

– Տիկի՛ն Ալեքսանյան, թեզերը, որ պարբերաբար լսում ենք, թե «մենք 30 տարի բանակ չենք ունեցել», որքանո՞վ է ճիշտ շրջանառելը։

– Բանակ ունեցել ենք, բայց այդ բանակը այն բանակը չի եղել, որ պետք է իսկապես պահպանի Հայաստանի անվտանգությունը, եթե ինքը կայացած բանակ լիներ՝ մենք այդքան զոհեր չէինք տա, հավանաբար սա նկատի ունեն շրջանառողները։ Եթե մտածեին ամեն մի զինվորի մասին, մտածեին, որ իրենք են պատասխանատու ամեն մի զինվորի համար, ապա կստեղծեին մարդակենտրոն բանակ։ Մարդակենտրոն բանակ է մեզ պետք ունենալ, որտեղ մարդն արժեք է, առաջնայինը հենց մարդկային կյանքն է, սրանից հետո նոր պետք է ստեղծեն մնացած պայմանները։ Այս գաղափարի շուրջ պետք է ստեղծվի ու զարգանա բանակը։

– Այս իշխանությունը որ ասում է՝ «30 տարի բանակ չենք ունեցել», հիմա ձեր ասած գաղափարի շո՞ւրջ են կառուցում բանակը։

– Չէ՛, այս իշխանությունը ոչ մի բան չի անում։ Իր իշխանության գալուց մինչև այս պահը ոչինչ չի արել, ինքը շարունակել է նախկինների գործը, դեռ մի բան էլ՝ ավելի փնթի ձևով։ Երբ մենք մանրամասներ ենք իմանում այս վերջին ողբերգական դեպքից, որ զինվորները տաշտի մեջ էին լողանում, որ ջուր չունեին, լույս չունեին, գազ չունեին, էլ ի՞նչ բարեփոխման մասին իրավունք ունեն խոսելու։ 15 կյանք է զոհ գնացել, 15 ընտանիք է որբացել, բոլորն էլ հիմնականում տան միակ արու զավակներ էին։ Այնպես որ, թող լռեն ու գործ անեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am