Քաղհասարակության շատ փոքր ազդեցությունը հնարավորություն է տալիս  իշխանություններին արհամարհել եղած ՀԿ-ներին. Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ դեմ են քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագծին, ինչը զանգվածային անկարգություններ էր հրահրել երկրում։ Վրաստանում այս օրերին տեղի ունեցողն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Օրինագիծն ի սկզբանե հանդիպեց հասարակության լայն շերտերի դիմադրությանը, որը պայմանավորված էր ոչ այնքան օրինագծի բովանդակությամբ, թեև այդ գործոնն էլ կար, այլ նրանով, որ Արևմուտքից հստակ ազդակներ հնչեցին, որ նման օրենքի ընդունումը նվազեցնում է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի շանսերը, իսկ այդ հարցում, որքան հասկանում եմ, Վրաստանի հասարակությունն ունի բավականին լայն կոնսենսուս, որ դա կարևորագույն արտաքին քաղաքական խնդիր է Վրաստանի համար՝ հետ չմնալ Մոլդովայից և Ուկրաինայից, երբ անցած տարի այս երկու երկիրը ստացավ թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի համար դրվեցին լրացուցիչ պայմաններ։ Նման օրենքի ընդունումը կնշանակեր, որ Վրաստանը պատրաստ չէր այդ պայմանները կատարելուն։ 

– Այսինքն՝ մեծ ազդեցություն ունեցավ Արևմուտքի՞ ճնշումը։

– Իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի նման գնահատականն առաջացրեց նաև այն խռովությունը հասարակության կողմից, որին մենք ականատես եղանք, քանի որ նրանք միանշանակ կողմնակից են Վրաստանի հետագա եվրաինտեգրման գործընթացին, իսկ այս քայլով իշխանություններն ուղղակի հետ էին կանգնելու այդ ճանապարհից։ 

– Ռուսաստանի հասցեին էին հնչում նաև մեղադրանքներ ցուցարարների կողմից, պարո՛ն Նավասարդյան, չնայած Պեսկովը հերքել է Մոսկվայի առնչությունն այդ ամենին, բայց, ձեր դիտարկմամբ՝ Ռուսաստանն ի՞նչ դերակատարում է ունեցել այս ամենում։

– Հաշվի առնելով այն, որ, փորձագետների համոզմամբ, Ռուսաստանում համարյա նույնությամբ գործող օրենքն է առաջ բերվել՝ որպես օրինագիծ Վրաստանում, բնականաբար առաջացրեց հիմնավոր կասկածներ, որ օրինագիծը նախ շրջանառության մեջ մտավ Ռուսաստանի դրդմամբ, երկրորդ՝ օրինագծի ընդունումը կնշանակեր, որ Վրաստանը շարունակում է իր արտաքին քաղաքական առաջնահերթություններում գնալ դեպի Ռուսաստանի կողմ։

– Վրաստանում կատարվող դեպքերը շատերը համեմատեցին 2018-ին Հայաստանում տեղի ունեցողի հետ, դուք տեսա՞ք այդ նմանությունը։

– Նույնիսկ եթե դրդապատճառները տարբեր էին, այնուամենայնիվ, եթե Վրաստանի իշխանությունը հետ չկանգներ իր որոշումից, չի բացառվում, որ մենք Վրաստանում տեսնեինք նույն զարգացումները, ինչ եղան Հայաստանում 18-ին, այսինքն՝ հասարակությունը մերժում էր իշխանությունների կողմից արվող շատ կոնկրետ քայլ, բայց այդ քայլը նշանակում էր նաև, որ հասարակությունն ընդհանրապես մերժում է այն քաղաքականությունը, որն իրականացնում են Վրաստանի օրվա իշխանությունները։ 

– Օրենքի նախագծին դեմ քվեարկելը, այդ բողոքի ակցիաները կարո՞ղ ենք Վրաստանի քաղհասարակության ձեռքբերում կամ հաղթանակ համարել, թե՞ ոչ։

– Որոշ չափով՝ այո՛, բայց նաև պետք է ընդունենք, որ այդ բողոքների կազմակերպիչների մեջ կար նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությունը, միգուցե քաղաքացիական հասարակությունը միայնակ դժվարանար նման մասշտաբի բողոք կազմակերպել, բայց առավել կարևոր է այն, որ քաղաքացիները, որոնք գուցե կապ չունեն որևէ հասարակական կազմակերպության հետ, բայց հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ նախագծի ընդունումը, հենց իրենց նախաձեռնությամբ միանում էին ցույցերին՝ առանց որևէ կողմին աջակցելու։ 

– Պարո՛ն Նավասարդյան, եթե համեմատելու լինենք Հայաստանի քաղհասարակությունը նույն Վրաստանի քաղհասարակության հետ, ի՞նչ կարող եք ասել։ Հայաստանում քաղհասարակությունը 2018-ից առա՞ջ, թե՞ հետո էր ավելի կենսունակ, եթե նկատի ունենանք նաև այն, որ 18-ից հետո քաղհասարակության նկատմամբ եղան ճնշումներ, ՀԿ-ների մասով օրենք ընդունվեց նաև։

– Կարծում եմ, որ և՛ մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունը, և՛ դրանից հետո Հայաստանի քաղհասարակությունը բավականին լուրջ ճգնաժամային պահեր է ապրել, ու հեղափոխությամբ այդ ճգնաժամը չավարտվեց, հաշվի առնելով, որ առանձին դեպքերում քաղհասարակությունը կամ հասարակական կազմակերպությունները որոշակի խանգարող հանգամանք են դառնում նաև ներկա իշխանությունների համար՝ իրենց պլաններն իրականացնելու առումով: 

Այո՛, փորձեր կան մի կողմից սահմանափակել այդ ՀԿ-ների ազդեցությունը, իսկ մյուս կողմից, հաշվի առնելով, որ, ցավոք սրտի, այսօր մեր քաղաքացիական հասարակությունը շատ փոքր ազդեցություն ունի հասարակական-քաղաքական զարգացումների վրա, ինչն էլ իշխանություններին հնարավորություն է տալիս արհամարհել եղած ՀԿ-ներին։ Իսկ սա իմ նշած ճգնաժամի խորացման դրսևորումներից մեկն է։ 

– Իսկ Հայաստանում այսօր քաղհասարակությունը միասնակա՞ն է։

– Ո՛չ, կարծում եմ, որ Հայաստանում բավականին ֆրագմենտացված է քաղհասարակությունը։ Քաղաքացիական հասարակությունը նոր երևույթ չէ, ինչպես նշեցի, մինչև հեղափոխությունն էլ այդպիսի միտումներ կային, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքով։

Սա և՛ մրցակցությունն է դոնորների լավ վերաբերմունքին արժանանալու նպատակով, և՛ քաղաքական տարբեր առաջնահերթություններն են, որովհետև եթե մինչև 2018-ը կարելի էր ասել, որ իշխանությանը լոյալ ՀԿ-ները հիմնականում արհեստականորեն էին ձևավորվում, ապա այսօր քաղաքական իրավիճակի վերաբերյալ այդ հակասություններն ու տարբեր գնահատականները Հայաստանում բնական երևույթ են, ու, այո՛, ՀԿ-ներում կան տարբեր թևեր, որոնք տարբեր կերպ են գնահատում իշխանությունների աշխատանքն ու բարեփոխումների իրականացումը և առանձին պաշտոնյաների վարքագիծը, իսկ դա, բնականաբար, առաջացնում է մի վիճակ, երբ համագործակցությունն ու համախմբումը դժվարացած են, ու կան նույնիսկ բավականին խոր հակասություններ պրակտիկ գործունեության մեջ։ 

Բացի այս, իհարկե նաև որոշակի ազդեցություն կա տարբեր միջազգային խաղացողներից, մենք գիտենք, որ Հայաստանում մի կողմից շարունակում են աշխատել արևմտյան դոնոր կազմակերպությունները, մյուս կողմից՝ փափուկ ուժի կիրառման հարցում բավականին ակտիվացել է Ռուսաստանը, ու, բնականաբար, սա նույնպես գործոն է, որը պառակտում է Հայաստանում տարբեր ոլորտներ՝ անդրադառնալով նաև քաղհասարակության վրա։ 

– Այսինքն՝ Հայաստանում քաղհասարակությունը ազդեցություն չունի՞ իշխանության այս կամ այն որոշման ու գործողությունների վրա։

– Շատ փոքր ազդեցություն ունի, ինչը պայմանավորված է և նրանով, որ իշխանությունը կարող է քիչ թե շատ համագործակցել միայն լոյալ ՀԿ-ների հետ ու բավարարվել դրանով, իսկ մյուսների հետ վիճելու կամ տարբեր մոտեցումներ ունենալու խնդիր չի առաջանում, իսկ մնացածին, որոնք մնում են հավատարիմ իրենց սկզբունքներին ու քննադատաբար են վերաբերվում իշխանություններին ու նրանց գործունեությանը, կարելի է արհամարհել, որովհետև նրանց ազդեցությունը հասարակական կարծիքի վրա խիստ սահմանափակ է։

– Ազդեցություն ունեցող քաղհասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ այս կառույցների ներկայացուցիչները միասնականությո՞ւն դրսևորեն, պարո՛ն Նավասարդյան։

– Գոնե սկզբունքային հարցերում՝ այո՛, պետք է լինեն համախմբվածություն ու միևնույն ռազմավարությունը։ Օրինակ՝ իրավապաշտպանները չեն կարող տարբեր գնահատականներ տալ մարդու իրավունքների խախտումներին, որոնք առկա են: Եթե գնահատականները տարբեր են, իսկ մեր իրականությունում այդպես է, սա, բնականաբար, խանգարում է համախմբմանը ու նվազեցնում այդ կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am