Արդյոք արդարացի՞ էր անպատրաստ քաղաքացիներին կանչել մարտական գործողությունների. Փաստաբանը՝ դասալքության եւ թվերի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, դատախազությունից տեղեկացրել են, որ դասալքության համար մեղադրանք է առաջադրվել 756 անձի։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե 44-օրյայի ժամանակ Հայաստանն ունեցել է 11 հազար դասալիք, ու նույն թիվը երկու շաբաթ անց կրկնեց վարչապետի տիկինը։ Դասալիք՝ որպես այդպիսին, ովքե՞ր են համարվում։

– Թե՛ նախորդ, թե՛ ներկա Քրեական օրենսգրքով առկա է դասալքության համար նախատեսվող քրեական պատասխանատվություն, համաձայն որի՝ դասալքություն է համարվում օրենքով արգելված այն արարքը, երբ զինծառայողը զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով այլևս չի ներկայանում զինվորական ծառայության վայր, ու դրա առանձին պարամետրերը կան՝ դասալքությունը պատերազմի ընթացքում, ռազմական դրության ընթացքում, զենքով և առանց զենքի։ Այսինքն՝ դասալքությունը դասվում է քրեական օրենքով արգելված արարքների շարքին, ընդ որում՝ անհրաժեշտ է ընդգծել, որ համարվում է ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն։ 

– Պահեստազորայինները և՞ս համարվում են դասալիքներ, եթե նման գործողություն են իրականացնում։

– Այո՛, երբ պահեստազորայինները զորակոչվել են զինվորական ծառայության, այդ թվում նաև՝ ռազմական դրության ժամանակ են զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվել, բնականաբար, նրանք հավասարեցվել են զինծառայողների կարգավիճակին և ամբողջությամբ հանդիսանում են հանցագործության սուբյեկտ։

– Իսկ եթե ստանում են ծանուցում, բայց զինկոմիսարիատ չեն ներկայանում, սա և՞ս համարվում է դասալքության ձև։

– Չէ՛, դա դասալքություն չէ, դա նշանակում է վարժական հավաքներից խուսափել, դասալքությունը զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու հանգամանքն է, իսկ դեռևս չզորակոչված զինծառայողը՝ պահեստազորում գտնվող անձը, ոչ թե դասալքության, այլ՝ վարժական հավաքներին չներկայանալու կամ զինվորական ծառայությունից խուսափելու համար է ենթարկվելու քրեական պատասխանատվության։

– Պարո՛ն Նորիկյան, իսկ դատախազության հրապարակած թվի մասով ի՞նչ կարող եք ասել, ընդհանուր առմամբ։

– Այս հարցը վերջին ժամանակահատվածում շատ է շահարկվում, մանավանդ որ հրապարակվեց այդ 11 հազար թիվը: Ես ձեզ մի բան ասեմ․ նախ՝ զինված ուժեր զորակոչվելու գործընթացը շատ քիչ է կամավորական սկզբունքով լինում, իհարկե դա պետական հարկադրանքի ուժով է լինում։ 

Չգիտեմ՝ դուք հիշում եք, թե չէ, բայց առաջին պատերազմի ժամանակ հայտնի էր «աբլավ (облава) կոչվող գործողությունը, երբ ավտոբուսներով մտնում էին գյուղեր, քաղաքներ, փողոցներում կանգնում էին ու քաղաքացիներին հարկադրաբար տանում էին մարտական հերթապահության։ Եվ հետո՝ այդ թվերով պետք չէ ո՛չ վախեցնել, ո՛չ գնահատական տալ, թե մեր ժողովուրդը փախել է, չի ցանկացել կռվել։ 

Աշխարհի ոչ մի ժողովուրդ էլ հաճույքով չի գնում պատերազմ։ Ես չեմ կարող ասել՝ այդ 756-ը մե՞ծ թիվ է, թե՞ չէ, իհարկե լավ կլիներ, որ մեկ հոգի էլ չլիներ, բայց մենք պետք է հասկանանք ընդհանուր իրավիճակը, տրամադրվածությունը և հետո՝ քրեական պատասխանատվության ներգործությունը, այդ 756-ից քանի՛սն են պատասխանատվության ենթարկվելու, պատասխանատվության ինստիտուտը գործո՞ւմ է, թե՞ չի գործում։ 

– Իսկ այս թվերի հրապարակումը մեզ ի՞նչ է տալիս։

– Ես չգիտեմ՝ այդ թվերի հրապարակումն ի՛նչ նպատակ է հետապնդում, ես չեմ կարող դա բացատրել։ Իսկ իրենք հաշվարկե՞լ են՝ կամավորների թիվն ինչքան է եղել, հիշեք պատերազմի առաջին օրերին, երբ մարդիկ հազարներով կամավոր ներկայանում էին զինկոմիսարիատներ ու պատրաստակամություն էին հայտնում գնալ զինվորական ծառայության։ 

Ավելի խորքային բան ասեմ. մենք դեռ պետք է պատասխանենք հետևյալ հարցին, թե արդյոք ճիշտ ու արդարացի՞ էր անպատրաստ քաղաքացիներին կանչել մարտական գործողությունների: Հազարավոր մարդիկ, որոնք գտնվել են պահեստազորում, իրենց զինվորական ծառայությունից արձակվելուց հետո երբեք վարժական հավաքների չեն կանչվել, վերապատրաստում չեն անցել, հետևաբար անպատրաստ քաղաքացիներին կանչել ու տանել պատերազմական գործողությունների թատերաբեմ ու ոմանց հրաժարվելու պարագայում էլ դասալքության մեղադրանք կախել նրանց վզից՝ որքանո՞վ է արդարացված։ Պետք է նախ պատասխան տրվի՝ արդյոք ճի՞շտ գործընթաց է կազմակերպվել պատերազմի ժամանակ, թե՞ ոչ։

– Դասալքության մասով՝ պետությունն իր մեղքի բաժինն ունի՞, թե՞ ոչ։

– Իհարկե ունի, պետությունը՝ որպես գործիք, ինստիտուտ, ի՞նչ է իրականացրել այս տարիների ընթացքում՝ քարոզչության, հայրենասիրության, պատերազմի պատրաստության գործընթացում, պահեստազորում գտնվող կոնտինգենտի վերապատրաստման համար։ Ընդհանրապես, մեր պարտության պատճառներից մեկն էլ մեր պահեստազորայինների ջախջախված լինելն է եղել, մենք պահեստազորում ընդամենը հաշվառում ենք իրականացրել, իսկ պահեստազորում գտնվող կոնտինգենտի հետ պետությունը տասնյակ տարիներ շարունակ չի աշխատել։ 

Դասալքությունը, ընդհանուր առմամբ, հետևանք է պետության ռազմավարական գործունեության բացակայության, մենք մեր ժողովրդին չենք քարոզել, կրթել ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, հայրենապաշտպանության գաղափարաբանությամբ, ինչի՞ մասին է խոսքը։ Փոխարենը հիմա պատժում են, ես չեմ ասում, որ պատասխանատվության ինստիտուտը չպետք է գործի, բայց պետությունը պետք է իր խրախուսական, քարոզչական, կրթական, ուսուցողական պարտավորություններն իրականացնի։

– Պատասխանատվության ենթարկելու մասով թերահավա՞տ եք։

– Խիստ վերապահում ունեմ Հայաստանում իրականացվող պատասխանատվության գործընթացի նկատմամբ, բայց նաև միտում եմ տեսնում քավության նոխազներ որոնելու և ամբողջ մեղքը, պարտության պատճառները նրանց գլխին կոտրելու։ 

Մենք պետք է իրական մեղավորների պատասխանատվության խնդիրը լուծենք, օրինակ՝ հիմա պաշտպանության բանակի նախկին հրամանատար կա՝ Միքայել Արզումանյան, եթե դատարանով հիմնավորվի նրա մեղքը, ես հեռու եմ այն մտքից, որ Շուշին ադրբեջանցիներին հանձնելու կամ Շուշին դավադրաբար, դավաճանաբար թողնելու գործընթացում կարող է մեկ անձի, ընդհուպ՝ ՊԲ հրամանատարի մեղքը լինել: Այդտեղ շատ լուրջ շղթա է, ու պատասխանատվությունը պետք է տարածվի բոլորի, ոչ թե մեկի վրա։ Այսինքն՝ եթե մենք իսկապես արդարադատություն ենք իրականացնում, ապա դրանից չպետք է խուսափի ոչ ոք՝ անկախ մատուցած ծառայությունից։

– Պարո՛ն Նորիկյան, կարծում եք, որ դասալքության մասին այսքան խոսելը, պաշտոնական թվերից հեռու թվեր հրապարակելը քավության նոխազ գտնելու նպատա՞կ է հետապնդում։

– Չեմ կարող ասել, ես «քավության նոխազ» արտահայտությունը հրամանատարական կազմի առումով շեշտեցի, իսկ դասալքության թվերի առումով նախ պետք է հասկանալ, թե ինչի՛ հիման վրա են նման թվեր հնչեցվում: Բնականաբար, պաշտոնական ու ոչ պաշտոնական թվերը շատ տարբեր են, բայց պետք է հասկանալ, թե այդ մարդիկ կոնկրետ ի՞նչ հանցագործության համար են մեղադրվում, այդ թվերն իսկապե՞ս համապատասխանում են իրականությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am