Մեր կողքին ապրող մարդիկ. Մոնիկան

Մոնիկան (Լուսանկարը՝ MediaLab.am)

Լատինամերիկյան պարերի մասնագետ կոլումբացի Մոնիկա Կոնդեն Հայաստանում է ապրում արդեն ութ տարի: Ինչպես շատ օտարերկրացիներ, որոնց հետ զրուցում եմ, նա էլ չի պլանավորել մեր երկրում մեկ տարուց ավելի մնալ, սակայն կա՛մ այս երկիրը հատուկ ձգողականություն ունի, կա՛մ գաղտնի մի հմայք, որով տարվում են օտարազգիները, ու Հայաստանը դարձնում իրենց տունը՝ հաճախ չտիրապետելով անգամ մեր լեզվին: 

Մոնիկային հանդիպեցի իր պարի ստուդիայում, որտեղ ոչ միայն պարել են սովորում, այլ նաև հավաքույթներ են կազմակերպում հիմնականում հենց ստուդիայի սաների համար: Պարուհու կեցվածքը նրան «չլքեց» ողջ զրույցի ընթացքում: Նա «սոցիալական պարերի» մասնագետ է, այսինքն՝ ոչ թե ակադեմիական կրթություն է տալիս, այլ սովորեցնում է մարդկանց տիրապետել տվյալ պարաձևին սիրողական մակարդակում: 

– Իհարկե, սկիզբը ակադեմիական է, բայց իմ ստուդիայում հայտնվելու իմաստը ոչ թե բեմում պարելն է, այլ պարաձևին տիրապետելը: 

Իր պարի ստուդիա հաճախում են հիմնականում երիտասարդներ, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչներ դեռ չկան: Ի տարբերություն Կոլումբիայի, որտեղ պարում են բառացիորեն բոլորը, և պարը վաղուց դարձել է կենցաղի մի մաս, Հայաստանում այնքան էլ այդպես չէ: Կոլումբիայում մարդիկ հանդիպում են միմյանց պարելու համար, անգամ զգացմունքներն արտահայտում են պարի միջոցով: 

Ես երբեք Կոլումբիայում չեմ եղել ու հաստատ ունեմ իմ կարծրատիպերը՝ կապված այս երկրի հետ: Ես ճանաչում եմ երկու ամենահայտնի կոլումբացիներին՝ Շակիրային և Սոֆիա Վերգարային, իսկ մնացածը ֆիլմերից գոյացած կարծրատիպեր են, որոնց մասին չէի ուզենա խոսել: Իսկ ինչպե՞ս է բնութագրում Մոնիկան իր երկիրը. 

– Բազմազան, ջերմ ու հեռու, շա՜տ հեռու այստեղից: Երբ ասում եմ՝ բազմազան, ի նկատի չունեմ ազգային պատկանելությունը, այլ այն, որ մենք՝ կոլումբացիներս, բավական տարբերվում ենք իրարից մեր շրջանին բնորոշ վարքուբարքով, մտածելակերպով, հաճախ՝ մաշկի գույնով, անգամ՝ խոհանոցով: 

Հայաստանը փոքր երկիր է, բայց այն ևս կարելի է բազմաշերտ անվանել, որովհետև մարզից մարզ փոխվում են ոչ միայն լանդշաֆտը, այլ նաև մարդկանց կենցաղի կազմակերպման ձևը, նրանց խոհանոցը: Այս երկիրը, սակայն, մի յուրահատկություն էլ ունի՝ իր անուշ բարբառները, որ մեկը մյուսից հաճախ այնքան են տարբերվում, որ թվում է, թե մի քանի «Հայաստաններ» կան մեկ Հայաստանի մեջ: 

– Չհարցնես իմ հայերենի մասին,- գլուխը կախելով ու շիկնած ասում է Մոնիկան,- գիտեմ, որ ենթադրում ես, թե ես ութ տարում ինչպես եմ հայերեն սովորել: Տաքսիներից կարող եմ օգտվել, ավելին՝ չէ, չի ստացվում: Չես հավատա, բայց ինձ համար տառապանք է, երբ բառի մեջ կա երկու «ղ» կամ ամենավատը՝ «խ» և «ղ»: 

– Կարո՞ղ ես ասել, օրինակ, ղողանջ:

– ՂոԳանջ,- հազիվհազ արտաբերում է Մոնիկան ու նայում ինձ՝ հուսալով, որ ճիշտ է ասել բառը: 

Մինչև Հայաստան տեղափոխվելը երկու տարուց ավելի ապրել է Ռուսաստանում: Այնտեղ ևս պար էր դասավանդում, մեկնել էր մի կամավորական ծրագրով, այնուհետև գնացել Եգիպտոս, հետո նորից՝ Ռուսաստան, որտեղ նրան հանդիպող մարդիկ միշտ հարցնում էին՝ հա՞յ ես: Հենց այդ ժամանակ որոշել էր պարզել, իսկ ո՞վ է հայը, որի հետ այնքան շփոթում են իրեն: 

– Ես Հայաստան եկա, որ ծանոթանամ այս երկրին, հետո առաջարկ ստացա հենց Հայաստանից ու մտածեցի՝ լավ, մի տարի կմնամ, հետո կգնամ: Ութ տարի անց ես դեռ այստեղ եմ ու հեռանալու մտադրություն չունեմ: 

Հետաքրքրական է, որ Կոլումբիան ու Հայաստանը բավական հեռու են միմյանից՝ իրար նման լինելու համար: Բայց Մոնիկան ասում է, որ մշակութային, սոցիալական հստակ տարրեր կան, որ միավորում են երկու երկրներին: Կոլումբացիները ևս շատ ընտանիքասեր են, ջերմ ու հյուրընկալ, ինչպես հայերը: Մի տարբերություն կա, որ չափազանց ակնհայտ է. 

– Եթե հայերը հավաքույթներ սիրում են համեղ ուտելու համար, ապա կոլումբացիները հավաքվում են պարելու համար: Չնայած Հայաստանում ուտելիքն այնքան համեղ է, որ ես երևի այստեղ ապրում եմ միայն պարելու և ուտելու համար: 

Մոնիկան նկատել է, որ մենք՝ հայերս, ամեն բան արտահայտում ենք ուտելիքի միջոցով: Եթե ուզում ենք ցույց տալ, որ երեխային սիրում ենք, նրանք կոնֆետ ենք տալիս, եթե հյուր ենք ընդունում և ուզում ենք ընդգծել նրա նկատմամբ մեր հարգանքն ու սերը, սեղան ենք գցում նրա առջև, որը նախատեսված է ոչ թե մեկ, այլ՝ հարյուր հոգու համար: 

– Ես սիրում եմ Հայաստանի բանջարեղենը, այն արևի ու սիրո համ ունի: Արևը սնում է հողն ու ջուրը, իսկ մարդը սեր է տալիս իր ստեղծածին, դրա համար այն այսքան հարուստ համ ունի: 

Մոնիկային հարցնում եմ, թե արդյոք գիտի՞ պարել հայկական ավանդական պարեր, ու պարզվում է, որ սա մեր հարցազրույցի ամենազավեշտալի մասն է: Մի որոշ ժամանակ նա երկրի մշակույթը առավել լավ հասկանալու համար ոչ միայն սկսեց ճամփորդել Հայաստանով, այլ նաև հաճախել պարի դասերի: Չէր մտածում, որ ամեն ինչ այդքան բարդ կլինի հատկապես պարուհու համար: 

– Ուսուցիչս ասում էր՝ Մոնիկա՛, բավական է կոնքդ շարժես, սա հայկական պար է, այստեղ նազանք է պետք, ոչ թե կրքոտություն: Ոչ մի կերպ չէր ստացվում, ես սովորույթի համաձայն ձեռքերի շարժմանը զուգահեռ կոնքս էի շարժում: 

Մոնիկան գտնում է, որ մեր երկիրը հնարավորությունների վայր է, պարզապես լիքը բաներ կան, որ դեռևս չեն արված: Անգամ պատերազմի ժամանակ է այդպես մտածել. 

– Երբեք Հայաստանում ինձ անապահով չեմ զգացել: Սա շատ հետաքրքիր զգացողություն է, որովհետև պատերազմի ժամանակ մերոնք զանգում էին, ասում էին, որ փոքրիկ հեռուստատեսային անդրադարձներ են տեսել իրավիճակի մասին: Այդ ժամանակ էլ ապահովության զգացում ունեի, մի տեսակ տանն էի, երևի դա պատճառը: 

Պատերազմի ժամանակ նա հասկացավ, որ հենց այդ երևույթը հայերի համար համախմբված լինելու հնարավորություն է: Պատերազմի ժամանակ նրա հետ էր նաև քույրը, որը վեց տարի ապրել է Հայաստանում ու աշխատում էր ՏՏ ոլորտում: Քույրն էլ եկել էր Հայաստան Մոնիկային տեսնելու համար, սակայն աշխատանքի առաջարկ էր ստացել ու որոշել մնալ: Այս տարի տեղափոխվել է այլ երկիր: 

– Երբեմն ինքս ինձ ասում եմ՝ Մոնիկա՛, դու այստեղից գնացող չես, ավելի լավ է տուն գնելու մասին մտածես: Ես չեմ մտածում Հայաստանից հեռանալու մասին, ու գուցե ժամանակն է մտածել տան մասին: 

Երբեմն նրան զարմացնում է հայերի մեգահյուրասիրությունը, երբեմն զարմանում է, որ մարդիկ անկեղծորեն հետաքրքվում են իր կյանքով. 

– Ամուսնացած չե՞ս, ինչի՞, պիտի երեխաներ ունենալ, ես լավ տղա ունեմ… Հա, նման բաներ շատ են լինում, բայց գիտե՞ս, երբեք չեմ մտածել, որ, վա՜յ, իմ անձնական տարածք են մտնում: Ծիծաղել ենք ու անցել առաջ: 

Միակ բանը, որ կարող է նրան նյարդայնացնել, այն է, որ երբեմն մարդիկ, իմանալով, որ Կոլումբիայից է, սկսում են թմրամիջոցների հետ կապված կատակներ անել, որ նրան բնավ հաճելի չէ լսելը: 

– Էլի չեմ նեղանում, որովհետև մտածում եմ, որ ինֆորմացիայի պակասից է: Շատ կոլումբացիների համար սա այնքան ցավոտ ու երկար շրջան է, որ նրանք դյուրագրգիռ են այս թեմայի հետ կապված: 

Երբ հարցնում եմ՝ ինչպե՞ս կնկարագրի Հայաստանը, պատասխանում է, որ սա մի երկիր է, որտեղ երբեք չես կարող մենակ մնալ: Ու ապրելով օտար երկրում մենակ, առանց ընտանիքի՝ Մոնիկան Հայաստանը համարում է մի վայր, որտեղ մարդը մարդուն երբեք միայնակ չի թողնում: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am