«Միանշանակ դա հայկական եկեղեցի է, հազար ու մի փաստեր կան». Ըստ պատմաբանի՝ Դիմիտրովում ասորիները չպիտի հավակնություններ ունենան

«Միանշանակ դա հայկական եկեղեցի է, հազար ու մի փաստեր կան». Ըստ պատմաբանի՝ Դիմիտրովում ասորիները չպիտի հավակնություններ ունենան
«Միանշանակ դա հայկական եկեղեցի է, հազար ու մի փաստեր կան». Ըստ պատմաբանի՝ Դիմիտրովում ասորիները չպիտի հավակնություններ ունենան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, վերջին օրերին վեճ է ծավալվել Դիմիտրով գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շուրջ։ Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակ է գրել վարչապետին ու կաթողիկոսին՝ պնդելով, թե դա ասորական եկեղեցի է, որը զավթվել է հայ հոգևորականի կողմից։ Ի՞նչ են ցույց տալիս փաստերը, դուք ի՞նչ տեղեկություն ունեք։

– Միանշանակ դա հայկական եկեղեցի է, հազար ու մի փաստեր կան։

– Իսկ ինչպե՞ս է եղել, որ այն ասորական համայնքին է սպասարկել, և այսօր նման վեճ է առաջացել։ 

– Մինչև 1970-ական թվականները դա պահեստ է եղել, բամբակ են պահել։ Դրանից հետո ասորի մի կին հոգատար վերաբերմունք է ցուցաբերել։ Սրբապատկերներ է բերել Ռուսաստանից, դրանցից մի քանիսը եկեղեցում էին, տեսանք, հին սլավոնական գրերով սրբապատկերներ էին։

Վերջին տասնամյակներում եկեղեցու լավ վիճակը պահպանվել է շնորհիվ այդ կնոջ հոգատարության։ Իսկ նվիրատվություններ արել են թե՛ ասորի, թե՛ հայ գյուղաբնակները, բայց ղեկավարն այդ կինն է եղել՝ ազգությամբ ասորի։ Ասորիները վերջին տասնամյակում մի տեսակ հարազատացել են այդ եկեղեցու հետ։ Դա լավ է, վատ չէ, բայց չի նշանակում, որ կարող են եկեղեցու նկատմամբ հավակնություններ ցուցաբերել։ Նրանց վերաբերմունքի համար իրենց շնորհակալություն ու երախտագիտություն է հասնում, բայց ոչ եկեղեցին։

Եկեղեցին ունի թե՛ շինարարական արձանագրություն՝ 1863 թվական, և թե՛ նորոգության՝ 1910 թվական։ Հենց 1863 թվականի շինարարական արձանագրության մեջ նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին անվամբ, որը հետագայում տարբեր փաստաթղթերում անընդհատ նույն անվամբ նշվում է։ Ընդ որում, հետաքրքիր է, որ 1910 թվականին, երբ եկեղեցին նորոգվել է, չի վերանվանվել։ Շատ եկեղեցիներ կան, որ անգամ օծման ժամանակ անվանափոխվում են, նոր անունով են կոչվում, այստեղ նույնն է մնացել։

Իսկ ինչ վերաբերում է հայկական նշաններին, ամեն ինչ կար՝ հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանը, բարձր բեմը, որը ասորական եկեղեցին չունի։ Ասորական եկեղեցին ունի իկոնոստաս, որը այստեղ չկա։ Իկոնոստասը փայտից կամ քարից կառույց է, որը խորանի հատվածը բաժանում է հաղորդասրահից։

Դա բնորոշ է ուղղափառ եկեղեցիներին, իսկ սա առաքելական եկեղեցի է։ Եկեղեցին ունի իր խորանն ու վարագույը։ Վարագույրը առաքելական եկեղեցիներին վերաբերող դրվագ է։ Ուղղափառ եկեղեցիները վարագույր չունեն, իկոնոստասն է այդ ֆունկցիան կատարում։ Մի խոսքով՝ ամենասովորական եկեղեցի է, 19-րդ դարի երկրորդ կեսին նույնատիպ եկեղեցիներ ամեն գյուղում կառուցվել են։ Սա դրանցից մեկն է։

Դրա նման եկեղեցիներ կան ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև Արցախում ու Ջավախքում, քարաշեն կառույցներ են, ծածկը ու սյուները՝ փայտից։ Այս եկեղեցին էլ երեք սյուներ ունի ներսից, որ պահում են տանիքը։ Սյուներն էլ ավարտվում են ամենապարզ փայտյա խոյակներով։

– Դուք ի՞նչ արձանագրեցիք, հայ քահանան, որը ծառայություն է իրականացնում այդ եկեղեցում, այրե՞լ է ասորական իկոնաները։ Նրանք դժգոհում են, որ եկեղեցին զավթել ու այրել են իրենց իկոնաներն ու խաչը։

– Եկեղեցու դուռը 79-ամյակ Քնար Թադևոսյանն է բացում։ Ինքն ուղղակի որոշ բաներ ասաց։ Որքանով ես հասկացա, մեր քահանան կարծես հարաբերությունների մեջ մի քիչ ճիշտ չի եղել։ Ավելի «քաղցրով» կարելի էր ավարտել այդ ամենը։ Սա զգայական հարց է, բայց քահանան նույնիսկ իրեն թույլ է տվել վատ արտահայտություններ անել գյուղում գործող ուղղափառ ասորական եկեղեցու հասցեին։ Ամեն դեպքում, այս տատիկն ասում էր՝ մենք այդ քահանային չենք ուզում, թող Էջմիածնից ուրիշ քահանա ուղարկեն։

– Իսկ ասորական համայնքից ի՞նչ դժգոհություններ լսեցիք։

– Ես այն հասկացա, որ հարաբերությունները ճիշտ չզարգացնելու հետևանք է այս լարվածությունը։ Այդ գյուղում միշտ հարազատի նման են եղել, որևէ խնդրում ասորի և հայ տարբերակումը չի դրվել, տասնամյակներ շարունակ մարդիկ միասին տխրել ու ուրախացել են։ Այսինքն՝ ազգության իմաստով ընդհանրապես տարբերություն չկա։ Այս թյուրիմացությունն ուղղակի հարաբերությունները ճիշտ չզարգացնելու հետևանք է։

– Շա՞տ են լինում նման դեպքեր Հայաստանում, երբ ազգային փոքրամասնությունների ու հայերի միջև եկեղեցու շուրջ վեճեր են լինում, երբ փաստերի ստուգման կարիք է լինում, թե՞ սա եզակի դեպք է։

– Եթե անկեղծ ասեմ, անկախությունից ի վեր ես նման երկրորդ դեպք չեմ հիշում։ Խորհրդային տարիներին նման հարց չկար, իսկ նախախորհրդային տարիներին երբեմն եղել են։ Օրինակ՝ վավերագրեր կան Վարդաշենում Սուրբ Եղիշե անվամբ եկեղեցու վեճի հետ կապված, երբ պատկանելության հարցով ուղղափառ ուդիները վիճում էին առաքելական հայերի հետ։

Ցարական տարիներին նման վեճերը, որպես կանոն, ավարտվում էին ի պաշտպանություն ուղղափառության։ Եվ առաքելադավան կողմը, վեճի մյուս կողմը ոչ միայն զրկվում էր եկեղեցուց, այլև աքսորում էին Սիբիր։ Այսինքն՝ ցարական իշխանության տարիներին դրսևորվում էր միակողմանի ու խտրական վերաբերմունք։ Բայց դե հիմա նման ժամանակներ չեն։

– Ի՞նչ պետք է անել նման իրավիճակում, երբ ասորական համայնքի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ եկեղեցին իրենցն է, այսինքն՝ նմանօրինակ վեճերն ինչպե՞ս պետք է հարթվեն։

– Մեկ ասորի կին է այդ պնդումն անում։ Օրինակ՝ նա վշտացել ու բորբոքվել է նրա համար, որ եկեղեցուն վերաբերող բոլոր գրությունները հայերեն են, փաստաթղթերը հայերեն են։ Իսկ ի՞նչ լեզվով պետք է լինեին, նույնիսկ ցարական իշխանության տարիներին են այդ գրությունները հայերեն եղել, այլ հարց է, որ կառավարությանն ուղարկած զեկուցագրերը ռուսերեն էին լինում։

Բայց մեր ներքին գրագրությունը հայերեն էր։ Փոխանակ այդ կինը՝ որպես լեզվակորույս ազգի ներկայացուցիչ, ափսոսանք ու ցավ զգա, որ իր ասորի ժողովուրդն իսպառ մոռացել է իր մայրենի լեզուն, իրենց գյուղում դպրոցը ռուսական է, իրենց եկեղեցում քարոզներն ու ժամերգությունները ռուսերեն են, ցավ է ապրում, որ հայերը անկախ պետականության օրոք հայերեն են գրում։

Նա պետք է նախ հասկանա, որ Հայաստանը անկախ պետություն է իր պետական լեզվով, և ազգային փոքրամասնությունները ուղղակի պարտավոր են հարգել մեր լեզուն։ Ի՞նչ են կռիվ տալիս հայերենի դեմ և ընդվզում, ո՞վ է մեր գլխին այս կինը։

Այս եկեղեցու մասին փաստերը պետք է ներկայացվեն ժողովրդին, գուցե մոտ 10 մարդ կա, ովքեր մակերեսային են գնահատում իրավիճակը։ Բայց ցանկացած նման խնդիր փաստերով պետք է լուծում ստանա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am