«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
– Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում իշխող խմբակցության՝ նախօրեին ընդունած հայտարարությունը, որով դատապարտվում է ենթադրյալ ահաբեկչության փորձը:
– 2018-ից Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, քիչ առաջ Բագրատ Սրբազանի փաստաբաններից մեկը տեղեկացրեց, որ ձայնագրությունը, որտեղ իբր ձևակերպում կա պատերի տակ «գյուլլելու» մասին և այլն, իրականում մոնտաժված է, ինչն ի սկզբանե հասկանալի էր, որովհետև երբ որպես ահաբեկչության գործիք առգրավում են միկրոալիքային վառարան, պոլի փայտ, ճայթուկներ կամ գնդապետ Մաղսուդյանի երեխայի չաշխատող խաղալիք դրոնը, այնտեղ եղած որսորդական օրինական բոլոր զենքերը, պարզ է, որ սա շոու է՝ սեփական նոսրացող էլեկտորատին նորից ոգևորելու:
Ինչքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հավասարվում է շրիշակի, իսկ նրա վարկանիշը հիմա պինցետով մի կերպ պետք է իրենք փորձեն շրիշակի տակից քաշել հանել, այնքան հասարակությանը տեսարաններ տալու խնդիր է առաջանում: Իսկ շրիշակի տակ հայտնված վարկանիշ ունեցողները մոգոնում են իրենց իշխանության, սեփական անձերի հանդեպ տեռակտեր, ահաբեկչություններ, իշխանության բռնի զավթման գործընթացներ:
Հիշում ենք, չէ՞, մի ժամանակ իշխանությունը զենքով ոնց որ թե պատրաստվում էր Բազեյանը զավթել, դրանից առաջ, թե հետո Վանեցյանն էր, հիշում ենք նաև 44-օրյայից հետո տարբեր ժամանակահատվածում հնչող հայտարարություններ, 12 հազար դասալիքների մասին, որը հետո կրկնեց Ալիևը:
Ի՞նչ եղան այս դատական գործերը, ես ավելի քան վստահ եմ, որ այս շոուն նույն վախճանն է ունենալու: Հիմա մենք տեսնում ենք, որ իշխանությունը Սամվել Կարապետյանի նկարների որսով է զբաղված, այսինքն՝ ակնհայտ է, որ Նիկոլն ու իշխանությունը վախեցած են, ու դա բնական է, որովհետև, եթե պայմանականորեն ասած, ախուրյանցի անո սեգմենտը չհասկանա կատարվածի զարհուրելիությունը, ապա Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի իր արածը ու նաև շատ լավ գիտի, որ նույնիսկ Արևմուտքի ու Էրդողանի երաշխիքները չեն կարողանալու ինչ-որ ժամանակ հետո իրեն փրկել: Ու, բնականաբար, հիմա ինքը շատ պարզ ու պրիմիտիվ խնդիր է լուծում՝ մեկ օր գումարած մեկ օր, գումարած մեկ օր, գումարած մեկ օր երկարաձգել իր իշխանությունը:
Եթե նախկինում իր իշխանությունը կարող էր ձգել հատիկ առ հատիկ թալանի վերադարձով, ապա հիմա քանի որ դա էլ չի աշխատում, ավելի տրագիկ տեսարաններ է հորինում ու նույն տեքստերը բաժանում է բոլորին, որ կրկնեն:
Իրականում երկիրը տոտալ բռնատիրության ճիրաններում է, ու հասկանալի է, որ սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ միջազգային կառույցները ձայն չեն հանելու: Դատելով Մակրոնի հայտարարությունից՝ տոտալ քարտ բլանշ են տալու, եթե նույնիսկ հրապարակում գնդակահարի Վեհափառին, պետք լինի՝ Վեհափառին ռուսի շպիոն էլ կհանեն, այդ թվում նաև՝ ցանկացած քաղաքական գործչի:
Իրավիճակը բարդ է այնքանով, որ այս ռեժիմն ունի առաջին հերթին Թուրքիայի, այնուհետև Արևմուտքի, ու որքան էլ Ռուսաստանն իրեն պատռի ու փորձի քարոզչական հարթակում սոլովյովներով ու Մարգարիտա սիմոնյաններով իբր ցույց տա անհամաձայնություն, նաև ՌԴ-ի աջակցությունը առնվազն այնքանով, որ նա չի կարող քայլ անել մի գործչի դեմ, որը ֆուլ ընդունելի է Թուրքիայի ու Ադրբեջանի համար:
– Այդ դեպքում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:
– Մի հարցում կա Ռուսաստան-Արևմուտք ֆանտաստիկ կոնսենսուս, ու դա Նիկոլ Փաշինյանի հարցն է, էլ չեմ խոսում Էրդողանի ոսկյա հովանավորության մասին:
Իսկապես ծանր է իրավիճակը, որովհետև նա՝ հատկապես Թուրքիայից վերադառնալուց հետո, ստացել է ամենավերջին քայլերին գնալու տոտալ քարտ բլանշ, որովհետև այն, ինչով հիմք դրվեց Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, ուղղակի խայտառակ նոնսենս էր:
Հիմա, գուցե, ավելի փիլիսոփայորեն եմ մոտենում, որ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ, ու նաև հենվելով համաշխարհային փորձի ու պատմության վրա, բոլոր այն դիկտատորները՝ անկախ իրենց մասշտաբներից, որոնց վերջին քայլը մնում է նման բռնատիրական գործիքակազմը, ինչ հիմա անում է Նիկոլը, սովորաբար այդ ռեժիմները շատ արագ գնում են իրենց ֆինալին: Չեմ կարող ասել՝ մոտ է ֆինալը, թե չէ, բայց ինքը սրընթաց գնում է ֆինալին, որովհետև այս քայլերը շատ արագ տանում են ռեժիմի բարոյալքմանն ու ավարտին:
– Տիկի՛ն Զոհրաբյան, իշխանությունը շարունակում է պնդել, որ Վեհափառը հեռանալու է, այս մասով ի՞նչ զարգացումներ կարող են լինել:
– Ովքեր Նիկոլ Փաշինյանին չեն ճանաչում, մտածում են, որ կասի, կասի, կհոգնի: Անկեղծ՝ շատ կուզեի, որ մեր ընդդիմությունն ունենար Նիկոլ Փաշինյանի ֆանատիկ հետևողականությունը ու ֆանատիկ մտասևեռումն ինչ-որ գաղափարի վրա: Նա այս գաղափարը բաց չի թողնելու, ինքը, կներեք այս բառի համար, մինչև վերջ «դալբիտ է անելու» Վեհափառին, մնացածն արդեն Մայր Աթոռի ու առաջին հերթին քաղաքական ուժերի դաշտում է, որոնք չպետք է թույլ տան, որ ինչ-որ մեկի անադեկվատ մտքերը իրականություն դառնան:
Նիկոլ Փաշինյանն այդ միտքը տանելու է մինչև վերջ, իսկ այդ վերջում ես չգիտեմ՝ ինչ է լինելու: Կա՛մ այդ վերջն ավարտվելու է այս ռեժիմի պարտությամբ, կա՛մ իրեն հաջողվելու է Վեհափառին հեռացնել, ինչն էլ լինելու է Հայաստանի վերջը: Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը գրում է, ես ընդամենը երկու վերնագիր մեջբերեմ՝ «Բռավո՛, Փաշինյան», «Փաշինյանն իրականացնում է հետևողական պայքար Ադրբեջանի ու Թուրքիայի թշնամիների դեմ»:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















