Մոսկվայում կայանալիք հանդիպման նախօրեին Միրզոյանի այցը Իրան շատ կարևոր էր. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր, որի շրջանակներում նաև հանդիպել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ընդհանուր այցն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունները։

 – Կարծում եմ՝ Արարատ Միրզոյանի այցը Իրան շատ կարևոր էր, մանավանդ որ տեղի ունեցավ այսօր Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին, և, դատելով Թեհրանից հնչող հայտարարություններից, բավական լուրջ բանակցություններ են ընթացել, և Հայաստանի ու Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային շատ հարցերում համընկնում են: 

 – Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իլհամ Ալիևը վստահեցրել է, որ իրենք «Զանգեզուրի միջանցքը» ստեղծելիս չեն ձգտի փակել Իրանի ու Հայաստանի պատմական ուղին։ Այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում, ըստ ձեզ, ճի՞շտ եմ հասկանում, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, շարունակում է պնդել այդ միջանցքի բացման գաղափարը։

– Ադրբեջանն իհարկե փորձում է հասնել այդ միջանցքի բացմանը, Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր դրա մասին է հայտարարում: Սակայն այստեղ կան որոշակի նրբություններ: Նա բոլոր միջազգային դերակատարներին հավաստիացնում է, թե այդ միջանցքի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Ալիևը այդպիսի հավաստիացումներ է տվել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, եվրոպական որոշ երկրների ղեկավարների, Եվրամիության ղեկավարությանը և այլն: 

Սակայն, մյուս կողմից էլ, բանակցությունների ժամանակ նա պահանջ է դնում Հայաստանի առջև, որ այդ միջանցքը պետք է վերահսկվի ռուսական անվտանգային ուժերի կողմից: Այսինքն՝ այդ միջանցքը ֆորմալ առումով պետք է չկտրվի Հայաստանից, այն պետք է լինի Հայաստանի տարածքային ամբողջականության մաս, սակայն եթե վերահսկվի ռուսական անվտանգային ուժերի կողմից, փաստացիորեն Հայաստանը վերահսկողություն չի ունենալու դրա նկատմամբ, այն ձեռք է բերելու արտատարածքային կարգավիճակ, ինչն անընդունելի է Հայաստանի համար: 

 – Դատելով Իրանի արտգործնախարարի խոսքից՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Իրանն այդ հարցում իր սկզբնական դիրքորոշումից հետնահանջ է անում կամ պատրաստվում է անել, պարո՛ն Վարդանյան։

– Իրանի համար ամենակարևորն այն է, որ իր հյուսիսային սահմանները չկտրվեն իրենից: Իսկ եթե այդ միջանցքը լինի զուտ տրանսպորտային ուղի, ապա, կարծում եմ, դրա հետ կապված Իրանը առանձնակի առարկություններ չունի: 

– Եթե Ադրբեջանը հավատացնի, որ այդ «միջանցքը» իսկապես չի ազդելու Իրանի կարմիր գծերի վրա, կարծում եք, ի վերջո, այդ գաղափարը կյանքի կկոչվի՞, և որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանն իր նախնական խոստումները կպահի։

– Այստեղ ամենակարևորը մեր դիրքորոշումն է: Մենք պետք է այնպես անենք, որ այդ միջանցքը կյանքի չկոչվի, և այդ հարցում Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ծրագրերը չիրագործվեն: Եթե մենք այս հարցում ուժեղ և հաստատակամ չլինենք, ապա մյուս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների դիրքորոշումները արդեն կարող են վճռորոշ չլինել: Եթե մենք մեր շահերը չպաշտպանենք, մյուսները կարող են ձեռք քաշել մեր շահերը պաշտպանելուց: Այնպես որ, ոչ մեկը չի ցանկանա մեր անվտանգային խնդիրները այդպես վճռականորեն պաշտպանել, եթե մենք թույլ լինենք և հաստատակամ չլինենք դրանք պաշտպանելու: 

– Իրան-Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան-Իրան հարաբերություններն են այսօր ավելի գործընկերային ու բարեկամական։

– Իրան-Հայաստան հարաբերությունները բարեկամական են, որևէ լուրջ խնդիրներ չկան երկու կողմերի հարաբերություններում: Իրան-Ադրբեջան հարաբերություններում խորքային լուրջ խնդիրներ կան, այդ երկու երկրների հարաբերությունները երբեք էլ միագիծ չեն եղել՝ մշտապես վայրիվերումներով լի են եղել: Բայց նաև չպետք է իրականությունից կտրվենք, ապրենք պատրանքներով և մտածենք, թե Իրանը և Ադրբեջանը պատերազմելու են միմյանց դեմ: Այո՛, նրանց հարաբերություններում միշտ էլ խնդիրներ են եղել, բայց դրանք մշտապես լուծվել են՝ ժամանակավորապես կամ մշտապես, և այդ հակամարտությունը չի թևակոխել պատերազմական փուլ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am