«Զանգը» դեմ է, որ Հայաստանը դարձնեն «Արևմտյան Ադրբեջան», մեր խնդիրն է փոխել այս կառավարությունը. Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, «Զանգ» նախաձեռնության մասին կպատմե՞ք, գաղափարն ինչպե՞ս է ծնվել, նպատակը ո՞րն է:

– «Զանգը» քաղաքացիական նախաձեռնություն է՝ Հայաստանի մի խումբ անկուսակցական քաղաքացիների կողմից ստեղծված, այդ թվում՝ ես, նախաձեռնությանն անդամակցելու նպատակով լքել եմ իմ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որի անդամ էի հանդիսանում: 

«Զանգը» նախաձեռնել են քաղաքացիներ, որոնք տեսնում են, որ մեր հայրենիքը փորձում են վերածել «Արևմտյան Ադրբեջանի»: Այդ օրակարգը դեռ տարեսկզբից առաջ էր մղվում, երբ մենք այն համարում էինք վտանգավոր օրակարգ: Հետո, երբ ամռանը լրագրողներն արդեն նկատել էին դա ու հարցնում էին Նիկոլ Փաշինյանին այդ մասին, վերջինս մեղադրում էր ադրբեջանական նարատիվները տարածելու համար: Հետո իրենց փորձագետներն ու պաշտոնյաները հրապարակային ու ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ ասում էին, որ դա հայելային նարատիվ է. եթե մենք հրաժարվենք Ղարաբաղի հայերի իրավունքից ու անվտանգությունից, իրենք էլ դրանից կհրաժարվեն: Հետո իրենք հրաժարվեցին Ղարաբաղի հայերի իրավունքներից ու անվտանգությունից, բայց Ադրբեջանը, ինչպես և մենք էինք կանխատեսում չհրաժարվեց դրանից: 

Այս սպառնալիքն է, որը մոտենում է, մենք ունենք կառավարություն, որի ղեկավարը հրապարակային հայտարարել է, որ եթե մենք ուզում ենք պետությունը պահպանել, ապա որևէ բանի հակադրվելու իրավունք չունենք. հուլիսի 25-ի իր ասուլիսի ժամանակ է այդ մասին ասել: Ես հստակ տեսնում եմ, թե ոնց է Հայաստանը վերածվելու Պաղեստինի, որտեղ մենք մեր երկրում շարժվելու համար սրանից-նրանից ենք թույլտվություն հարցնելու կամ թողնենք գնանք, իսկ եթե հանկարծ մեր բողոքը վերաճի որևէ ազգամիջյան բախման, մեր տարածքներն օկուպացնելու են, իսկ դա դառնալու է Հայաստանի վերացման հստակ բանաձև: 

Ես ու իմ ընկերները դեմ ենք դրան, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում,մեր խնդիրն է՝ փոխել Հայաստանի կառավարությունը, ձևավորել նոր կառավարություն, որը կառաջնորդվի հետևյալ հինգ սկզբունքներով. Հայաստանը պետք է «ո՛չ» ասելու կարողություն ունեցող պետություն լինի. կապույտ անձնագիրը պետք է երաշխիք լինի, որ պետությունը գալու է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության հետևից՝ աշխարհի որ ծայրում էլ ուզում է լինի. գողությունը մեր հանրային կյանքից պետք է բացառվի, որ մենք ամեն հաջորդ օրը պետք է լինենք ավելի լավը, քան երեկ. մենք պետք է սովորենք հերթ կանգնել՝ որպես դրսևորում այն բանի, որ մենք մեկս մյուսի իրավունքները հարգում ենք, մեկս մյուսի հետ ինչ-որ կապերով կապված ենք: Վերջնական նպատակն է՝ ունենալ այս մոդելով Հայաստան, այդ ճանապարհին այս կառավարությունը խոչընդոտ է, բոլոր կետերով դրա հակառակն է: 

– Այս կառավարությանը փոխելն ինչպե՞ս եք պատրաստվում:

– Մենք իրականացնելու ենք քաղաքացիական խաղաղ ակցիաներ, ոչ մի անհնազանդության գործողություններ, որովհետև համարում ենք, որ այսպիսի կառավարությունը մեր փոքր խնդիրն է: Մեր մեծ խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները չունեն հստակ որոշում, որ եթե այսպիսի կառավարություն չէ, ապա ի՞նչ գաղափարներով ու օրակարգով ենք ապրելու: Միայն շարժումը կարող է ծնել այդ որոշումը, որ պահին մեր քաղաքացիներն ունեցան ու դրսևորեցին հստակ որոշում, այդ պահից կառավարությունը փոխվելու է:

– Վստա՞հ եք, որ հաջողելու եք, որովհետև ընդդիմությունն էլ բազմաթիվ ակցիաներ արեց, Արցախն էր փրկում, այսօր չունենք Արցախ, պարո՛ն Նահապետյան:

– Ես վստահ եմ, որ եթե փողոցում լինեն մեր գաղափարներն ու գործողության սկզբունքները կիսող 2000 մարդիկ, ապա մենք դա կարող ենք վերածել մեծ հանրային շարժման, իսկ եթե մենք դա վերածենք նման շարժման, ես բացառում եմ, որ այդ մարդկանց հետ դեպի պարտություն գնանք:

– Այսինքն՝ ձեր հիմնական նպատակը Հայաստանում իշխանափոխությո՞ւնն է:

– Մեր հիմնական նպատակն է Հայաստանը վերածել ինքնիշխան, «ո՛չ» ասելու կարողություն ունեցող պետության, որն իր տված անձնագրով քաղաքացիներին որբի կարգավիճակով այստեղ-այնտեղ չի թողնում ու ձեռքերը վեր պարզած ասում՝ թող ռուսները պաշտպանեն, թող ամերիկացիները պաշտպանեն կամ այլք: Այլ կերպ ասած՝ մենք ուզում ենք ունենալ պետություն, ոչ թե ժէկ, որտեղ մեզ թղթեր են տալիս, որ մենք փախստականի կարգավիճակ ունենք, կարող ենք գնալ միջազգային կազմակերպություններից օգնություններ ստանալ:

– Նախաձեռնությունը բա՞ց է, թե՞ ոչ քաղաքական այս կամ այն ուժերի հետ համագործակցության համար:

– Մենք քաղաքացիներ ենք, որևէ կողմնորոշում որևէ կուսակցության, քաղաքական ուժի նկատմամբ չունենք, քաղաքական ուժերը նախաձեռնող խմբի մաս չեն կարող լինել, նախաձեռնող խմբի մաս կարող են լինել միայն անկուսակցական մարդիկ, ինձ նման, ինչպես ես եմ արել: Կուսակցությունից թող դուրս գան, գան դառնան նախաձեռնող խմբի անդամ, բայց փողոցում՝ անկախ կուսակցական պատկանելությունից ու այլնից, բոլոր մարդկանց ուրախ ենք տեսնել մեկ նախապայմանով, որ կուսակցության դրոշները չեն բարձրացնելու այնտեղ:

– Իսկ ձեր՝ արդեն նախկին կուսակցությունից էլի՞ մարդիկ են դուրս եկել ու դարձել նախաձեռնության անդամ:

– Այս պահին միայն ես եմ դուրս եկել կուսակցությունից ու նախաձեռնության գործերի մեջ միայն ես կամ, կուսակցական մնացած իմ գործընկերներն ու ընկերները ամեն մեկն իր որոշումը կկայացնի:

– Սկզբնական շրջանում միայն խաղաղ ակցիանե՞ր եք իրականացնելու:

– Սկզբնական շրջանում չէ, մենք միշտ ենք խաղաղ ակցիաներ իրականացնելու: Այլ հարց է, որ երբ քաղաքացիներն այս քաղաքացիական նախաձեռնությանը գործելու ավելի մեծ հնարավորություն տան, այդ խաղաղ ակցիաները այն ծավալներն ու ոստիկանության համար մաշող էներգիան են ունենալու, որ ոստիկանությունը գնալու է, մարդ մեջ գցի, որ այդ ակցիան սարքեն բռնի, իրար վրա ինչ-որ բաներ շպրտելու ակցիա, որ հեշտ ու հանգիստ կարողանան ցրել: 

Բայց մեր տրամադրվածությունն այն է, որ մենք միշտ խաղաղ ենք լինելու, մեր մեջ չի կարող ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն, հայհոյանք կիրառողը հերոսի ընկալում ունենալ: Մենք միշտ խաղաղ ենք լինելու, բայց խաղաղ չի նշանակում անկարող, անուժ, կարծում եմ, դա այն քիչ բաներից է, որի մեջ մեր ժողովուրդը համոզված է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am