Իմ օրենքը չի ենթադրում չպայքարել, չվնասազերծել ագրեսիվ շներին, հինգ տարի է՝ միսս կերան, այլևս դիմանալու չէ․ Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը

– Տիկի՛ն Զոհրաբյան, Սուրենավան համայնքում՝ թափառող շներից փախչող երեխայի մահվան դեպքից հետո հատկապես, կրկին ակտիվացել են այս թեմային առնչվող քննարկումները, ու մարդիկ դարձյալ հիշել են օրենքի փոփոխությունը և ձեզ։ Հիշեցնենք, որ 2019 թվականին ընդունվեց քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Տիկին Զոհրաբյան, ընդհանուր նմանատիպ դեպքերի ու դրանց՝ մարդկանց արձագանքի հետ կապված ձեր դիտարկումներն եմ խնդրում։

– Հանրության ընկալումները շատ զգայուն են ու շատ հասկանալի, ես շատ եմ ցավում, որովհետև զարհուրելի բան է տեղի ունեցել՝ կապված երեխայի մահվան հետ, բայց մենք պետք է հասկանանք, որ սա գլոբալ խնդիր է, որը կա՛մ պետք է լուծվի, կա՛մ ամեն օր նման դեպքեր են լինելու։ Ես հիմա Հայաստանում չեմ ու քանի օր Ֆեյսբուք չէի մտել ու պատահաբար բացում եմ սոցիալական ցանցս ու մեսենջերով երևի մի հարյուրից ավելի սպառնալից նամակներ՝ «արածդ դուրդ եկա՞վ» ու այս կարգի բովանդակությամբ, որոնց մեջ կային նաև լրագրողներ ու հանրային դեմքեր։ 

Եթե միջին վիճակագրական քաղաքացին համառորեն չհասկանա, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունը, որը ես առաջարկել եմ, ինչի՛ մասին է, որովհետև քաղաքացին պարտավոր չէ Հայաստանի ողջ օրենսդրությունը կարդալ, այնպես էլ ես, լինելով 15 տարվա օրենսդիր, ողջ օրենսդրությունը չեմ կարդացել, բայց երբ մեկը փորձում է գնահատական տալ ու գնահատական տալուց առաջ, որպեսզի իր բթամտության կուսաթաղանթը չպատռվի, մի հատ իրեն նեղություն չի տալիս՝ բացի Քրեական օրենսգիրքը ու տեսնի, թե Նաիրա Զոհրաբյանի առաջարկած փոփոխությունն ինչի՛ մասին է, նոր հետո փորձի մարդասեր կամ շնասեր երևալ։ 

Օրենսգրքի փոփոխությունը մեկ բանի մասին է․ շանը, կենդանուն չի կարելի գլխատել, չի կարելի գնդակահարել, չի կարելի բարձրությունից նետել, չի կարելի ողջակիզել, չի կարելի մաշկահանել, չի կարելի կենդանիների մարտեր կազմակերպել, վերջ։ Եթե ինչ-որ մեկն այստեղ տեսավ ագրեսիվ, կատաղած շների դեմ պայքարելու համար որևէ արգելք, ապա Նաիրա Զոհրաբյանը մեղավոր է։ Չի կարելի սեփական տգիտությունն այս կարգի ցուցադրել, հինգ տարի է՝ օրենքը ընդունվել է, հինգ տարի է՝ միսս կերան, սա այլևս դիմանալու չէ, եթե ուզում են, թող դիմեն իրենց սիրելի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, բերեն, չեղարկեն օրենքը ու շանը գլխատեն, մաշկահանեն, ողջակիզեն։ 

Իմ օրենքը չի ենթադրում չպայքարել, չվնասազերծել ագրեսիվ շներին, խնդիրն այն է, որ թափառող կենդանիներն այնքան են շատացել, դրանցով զբաղվող չկա։ Գոյություն ունի քաղաքապետարանին կից թափառող կենդանիներով զբաղվող ՀՈԱԿ, ես չգիտեմ, թե ինչո՛վ է ինքը զբաղվում, մարզերում՝ համայնքային բյուջեից հատկացումներ են անում, պետք է ունենան լաբորատորիաներ, աշխատողներ, որոնք թափառող, վտանգավոր կենդանիներին պետք է հավաքեն, տանեն ու ոչ թե մաշկահանեն կամ գլխատեն, այլ հումանիտար ճանապարհով, քնեցման, ներարկման եղանակով կյանքն ընդհատեն։ Ներարկման բոլոր դեղերը, վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ կազմակերպություններից բոլորը ստանում են, թե ի՛նչ են անում իրենք այդ դեղերը, ես չգիտեմ։ 

Ես հասկանում եմ, որ բյուջեով հատկացված գումարները շատ քիչ են այդքան աշխատող պահելու համար, որպեսզի այդ քանակով թափառող կենդանիների վնասազերծեն, բայց երբ ինչ-որ մեկն ինձ ուղարկում է շան կողմից կծված իր ամուսնու նկարն ու ասում՝ արի, տիրություն արա, ես ուզում եմ ասել՝ մադա՛մ, ես չեմ պատրաստվում քո ամուսնուն տիրություն անել որևէ պարագայում։ 

Երբ վերադառնամ Երևան, ես այլևս հանդես եմ գալու հանրային կոչով, դիմելու եմ ՔՊ-ին, ասելու եմ, քանի որ մեր հանրությունը շատ է ուզում շանը գլխատել, մաշկահանել, ողջակիզել, բարձրությունից նետել, ուրեմն բերեք նման օրենք ընդունեք։ 

Քրեական օրենսգիրքն ունի նաև հոդված, որով օբյեկտիվ ինքնապաշտպանությունը, եթե նույնիսկ ինչ-որ մեկը, ինքնապաշտպանությունից ելնելով, վնասի շանը, ապա դա որևէ պատիժ չի ենթադրում, բայց քանի որ համայնքապետարաններում ու քաղաքապետարաններում նստած են ինձ նամակ գրողների նման տգետներ, նրանք գտել են լավագույն լուծումը․ ով գնում, ասում է՝ ինչո՞ւ չեք պայքարում թափառող շների դեմ, ասում են՝ Նաիրա Զոհրաբյանի օրենքը խանգարում է։ Գոնե ասեն՝ աշխատողները չեն բավարարում, պետք է դիմենք՝ բյուջեն ավելացնեն, անհրաժեշտ լաբորատորիաներ չկան, դա կլինի շատ օբյեկտիվ, որովհետև իսկապես չի բավարարում, բայց նրանք գտել են ամենակարճ հիմնավորումը՝ Նաիրա Զոհրաբյանի օրենքը: Ես ձեզ ցիտեցի՝ իմ օրենքը մեկ բարդ համադասական նախադասություն է, վե՛րջ, օրենքում որևէ արգելք՝ պայքարել թափառող, ագրեսիվ կենդանիների դեմ, չկա։ 

– Ստացվում է, որ պատկան մարմինների անգործության հետևանքով, գոնե հանրային պարսավանքի, մեղադրանքի մակարդակով պատասխանատվությունը կրում եք դո՞ւք։ 

– Միանշանակ այո՛, արդեն հինգ տարի է, ով որտեղ շանն ինչ անում է, բոլորն ինձ են նամակ գրում, սպառնում, ահաբեկում։ Ես հասկանում եմ, որ այսօր այս թեման բերել օրակարգ, երբ մենք ունենք Արցախի խնդիր, ռազմագերիների խնդիր, մի քիչ բարոյական չէ, բայց ես ստիպված եմ այս թեման հանրային քննարկման դաշտ բերել՝ որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն, որովհետև ես հոգնել եմ ագրեսիվ կնիկներից, որոնք անընդհատ ու անտեղի, բնականաբար նրանց IQ-ն չի բավարարում օրենք կարդալ, հասկանալ, որ օրենքը, որը ես առաջարկել եմ, որևէ կապ չունի իրենց բարձրաձայնած խնդրի հետ, ստիպված եմ լինելու այս ոչ ճիշտ պահին այդ հարցը դարձնել հանրային լրջագույն քննարկման առարկա, դիմել ՔՊ-ին, որովհետև իրենք ընտրել են այդ ՔՊ-ին, իրենք ուզում են, որ փողոցում շներին գլխատեն, այրեն, ուրեմն ՔՊ-ն պարտավոր է բավարարել իրեն ընտրած ժողովրդի պահանջը, այլ տարբերակ ես չեմ տեսնում: Ես այստեղ եկել եմ կարևորագույն հարցերով հանդիպումների՝ Արցախի մշակութային ժառանգության հետ կապված, ռազմագերիների հետ կապված, ու ես ստիպված ամեն օր լսում եմ իմ հասցեին ինչ-որ մեկի սպառնալիքը, որն այլևս ադեկվատ չէ։

– Տիկի՛ն Զոհրաբյան, այսինքն՝ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հավելյալ գումա՞ր հատկացնել։

– Եկեք անկեղծ լինենք. բյուջեից ինչքան գումար էլ ավելացվի, քանի որ ես հանգամանալից զբաղվել եմ այս խնդրով, մեզանում թափառող ու ագրեսիվ կենդանիների քանակն այնքան մեծ է, այս խնդիրն առանց միջազգային դոնորական կազմակերպությունների լրջագույն ներդրումների չի լուծվելու: Բայց ես որքան հասկանում եմ, այս խնդրով հիմնավորապես զբաղվող էլ չկա Հայաստանում, այսինքն՝ անգամ խնդիր չի դրվել այդ դոնորներին ներգրավել: Պետական բյուջեով այս խնդիրը չի լուծվելու, որովհետև շատ մեծ գումարների մասին է խոսքը․ ապաստարաններ կառուցելու, նաև լաբորատորիաներ, որտեղ քնեցման ճանապարհով կոչնչացվեն ագրեսիվ կենդանիները, նաև կենդանիների որդեգրման համար։ 

Այս համակարգը ես շատ լավ գիտեմ, հարյուրավոր, եթե ոչ ավելի դոլարներ են պետք, սա մեր այսօրվա բյուջեի հագով չէ, այստեղ պետք են դոնորական արտաքին ներարկումներ, որ չի արվում, որովհետև որևէ մեկը դրանով չի էլ զբաղվում։ Ես փորձեցի մեր ընկերների հետ ստեղծել «Լաքիի բարեկամները» կազմակերպություն փոքր շնիկների ձագեր բերելու, որպեսզի հետո նրանց որդեգրումը կազմակերպենք, բայց մենք չկարողացանք որևէ դոնոր ներգրավել, այդ թվում՝ մեզ չաջակցեց Բրիջիդ Բարդոյի կազմակերպությունը, որին դիմել էինք։ Իսկ ես չէի կարող առանց լրջագույն պատրաստության նման պատասխանատվության տակ մտնել, որովհետև ինձ համար դա կարևորագույն խնդիր է, իսկ այս դեմագոգիան, որ սկսվել է, իհարկե, ողբերգություն է տեղի ունեցել, ու համայնքը պետք է պատասխան տա, որ այդքան թափառող շներ կան, բայց ոչ Նաիրա Զոհրաբյանը, սա աբսուրդ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am