Գոյության տարածք. Մեղուները

Հայաստանում արդեն երկու տարի է՝ անիվների վրա շրջում է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ներկայացումը։ 

«Թատրոնը դնում ենք անիվների վրա ու ման գալիս Հայաստանով ու Երևանով մեկ։ 44-օրյա պատերազմից հետո միայն տասը անգամ հասցրել ենք խաղալ Արցախում՝ Ստեփանակերտում ու մյուս շրջանների գյուղերում»,- պատմում է Հայկ Պապյանը՝ «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» ՀԿ հիմնադիրը։ 

Դերասանները, որոնք խաղում են ներկայացումը, հիմնականում Շուշիի ստվերների թատրոնից են, մարդիկ, որոնք քաղաքից դուրս են եկել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ արդեն Շուշիի վրա թափվող հրթիռների ձայներն ուղղակի չէին լռում։ Ոչ մի րոպե։ «Պետք էր քաղաքից շտապ դուրս հանել կանանց»,- հիշում է Հայկը։ 

«Երբ Շուշին դատարկվեց, տնային կենդանիները՝ կատուներն ու շները, հավաքվեցին կենտրոնի մոտ։ Եկան նաև կովերը։ Ու պատերազմի սարսափը հենց կովերի ձայնն էր. կաթով լիքն էին, իսկ կթող չկար»։ 

Շուշիից, նախ, Երևան են եկել։ Երեք տարի առաջ որպես օգնություն հիսուն փեթակ են ստացել Հայկը, Նվերը, Արտակն ու Արմենը, նոր գործ դրել։ Իրենցից Արտակը մեղվապահությամբ Շուշիում էլ էր զբաղվում, փորձն ուներ, բայց մյուսների համար մեղուները նոր մի բան էին։

«Ես մեղվապահի շոր առաջին անգամ հագել էի մեղուները ստանալիս։ Նվերը մի քիչ ա նոր, Արմենը տասը տարուց ավելի փորձ ունի, Արտակը՝ մի քանի տարվա։ Եթե անկեղծ, ես իրենց հետ շատ եմ տանջվում»,- նոր զբաղմունքի մասին է պատմում Հայկը։

Մեղուները այս մարդկանց նոր զբաղմունքն են, կյանքի իմաստը, ապրուստը. «Չենք կարա մեղուների ուզածով չանենք, թե չէ վարի կտանք։ Իրենց գործից ա կախված մեր մնալու տեղը»։ 

Արվեստով զբաղվող մարդկանց համար նրանք ապրուստի նոր միջոց են, զբաղմունք ու ընկեր, բայց մեղուները ոչ թե կտրել, այլ վերադարձրել են նրանց դեպի արվեստ։

Ունեցածը կրկնել չեն կարող, դրա համար նոր բան են մտածել։ «Մի կաթիլ մեղրի» գաղափա՞րն էր շուտ հայտնվել, թե՞ մեղուները՝ հարցնում եմ ես ու հասկանում, որ նախկին շուշեցիների ապագան կախված է մեղուներից ու մեղրից, ինչքան էլ շրջեն ու տեղից տեղ գնան։

Երևանից հետո մի քանի ամիս շրջելով նրանց մի մասը հասել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ։ Վարձել են երկհարկանի տան երկրորդ հարկը միայն. տան այգուց, առաջին հարկից ու փոքրիկ խաղահրապարակից չեն օգտվել։

«Հետաքրքիր ա, որ էնտեղ՝ Շուշիում, շենքը մերը չի եղել, բայց մենք միշտ նենց ենք վերաբերվել, ոնց որ մեր սեփականությունն էր։ Իսկ էստեղ տենց չի, սրտներս ոչ մի շենքի չի կպնում»,- ասում է Հայկը։ Գետահովիտ գնացել էին գրեթե ամբողջ կազմով։ Գնացածներից մեկը՝ Նվեր Ղարաբեկյանը, երկու երեխաների՝ Գրիգորի, Արփիի ու կնոջ հետ էր։ Ինքն էլ ասում է, որ սիրտը էլ ոչ մի տեղի այնպես չի կպնում, ինչպես առաջ, բայց Գետահովիտն ինչ-որ չափով ձգեց։

«Հիմնական պատճառը բնությունն էր, որ տարավ էնտեղ։ Գնացինք, պտտվեցինք գյուղերով, մտանք էդ մեկն ու սկսեցինք օդ շնչել։ Հասկացանք, որ ճիշտ տեղում ենք»,- ասում է Նվերը։

Բայց «ճիշտ տեղին» էլ այնպես չէ, որ ամբողջովին հարմարվեցին։ Բնությունը լավն էր, բայց տնից գոհ չէին։ Հենց այդ տարվա հուլիսի վերջին տունը հանձնեցին ու տեղափոխվեցին։ 

Նորից։ Տեղափոխվեցին այնտեղ, որտեղ մեղուների համար գործ կլիներ։ Ու ստացվեց այնպես, որ գործի համար մեղուները տաք եղանակին գնում են Երևանից դուրս, բայց ձմռան ամիսներին «մնում» Նվերի տանը՝ Երևանում։

«Տունը սեփական ա, բակ ունի, մեղուներն էնտեղ են։ Հիմա մոտ 20 փեթակ ունենք։ Իրենք ձմռան ամիսներին կծիկ են դառնում, տաքացնում իրար իրենց մարմնի ջերմությամբ։ Ցրտին չեն խանգարում, իրենցով զբաղվելու կարիք էդպես չկա»։

Բայց ակտիվ եղանակին մեղուները գիշերը չեն քնում, ասում է Նվերը, թևերով օդափոխում են։ Տղաները բացատրում են, որ ամեն մեկն իր գործն ունի. համակարգի կենդանիներ են։ Հետաքրքիր է՝ մեղուները մի՞ ազգության են։ 

«Չգիտենք,- ասում են Նվերն ու Արմենը,- բայց շատ կոշտ օրենքներով են ապրում։ Երևի չինացիներ են»,- ծիծաղում են։

Մեղուների հետ Երևան են եկել նաև իրենք։ Իրենց նոր տունը, արհեստանոցն ու փորձասենյակն են այստեղ։ Բոլորը միասին։ Բարձր առաստաղով մեկսենյականոց տուն-արվեստանոց է, որտեղ նաև ներկայացումներ են խաղում. մոտ քսան երեխա է տեղավորվում այստեղ։

«Էստեղ բացի տարածքից, որ չունեինք, տիկնիկներ էլ չունեինք, էստեղ ամեն ինչը զրոյից արեցինք։ Ֆինանսավորում էինք ստացել «Եվրասիա համագործակցություն հիմնադրամից», ու դրա համար պարտադիր էր ներկայացման առաջնախաղն անել Արցախում, պարտադիր էր նաև առնվազն տասը ներկայացում խաղալ Արցախում։ Էդ ֆինանսավորումից էս ներկայացումը ստացանք»,- ասում է դերասան Գայանե Առուշանյանը։ 

«Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» գրվել է Մետեխի բանտում ծխախոտի թղթի վրա, հետագայում մտել է եվրոպական մանկական գրականություն, և սյուժեն ունեցել է մի շարք միջազգային տարբերակներ: Հեքիաթը պատմում է պատերազմելու միջոցով խնդիրները լուծելու աղետալի տարբերակի մասին, ինչը արդիական է նաև այսօր: Բայց ժրաջան մեղուն ավերակներից գտնում է իր մի կաթիլ հույսն ու նորից ստեղծում, արարում: Եթե հետաքրքիր է, թե ստվերների միջոցով ինչպիսի լուծումներ է ստացել բոլորիս հայտնի այս պատմությունը, ապա այցելեք»,- նշվում է ներկայացման ազդագրում: 

«Մի կաթիլ մեղրը» խաղալիս մեր մեղվապահության դրվագն էլ ենք ավելացրել։ Վերջում էդ մի կաթիլ մեղրը մեղուն գալիս ու տանում ա իր համակարգի մեջ»։

Ներկայացումը մոտ կես ժամ է տևում, դրանից հետո ևս կես ժամ վարպետության դաս է։

Բեմը փոքր է, դեկորները՝ քիչ։ Մինչև տեղահանությունը Արտակ Պողոսյանը ներկայացման էսքիզներն անում էր Արցախից, տիկնիկները պատրաստում էին Հայկն ու Նվերը՝ Երևանում։

Քանի որ ներկայացումը ստվերային է, տիկնիկներն էլ՝ հարթ, կարևոր պայման է նրանց կտորին մոտ պահելը ու լույսի ճիշտ ընթացքը, դրանից է կախված, թե հանդիսատեսը տիկնիկների շարժն ինչպես կընկալի։

«Մեր հյուրախաղերը տարբեր են,- ասում է Գայանեն,- դեպքեր կան՝ մենք ենք որոշում, առաջարկում՝ ուր գնանք, դեպքեր կան՝ իմանում են ու հրավիրում ամենատարբեր տեղերից, նույնիսկ՝ թանգարաններից»։ 

Առջևում նոր ներկայացում կունենան, փակագծերը չեն բացում, դեռ տիկնիկների կեսն են ստեղծել։ Ասում են՝ խաղում են, որ ներկայացումը չմեռնի, խաղում են, որ ապրեն, ու նաև խաղում են, որ թատրոնը չմարի։

Պատերազմից հետո Հայկը, Նվերը, Արտակը, Արմենը, Գայանեն հազարավորների պես շրջում են՝ փնտրելով նոր տուն։ Այսօր նրանց հետ շրջում են մեղուներն ու ներկայացումը։ Վաղը կշրջեն նոր ծրագրերով ու նպատակներով։ 

Այս մարդկանց հետ շրջում է նաև նրանց անցյալը, որ մեղուների ու ներկայացման հետ արդեն դարձել է ներկա ու խոստանում է ապագա։

Անի Մինասյան

MediaLab.am