Գոյության տարածք. Իննան 

Իննա Մանասյանի աչքերը փայլում են, երբ սկսում է թվարկել իր պատրաստած հրուշակեղենի տեսականին՝ չիզքեյքեր, տարտեր, մակարուններ, տորթեր ու ինչ ասես։ Տեսականին ամեն օր է ընդլայնվում։ «Մի տուփ երջանկություն»․ տորթերն ու մակարունները տուփերի մեջ սիրուն հավաքելով՝ իր աշխատանքն է վերնագրում նա: 

«Երջանկությունն այստեղ ուղիղ իմաստ ունի, գիտե՞ք․ շատ դժվար ճանապարհ եմ անցել, հարազատ մարդկանց եմ կորցրել, բայց այս աշխատանքն ինձ օգնում է ամեն ինչ մոռանալու ու հաղթահարելու ճանապարհին»,- ասում է նա:

Իննան կյանքի 45-րդ տարում բռնի տեղահանվելով Ստեփանակերտից՝ Երևանում կրկին փորձում է իր կյանքը հյուսել։ Փոքրիկ բիզնես է սկսել, հիմա այն զարգացնելու ուղղությամբ է աշխատում։ Այս պահին իր երազած ու պատկերացրած սրճարանը բացելու համար համապատասխան տարածք է փնտրում:

Տարածքի համար փնտրտուքը դեռևս հաջողությամբ չի պսակվել, սակայն չի հուսահատվում և շարունակում է՝ հուսալով, որ անպայման ստացվելու է: 

Թեպետ դեռ հարմար տարածք չի գտել, բայց պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու իր սրճարանը՝ լուսավոր ու ջերմ, որտեղ ամեն ինչ թափանցիկ է լինելու։ Հաճախորդները հնարավորություն են ունենալու տեսնել, թե ինչպես են պատրաստվում խմորեղենները։ 

«Սրճարանի մասին դեռ Արցախում էի երազում, բայց ժամանակս չէր ներում, հիմա որոշելի գնալ այդ երազանքի հետևից, քանի որ ամեն մի վերջ նոր բանի սկիզբ է»,- ասում է Իննան։ 

Արցախում Իննայի օրը շատ հագեցած էր, բժշկի, իսկ հետո՝ մանկավարժի մասնագիտություն ունեցող կինը 16 տարի Ստեփանակերտի դպրոցներից մեկում է դասավանդել։ Դրա վառ վկայությունը նաև նրա հանդարտ, կիրթ, հավասարակշռված խոսքն է: Ամեն բառը արտաբերում էր յուրահատուկ հանգստությամբ ու հպարտությամբ։ 

Արցախում մանկավարժի սիրելի աշխատանքին զուգահեռ սիրելի հոբբի ևս ուներ՝ հրուշակագործությունը, որով զբաղվում էր դասերից հետո։ Ասում է՝ Ստեփանակերտի սրճարանների հետ էր համագործակցում, իր թխվածքները արդեն շատերը գիտեին, շատերն էին սիրում ու պատվիրում հենց իրեն։

«Դասերից հետո գալիս էի տուն ու սկսում թխել։ Բոլոր անհրաժեշտ պարագաներն ունեի, տեսակ-տեսակ թխվածքներ ու տորթեր էի պատրաստում։ Իմ խոհանոցում առանձնացված հատված ունեի, որ հանգիստ աշխատեի։ Նույնիսկ որոշել էինք տան բակում առանձին տեղ սարքել, ի՜նչ իմանայինք, որ իրադարձությունները այսպես կզարգանան»,- իր արցախյան առօրյան է հիշում Իննան։

Իննան բլոկադայի օրերին երկար ժամանակ կարողացել է խմորեղեն թխել շնորհիվ այն մթերքների, որ դուստրը Երևանից կարողացել էր ուղարկել ճանապարհները փակելու նախօրեին։ Ասում է՝ ուսանող դուստրը Երևանում էր ապրում, միշտ իր համար անհրաժեշտ մթերքներն ու պարագաներն ուղարկում էր։ 

«Ես երևի ավելի շատ նվիրում եմ, քան վաճառում,- ծիծաղում է Իննան,- շատ եմ սիրում նվիրել, դրանից ինձ լավ եմ զգում։ Բլոկադայի օրերին էլ էի նվիրում, որ մարդկանց ուրախացնեմ»,- ասում է նա։ 

Արցախում հրուշակագործությամբ զբաղվելու համար շատ ժամանակ չէր մնում, իսկ Երևան տեղափոխվելուց հետո որոշել է, որ միայն ու միայն հրուշակագործությամբ է զբաղվելու։ 

Հրուշակագործության մասին խոսելիս Իննան ժպտում է, ասում է՝ ինքնուրույն է սովորել, սակայն մեծ է եղել ուրախությունը, երբ Երևան տեղափոխվելուց հետո մասնակցել է պրոֆեսիոնալ դասընթացի և պարզել, որ «գրեթե ամեն ինչ գիտի»: 

«Խմորեղենի ամեն կտորի ու նոր տեսականու համար երկար եմ աշխատում, ինքս փորձարկում, հետո ընտանիքի անդամներիս եմ տալիս, որ փորձեն։ Բայց վերջնական արդյունքը պիտի ինձ բավարարի»,- ասում է նա։ 

Իննան ասում է մեկ սկզբունք ունի՝ «Ավելի լավ է քիչ, բայց որակով»։ 

«Օգտագործում եմ բարձրակարգ մթերք, որ հաճախորդները գոհ մնան։ Խանութում վաճառվող թխվածքների գներից մի քիչ բարձր է ստացվում, բայց մեկ անգամ համտեսողը հասկանում է, թե ինչին է գումար տալիս։ Գները տարբեր են, օրինակ՝ 8 հոգանոց տորթը 8-9000 դրամ արժի, մակարունները՝ 500 դրամ, կախված նաև ձևավորումից՝ գները կարող են փոխվել»,- նշում է նա։ 

Իննայի թխվածքները Երևանում արդեն հասցրել են սիրել։ Հիշում է՝ Հայաստանում պատրաստած առաջին թխվածքը ազնվամորիով չիզքեյքն էր, նվիրել է բժշկուհի բլոգերներից մեկին, ով իր էջով գովազդել է Իննայի հրուշակեղենը: Բժշկուհի բլոգերին հետևել են այլ բլոգերներ, որոնք համացանցում համտեսել են Իննայի պատրաստած անուշահամ թխվածքները և օգնել նրա նորաբաց բիզնեսին առաջին քայլերն անել ու զարգանալ: 

Արցախն ու հայրենի գեղեցիկ մեծ տունը, որ ամուսնու հետ ստեղծել են և հեռացել, Իննան հուզմունքով և մեծ ցավով է հիշում: Ասում է՝ սեպտեմբերին, երբ ռմբակոծությունը սկսվել է, որոշել էին, որ դուրս չեն գալու, չեն լքելու Արցախը, բայց մեկ էլ այնպիսի խուճապ է տարածվել, որ որոշել են ռիսկի չդիմել։

«Ապաստարանում էինք, ամուսինս վերադարձել է մեր տան մոտ ու տեսել, որ թուրքերն այնտեղ են: Ռուսերենով ասել են՝ արագ հեռացիր: Հեռացել ենք՝ ոչինչ չվերցնելով մեր տնից»,- պատմում է նա և հավելում, որ, բարեբախտաբար, Երևանում մի փոքրիկ տուն էին տարիներ առաջ գնել, քանի որ աղջիկն ուսանող էր, – փոքր է, բայց գոնե հիմա գլխներին տանիք ունենք»։

Երևանում Իննայի ընտանիքի առաջին գնումը որակյալ ջեռոցն է եղել՝ 280000 դրամ արժողությամբ, որն այսօր ընտանիքի նոր բիզնեսի կարևոր սկիզբն է: 

«Ջեռոցը շատ կարևոր է, որ հատկապես բծախնդիր մակարուններս կարողանամ պատրաստել։ Վաճառքից հենց մի փոքր եկամուտ եմ ունենում, վազում եմ խանութ, պակասող պարագաները կամ մթերքները գնում ու արդեն ահագին բան ունեմ»,- ասում է Իննան: 

Երբ նոր էին Երևան տեղափոխվել, Իննան ամանորյա տոնավաճառի մասնակցեց, ամենապահանջվածն այդտեղ ամանորյա թեմատիկայով արված մակարուններն էին։ 1 ամիս տևած տոնավաճառի ժամանակ Իննան հանգիստ չի ունեցել։ Գիշերները չի քնել, որ առավոտյան իրենց տաղավարը կազմ ու պատրաստ լինի։ 

«Ամբողջ գիշեր թխում էի, առավոտյան ամուսինս տանում էր տաղավար, ես մի քիչ հանգստանում էի ու ես էլ էի գնում։ Այդ օրերին բավականին շատ վաճառք եմ ունեցել։ Շատ էի աշխատում։ Ճիշտ է՝ մարմինս հոգնում էր, բայց հոգեպես չէի հոգնում, ուզում էի աշխատել ու արդյունքի հասնել»,- ասում է Իննան։ 

Իննան այստեղ միայն գիշերներն է աշխատում։ Ասում է՝ խոհանոցը փոքր է, գիշերն է աշխատում, որ ներսուդուրս անող, իրեն խանգարող չլինի։ Աշխատելիս լիցքաթափվում է, մոռանում է հոգսերն ու ցավերը, բայց երբ արդեն սկսում է փաթեթավորել, մտքերով է ընկնում, Արցախը հիշում։

Իննան դժվարանում է առանձնացնել, թե հատկապես ո՞ր թխվածքն են շատ սիրել Հայաստանում։ Պատվերներ գրանցում է բոլոր խմորեղենների համար։ Ֆրանսիական մակարունները ևս ամենապահանջվածներից են: Հեղինակային մի քանի թխվածք ունի, որ սիրվել են, օրինակ՝ ազնվամորու ու սպիտակ շոկոլադի, անանուխի ու սպիտակ շոկոլադի միջուկով տորթերը, մեծ ու փոքր տարտերն ու իր ստեղծած յուրահատուկ կրեմներով ռուլետները։ 

«Արդեն հավատարիմ հաճախորդներ ունեմ, ինչն ինձ մեծ հույս է տալիս, որ իմ երազած բիզնեսը հաջողելու է։ Կգտնեմ տարածք ու կբացեմ փոքրիկ սրճարան, որտեղ կերևա, թե ինչպես ենք աշխատում, ինչպես են թխվում»,- ասում է Իննան։

«Արցախը սեր է, սուրբ է, չես կարող մոռանալ»,- ընդմիջում է խոսքն ու հուզվում Իննան: 

Սաթենիկ Հայրապետյան 

MediaLab.am