Գոյության տարածք. Գոհարը եւ Էդգարը

Ստեփանակերտից՝ Շուշի, հետո՝ Երևան. որ սկսած գործն այս ուղեգծով էր զարգանալու, ամուսինները չէին էլ կարող պատկերացնել: Գոհար Առաքելյանն ու Էդգար Թաթիկյանը դեռ 2014-ին Ստեփանակերտում ստեղծեցին «Երեք խնձոր» շրջիկ թատրոնը։ Հետո բնակության տեղափոխվեցին Շուշի ու թատրոնն էլ իրենց հետ տարան։ Բազմաթիվ ներկայացումներ էին հասցրել ցուցադրել՝ թե՛ հայտնի գործերից և թե՛ նոր գրված պիեսներ՝ «Թակ ու մահակ թամբալին», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Անբան Հուռին», «Պոչատ աղվեսը»… Ամուսիններն ասում էին՝ մեկ սկզբունք էր գործում՝ բոլոր պրեմիերաները առաջինը պետք է սահմանամերձ գյուղերում արվեր։

«Երեխաների համար դա մեծ ոգևորություն էր, որ առաջինն իրենք են տեսնում այդ ներկայացումը: Մեր թատրոնն իրականում մեծ հաջողություններ ուներ։ Իհարկե շատ դժվար էր մասնավորի կայացումը, բայց մենք դոնորների բանկ ստեղծեցինք ու մեծ հաջողություններ ունեցանք»,- պատմում է Գոհարը։

Շատերի նման Գոհարն ու Էդգարն էլ ստիպված եղան խաղալ ճակատագրի դառը խաղի կանոններով՝ թողնել հեռվում տունն ու տեղը, տարիների քրտինքով ստեղծածն ու ամեն ինչ զրոյից սկսել։ Շուշիից Երևան հասան։ Հեշտ չէր, ու երկար ժամանակ պահանջվեց ամեն ինչ նորից սկսելու համար, բայց ամուսիններն այսօր հաջողության մասին են խոսում։ 

Տեղավորվել են Երևանի պատմության թանգարանի լուսավոր նախասրահում, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ ուրախ թատրոնի է վերածվում, ինտերակտիվ ներկայացումները նոր շնչով են լցնում թանգարանն ու այդպես՝ արդեն մոտ 1 տարի։ 

«Խաղարան» են անվանել ինտերակտիվ տիկնիկային թատրոնը։ Տիկնիկներն այստեղ կենդանություն են առնում ու փոքրիկ հանդիսատեսին ամենատարբեր պատմություններ ներկայացնում։ Երբեմն՝ ուսուցողական, երբեմն՝ դաստիարակչական ու խրատական։ Թատրոնը, որ Արցախում էր ծնվել, Հայաստանում երկրորդ կյանք առավ։ Գոհարն ու Էդգարն բեմում էլ միասին են խաղում ներկայացումները։

Ամուսինները հիշում են, թե ինչպես ամեն ինչ Շուշիում թողեցին։ Եղածը ճակատագրի հեգնանք են անվանում։ 

2020-ի սեպտեմբերի 19-ին բուժման նպատակով փակել են տան դուռն ու Երևան եկել՝ չմտածելով, որ այլևս հետ չեն դառնալու։

«Մենք անգամ չէինք կասկածում, որ պատերազմ է սկսվելու, էլ ուր մնաց պատկերացնեինք, որ Շուշին ենք կորցնելու։ Բայց հետաքրքիր մի զգացողություն ունեինք, ուզում էինք ամեն ինչ լուսանկարել, Ղազանչեցոց էինք գնացել, շրջում էինք, կարծես զգում էինք, որ էլ չենք տեսնելու։ Տիկնիկներն առանձին սենյակում էին, ես մտա ներս ու ասեցի՝ խելոք մնացեք, մինչև կվերադառնանք»,- հիշում է Գոհարն ու նեղսրտում՝ տիկնիկներին տված խոստումը չկարողացավ պահել։

Բոլոր տիկնիկներին Գոհարն անձամբ էր կյանք տվել, իր ձեռքով կարել։ Տիկնիկագործի մասնագիտություն չունի, ասում է՝ երևի ավելի շատ մանկության չիրականացած երազանք էր, միշտ սիրել է տիկնիկներ կարել, բայց չի փորձել, և երբ արդեն իրենց թատրոնի համար էր պետք, ու ֆինանսական միջոցները չէին բավարարում, որոշեց անձամբ կարել տիկնիկները, ու լավ ստացվեց։

5-6 ներկայացման բոլոր տիկնիկները՝ մոտ 20-25, տեխնիկան ու թատրոնի հետ կապված ամեն ինչ մնացին Շուշիում։ 2020-ից այլևս Արցախ ոտք չեն դրել, ասում են՝ չէին ուզում տեսնել Շուշիում ծածանվող դրոշը։

Երևանում ընտանիքը մինչ այսօր վարձով է բնակվում։ Երկար ժամանակ դեռևս մտքի ծայրով էլ չէր անցնում, որ կարելի է թատրոնը Երևանում վերաբացել։ Հարազատ մարդիկ են կորցրել Արցախում։ Տեղի ունեցած իրադարձություններից հետո թատրոն խաղացնելու սիրտ չունեին։ 

Գոհարը մասնագիտությամբ մանկավարժ էր ու այդ ընթացքում, որը համընկավ կորոնավիրուսի համաճարակի հետ, հեռավար աշխատում էր որպես տարրական դասարանների դասվար, ամուսիններով տիկնիկներով մայրենիի ու մաթեմատիկայի տեսադասեր էին նկարում, Գոհարը նաև աշխատում էր «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամում որպես ուսուցիչներին աջակցող մասնագետ, ու տեսադասեր էին նկարում ծրագրով գործուղման մեկնած ուսուցիչների համար։ Կարճ ասած, օրվա հացի փողը վաստակում էին, բայց սիրած գործը վերսկսելու միտքը չէր նահանջում։

Գոհարը, որն այս ընթացքում նաև մորն էր կորցրել, առաջինը բարձրաձայնեց թատրոնը վերաբացելու ցանկության մասին․

«Մայրս երազիս Շուշիից տիկնիկներիս էր բերում, ու երեխային կերակրելիս անընդհատ պատկերացնում էի, թե ինչ տիկնիկներ եմ պատրաստում։ Իրավիճակն արդեն հանդարտվել էր, Էդգարին ասեցի, ու միասին սկսեցինք նորից աշխատել այդ ուղղությամբ։ Փառք Աստծո, չսխալվեցինք»,- պատմում է Գոհարը։ 3-5 օր է պահանջվում մեկ տիկնիկը պատրաստելու համար։ Գոհարը գործի անցավ ու սկսեց նորից տիկնիկներ կարել, ու առաջին ներկայացման տիկնիկներն արդեն պատրաստ էին։

Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներից մեկի՝ Մարինա Խաչմանուկյանի հետ էին կիսվել իրենց մտադրությամբ, ու Մարինան, որը ևս տիկնիկների անձնական ցուցադրություն ունի թանգարանում, առաջարկել էր ներկայացումներն իրականացնել թանգարանի նախասրահում։

«Տանիք չունենալով՝ Մարինան մեզ տանիքով ապահովեց, ինչի համար անչափ շնորհակալ ենք»,- ասում են ամուսինները։

Լուսավոր նախասրահում գետնին հարմար տեղավորվել էին 4-րդ դասարանցիներն ու հույզերի մասին պատմող «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները» ներկայացումն էին նայում։ Մեկ ու մեջ ակտիվ արձագանք տալիս, հետո՝ հանդարտվում։ Այս ներկայացումը Երևանում ցուցադրած առաջին ու ամենահաջողված գործն էր։ Սա Աննա Լենասի «Գույների հրեշը» ներկայացման հայաֆիկացված տարբերակն է։ Հիշում են՝ առաջին ներկայացումը 2023-ի հուլիսին էր, ու դահլիճն առավելագույն չափով լցված էր։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ամռան սեզոն, արձակուրդի սեզոն, մենք առաջին ներկայացումն ենք անում, ու ընդամենը մեկ գովազդ Ֆեյսբուքում, ու մեր դահլիճը այդքան լցվեց, մոտ 50 հանդիսատես ունեինք։ Շատ անսպասելի էր ու շատ հաճելի»,- պատմում է Էդգարը։ 

Ներկայացման վերջում ինտերակտիվ հատված կա, երբ սերն է գալիս, ու երեխաները ձեռքները դնում են սրտին ու տալիս այն մարդու անունը, որի հետ կռված են, և ասում են, որ սիրում են այդ մարդուն։ Այս հատվածի ժամանակ երեխաները սովորաբար շատ են անկեղծանում։

«Օրինակ՝ մի անգամ երեխաներից մեկը գոռաց, որ երբեք մայրիկին չի ների։ Դասղեկն էլ մի անգամ ասաց, որ այդ պահին նկատել է, որ աղջիկներից մեկը պտտվել ընկերուհուն է նայել, ու այդտեղից հասկացել է, որ կռված են, բայց այստեղից հաշտված են դուրս եկել»,- պատմում է Էդգարն ու նաև հիշում, որ ներկայացում են ունեցել, երբ ընդամենը 7 հոգի էր ներկա, բայց խաղացել են։ Այդ օրվա ներկայացմանը դասարան էր գալու, բայց վերջին օրով չեղարկել էին, ու դահլիճն այդպես կիսադատարկ էր մնացել։ 

Դահլիճի վերածված թանգարանի նախասրահում 30-50 հոգի կարող է տեղավորվել, տոմսի արժեքը 2000 դրամ է։ Ասում են՝ հանդիսատեսը սիրում է գրեթե բոլոր ներկայացումներն էլ, քանի որ երբ որոշում կայացրին վերաբացվել, իրենց համար սկզբունք որդեգրեցին՝ հանդես գալ միայն նորանուն ներկայացումներով, որոնք Հայաստանում նախկինում չեն բեմադրվել։ 

«Երևի հենց դա էր մեր հաջողության գաղտնիքը։ Հիշում եմ՝ մի ծնող եկավ ու ասաց. «Ո՞նց կարող է մի ներկայացումը հետաքրքրել և՛ 4, և՛ 11 տարեկան երեխաներին», իսկ ներկայացումից հետո մոտեցավ, ասեց՝ փաստորեն կարող է։ Ինքն իր փորձով էր համոզվել, որ մարդկային հույզերի մասին այս ներկայացումը գրավում է տարբեր տարիքային խմբի երեխաների»,- հիշում է Էդգարը։

Երևանի պատմության թանգարանում արդեն 20-ից ավելի ներկայացումներ են ունեցել, 550-ից ավելի հանդիսատեսի ընդունել։ Նաև հյուրընկալվել են դպրոցներում, կրթահամալիրներում, մանկապարտեզներում։ 

Թատրոնում հիմա աշխատողները երեքն են. Էդգարը, Գոհարը և օգնական Անուշիկը՝ Շուշիից, բայց հիմնադիրները նշում են՝ ընդլայնվելու, նոր աշխատակիցներ ընդունելու մտադրություն ունեն։

Այսօր երկու նոր գործերի վրա են աշխատում, որից մեկը 2+ տարիքի երեխաների համար է՝ «Շատ սոված թրթուրը», մյուսը՝ առակափունջ է։ Այս ներկայացումները հանդիսատեսի պահանջով են կյանքի կոչվելու։ 

«Ասում են՝ երազանքներն իրականանալու հատկություն ունեն, մենք էլ մեր երազանքի մասին բարձրաձայնենք՝ երազում ենք այնքան ընդլայնվել, որ երկու տարբեր խմբերով տարբեր վայրերում ներկայացումներ ունենանք»,- ասում են ամուսինները։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am