Առանց ընտանիքի. մանկատան երեխաներն ամեն օր սպասում են իրենց ծնողներին

Առանց ընտանիքի. մանկատան երեխաներն ամեն օր սպասում են իրենց ծնողներին
Առանց ընտանիքի. մանկատան երեխաներն ամեն օր սպասում են իրենց ծնողներին

4-6 տարեկան 7 երեխաներ, շարքով կանգնած, կրկնում են բերքի, աշնանային գույների ու անձրևի մասին իրենց սովորած բանաստեղծություններն ու երգերը, լսում դաշնակահարի հրահանգները… Գյումրու «Երեխաների տուն» հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատան սաները պատրաստվում են աշնան հանդեսին:

4-ամյա Լիլիթ Զաքարյանի սկոլիոզը չի խանգարում նրան բերք ու բարիքի խորհրդանշան Աշուն տատիկի նման շրջել դահլիճում` ավետելով աշնան գալը: Լիլիթը հագել է իր սիրած վարդագույն վերնաշապիկը, և ինչքան էլ դաստիարակները համոզել են աղջկան, որ աշնան գույներին համապատասխան դեղին կամ կարմիր շորեր հագնի, նա չի համաձայնել. «Ես եմ աշունը, ինչ գույն ուզեմ` դա էլ կլինեմ»:

Թեև Արտյոմը, Աննան ու Աիդան առավոտյան վաղ դժվարությամբ են արթնացել, այժմ, տեսնելով Լիլիթի վարդագույն աշնանային տրամադրությունը, վարակվել են, երգ ու պարով դիմավորում են Աշուն տատիկին:

Նրանք բոլորը փորձում են իրենց ուրախությունն ու բերկրանքը փոխանցել 6 շաբաթական Արթուրին, ով Գյումրու «Երեխաների տուն» հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատան ամենափոքր սանն է: Ծնողները լքել են տղեկին, քանի որ մանուկը նապաստակի շրթունքով է ծնվել:

«Երեխաների տունը» որպես մանկատուն գործում է 1945 թվականից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ ու ֆինանսավորմամբ գործող այս հաստատությունում այժմ ապրում է առանց ծնողական խնամքի մնացած, Հայաստանի տարբեր մարզերից այս մանկատուն բերված հաշմանդամություն ունեցող 0-6 տարեկան 130 երեխա:

Դիմածնոտային խանգարումներ, վերջույթների սերտաճում, նապաստակի շրթունք, սկոլիոզ ունեցող երեխաները հիմնականում մտավոր խնդիրներ չունեն: Մասնագետների կարծիքով` ծնողները հաճախ անտեղյակ են, որ նման ֆիզիկական արատների զարգացումը հնարավոր է կանխել մի քանի վիրահատությունից հետո:

Երբեմն էլ նաև հասարակական կարծիքն է ստիպում ծնողին հրաժարվել հաշմանդամություն ունեցող երեխայից: «Երեխաների տան» հոգեբան Աննա Թամազյանը «Մեդիալաբին» ասում է, որ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր խնդիրներ ունեցող ցանկացած երեխա կարող է լիարժեք կյանքով ապրել, եթե հատուկ մանկավարժը կամ հոգեբանն աշխատի երեխայի հետ, գտնի նրա ունակությունների դաշտն ու հնարավորությունները, իսկ ծնողը հոգատար և համբերատար լինի:

Տարիքն ու հաշմանդամության տեսակը հաշվի առնելով` մանկատան երեխաներին համախմբել են 10 խմբերում:

«Նրանք ամեն օր քնում և արթնանում են իրենց խնդիրների նման խնդիրներ ունեցողների հետ, և աշխարհն այս երեխաների համար իրենց սենյակի 15 ընկերներն են, թեև փորձում ենք նրանց դուրս տանել, զբոսնում ենք փողոցում, սակայն, միևնույն է, նրանց տունն ու աշխարհն այստեղ է»,- ասում է Թամազյանը:

Նրանք կյանքի առաջին վեց տարիներն ապրում են Գյումրում, սովորում Գյումրու բարբառը, այնուհետև նրանց տեղափոխում են` ուսում ստանալու համար երեխաները կյանքի հաջորդ փուլն ապրում են Խարբերդի մանկատանը:

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանի գնահատմամբ` մեկ հաստատությունից մյուսը տեղափոխելը հոգեբանական տրավմա է երեխայի համար: Նա կարծում է, որ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատությունները պետք է դիֆերենցվեն ըստ կարիքի, քանի որ երեխան իրենց մանկատանն է հայտնվում, օրինակ` հաշմանդամության պատճառով, իսկ տեղափոխվում է այնտեղից ոչ թե հաշմանդամությունից ազատվելու շնորհիվ, այլ կրթության նպատակով:

«Երեխաների տեղափոխությունը մի մեծ խնդիր է, նրանք աչքերը բացում են այստեղ, մի փոքր հասունանում և տեղափոխության ենթարկվում»:

6-ամյա Աիդա Շահզադյանը մանկատան ամենամեծ սանն է ու շուտով պիտի հեռանա: Դաստիարակներն արդեն նախապատրաստական աշխատանքներ են սկսել, բայց նա չի ուզում ընկերներից հեռու ապրել. «Համ էլ ըսել են` ընդեղ պիդի Լեննագանի լեզվով չխոսիմ, չիդեմ ուրիշ լեզու, ինչըղ պիտդ էնեմ»:

Տարիներ առաջ մանկատունը լքելու իր հերթին էր կանգնել նաև 19-ամյա Խորեն Սիմոնյանը, ով ունի հենաշարժական ապարատի բնածին ախտահարում, սակայն հրաժարվել էր Խարբերդի մանկատուն գնալուց` ասելով. «Ես իմ Գյումրին չեմ կրնա թողնել»:

Տղայի համառությունը հաղթել էր, նա մնացել էր Գյումրում` տեղավորվելով «Հույս» մանկատանը: Այժմ Խորենը սովորում է Գյումրու երաժշտական քոլեջում, երազում է հայտնի երգիչ դառնալ, շատ փող վաստակել ու մեծ ընտանիք ունենալ:

«Քնքուշ լուսնի շուշան փոշին վառվեց գետնի վրա,- երգում է Խորենը, ապա, կիսատ թողնելով երգը, ասում,- սիրածս աղջիկը պիտի ընդունի ինձի հենց ըսպես, պիտի էղնի մաքրասեր, աշխատասեր, երբեք էլ չմտածի երեխաներին մանկատուն հանձնելու մասին, որ ինձ նման սաղ կյանքը ծնողին սպասելով չապրի իմ էրեխեն»:

Մեկ տարեկանից բարձր տարիքում մանկատուն հանձնված երեխաները մշտապես սպասում են` ամեն օր արթնանում և հարցնում են դայակներին` «մամաս էսօր չեկա՞վ», սակայն շատ քչերի ծնողներն են կրկին ոտք դնում Գյումրի:

«Երբ երեխաներին հանձնում են մանկատուն, առաջին ամիսը այցի գալիս են, ապա զանգերն ու այցերը նվազում են, որպես կանոն` նաև վերանում»,- ասում է Ավագյանը:

Սակայն անգամ մտավոր հետամնացություն ունեցող երեխաները, տնօրենի խոսքով` միշտ հիշում և ճանաչում են իրենց ծնողներին, որքան էլ ծնողն ուշ է այցելում, երեխան ներողամիտ է` գրկում, սիրում է իր ծնողին:

Այդուհանդերձ, երեխաներին ընտանիք վերադարձնելու հարցը, Ավագյանի բնորոշմամբ, երազանքի պես մի բան է.

«Գրեթե անհնար է սակավաթիվ այցերի ընթացքում ծնողին բացատրել, որ երեխան կարող է լիարժեք կյանքով ապրել, կամ որ իրենց երեխայի նապաստակի շրթունքը վիրահատվել է և առողջ է: Պատահել է նաև, որ ծնողները հետ են վերցրել երեխային, մեկ օր պահելուց հետո կրկին հանձնել մանկատուն»:

Անցած 20 տարիներին միայն մեկ երեխա է մանկատնից վերադարձել ընտանիք:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փոխներկայացուցիչ Քրիստինա Ռոչելլան Հայաստանում ապրելու շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների չի տեսել փողոցներում. «Երկու տարբերակ կա` կամ նրանք գոյություն չունեն, կամ թաքնված են, մնում են ստվերում»:

Ռոչելլան նշում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ներառելը մեծ մարտահրավեր է հայ իրականության համար.

«Օրինակ` Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաներից շատերը բավական ակտիվ են, խաղում են, զբաղվում տարբեր բաներով: Կան երեխաներ, ովքեր փոքր ֆիզիկական արատներ ունեն, սակայն կյանքում բավական անկախ են, դա խնդիր չէ նրանց համար: Ցավոք, նման երեխաներին ծնողները հանձնել են մանկատուն»:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչն ասում է` իրենց հիմնական առաքելությունն է հաշմանդամ երեխաների անունից «գոռալ» նրանց իրավունքների մասին, քանի որ ինչքան էլ խնամված ու գեղեցիկ տեսք ունենա հաշմանդամ երեխաների մանկատունը, այն չի կարող փոխարինել ամենաանշուք տան մթնոլորտին:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի դիտարկմամբ` երեխաների իրավունքների պաշտպանությամբ տարվող քաղաքականության տրամաբանությունը պահանջում է, որ երեխան մեծանա ընտանիքում, չլինեն մանկատներ ու նման այլ հաստատություններ:

Բախշյանը պարբերաբար այցեր է կատարում տարբեր մանկատներ, հատուկ հաստատություններ, և Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ կատարած նման մի այցից հետո տեղեկություններ էին տարածվել մանկատանն ապրող սաների տարիքը կեղծելու, այլ կոռուպցիոն հարցերի վերաբերյալ:

«ՀՀ-ն, կարծես թե, որդեգրել է հատուկ հաստատությունները փակելու քաղաքականություն, բայց երբ գալիս է գործնականի ժամանակը, անտեսանելի արգելքներ են հանդիպում: «Երեխաների տուն» մանկատանը կան երեխաներ, որոնք ունեն հաշմանդամություն, բայց կարող են լիարժեք սովորել: Այդ մանկատունը երեխաների կրթության իրավունքն անհրաժեշտ կերպով չի իրականացնում»,- նշում է Բախշյանը:

«Երեխաների տուն» մանկատան յուրաքանչյուր երեխայի համար պետությունը տարեկան 7600 դոլար է ծախսում: Բախշյանի խոսքով` այդ գումարը ընտանիքին չի հատկացվում, քանի որ կան կոռուպցիոն խողովակներ. «Պետության կողմից մանկատների վերացման քաղաքական կամք չկա, գումարը կա, կարող են նստել ու երեխայի շահերից բխող քաղաքականություն մշակել, սակայն դա չի արվում»:

Մանկատան տնօրենը, սակայն, ասում է, որ իրենք կոռուպցիոն որևէ սխեմաներում ընդգրկված չեն ու որևէ գումար չեն թաքցնում:

Միևնույն ժամանակ, իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին մանկատանը տեղ հատկացնելու ծնողների դիմումների հոսքը շարունակվում է.

«Խոստանում են`«անպայման ամեն ամիս կգամ այցելության», սակայն շուտով մոռանում են իրենց հաշմանդամ երեխային այն աստիճան, որ անգամ երեխայի մահվան դեպքում հրաժարվում են գալ և դիակը տանել»,- ասում է Ավագյանը:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարները`Փիրուզա Խալափյանի

Տես Ֆոտոպատմությունը

Գյումրի

© Medialab.am