Արթուր Դալլաքյան. «Գործ չտվողների» խոսնակն ԱԺ-ում

Արթուր Դալլաքյան. «Գործ չտվողների» խոսնակն ԱԺ-ում
Արթուր Դալլաքյան. «Գործ չտվողների» խոսնակն ԱԺ-ում

Ուրբաթ խորհրդարանը քննարկում էր «Տեսանկարահանող սարքերով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու ու ոստիկանություն ուղարկելու մասին» օրենքի նախագիծը: Այսինքն՝ մարդն իրեն հասանելի միջոցներով, հատկապես սմարթֆոն հեռախոսով նկարահանում է վարորդի արած խախտումը և անմիջապես ուղարկում է ոստիկանություն, որի համար դրամական պարգև է ստանում: Կարճ ասած՝ վարձատրվում է: 

ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որի մասին առաջին անգամ իմացանք այս օրինագծի քննարկման ժամանակ, քննարկումից մի իսկական բոլոլա սարքեց, օրինագիծը համարեց «բարոյականությունից զուրկ»: Այս ձևակերպման իրական ակնարկը օրինագծի հեղինակ «Իմ քայլի» պատգամավորները դեռ պետք է մարսեն: Արթուր Դալլաքյանը ժողովրդին հասկացնում է, որ այս օրինագիծը «տղամարդու» օրինագիծ չէ, «գործ տվողը» տղամարդ չէ: Ինչո՞ւ: Որովհետև տղամարդը նա է, ով չի «ծակվում», հատկապես ոստիկաններին:

Սակայն պատգամավորը չի ասում, թե այդ դեպքում ո՞վ է աղջիկը, որը կնկարահանի խախտումը: Հատկապես որ, աղջիկներն ավելի հաճույքով կանեն դա: Այն, որ պետությունում իսկապես իրավիճակ է փոխվել, ու նախկին բարքերով կառավարումն այլևս չի լինելու, Արթուր Դալլաքյանը ծանր է տանում: Նրա ԲՀԿ-ական որոշ գործընկերներ՝ նույնպես: Որովհետև էս օրինագիծը ենթադրում է քաղաքացուն ազատել քրեական մտածելակերպից։ Էս նախագիծը ենթադրում է, որ այսուհետև քաղաքացին պիտի մասնակցի ապօրինության բացառմանը կամ բացահայտմանը։ Այսինքն՝ վերջ «գործ տալուն»։ 

Պարոն Դալլաքյանն օրինագծի հեղինակներին զգուշացնում է, որ նկարահանվողը կարող է լինել նկարահանողի հարազատը: Ի հետևանս՝ մարդիկ կթշնամանան իրար հետ: Նախ՝ ավելի վատ խախտում անողի համար, որն արժեքային ընդհանուր ոչինչ չունի իր հարազատի հետ: Երկրորդ՝ ով ում հետ կթշնամանա՝ պետության գործը չէ։ Էդ մասին թող մտածի խախտում անողը։ Իսկ եթե հարազատը չէ՞: Ինքը ո՞նց է պատկերացնում՝ նկարահանողի հետ հաշիվ մաքրել, մինչև իրար կհասկանա՞ն։ Բայց նա չի դադարելու մեքենան վարել ըստ իր քմահաճույքի։ Եվ հետո ո՞վ ասաց, որ խախտում անողն իմանալու է, թե ով է նկարահանել: Օրենքը դա կարգավորում է: Փոքրիկ ուշադրությունը, պարո՛ն Դալլաքյան, չէր խանգարի: 

Իրականում խիստ հասկանալի է, թե դուք ինչու եք դեմ «գործ տալուն»։ Որովհետև հաշիվ մաքրելը ձեր ինստիտուցիան է, պետությունը դրա հետ գործ չունի։ Պետությունը դա դնում է օրենքի տակ, իսկ դուք բռնում ու ոտքերն եք ջարդում։ Պետությունը կարող է ձեր վնասը չվերականգնել, իսկ դուք դրա համար կարող եք մարդուն «թավանի» տակ գցել, պարտավորեցնել, որ որտեղից ուզում է, թող գումարը ճարի, թե չէ «կնգան ու էրեխեքին» կուղարկի մյուս աշխարհ։ Պետության համար հանցանքի մեջ չբռնվածը մնում է հանցագործ, ձեր «պանյատներում» «հանցագործ» բառը չկա։ 

Բայց եկեք պայմանավորվենք այսպես՝ դուք հրաժարվեք ձեր մանդատներից, գնացեք գտեք ձեր նմաններին ու, եթե կարող եք, նրանց հետ ապրեք ձեր «օրենքներով»։ Իսկ այսօր դուք ԱԺ եք ներկայացնում, ձեզ մանդատ տվողը գուցե չգիտեր ձեր «քաղաքական» դիրքորոշումը «գործ տալու» ինստիտուտի մասին, բայց պետության դիրքորոշումը երկաթյա է ու ոչ լեռնային։ Իսկ քաղաքացին ոտքի եղունգից մինչև մազի ծայրը պետության ներկայացուցիչ է։ Պետությունը պիտի կարգուկանոն սահմանի ամենուր՝ և՛ ձեր բիզնեսում, որը կարող է թալանվել, որի 50 տոկոսի մեջ ինչ-որ մեկը պետությունից թաքուն, ուղղակի ռեկետի սկզբունքով կարող է «փայ մտնել», և՛ ճանապարհատրանսպորտային երթևեկության մեջ, ամենուր, որտեղ երկու քաղաքացին կարող են իրար դեմ հայտնվել ճակատ ճակատի։ 

Մենք, իհարկե, հասկանում ենք, որ «տղեն» չպիտի «գործ տա»։ «Գործ տալը» ենթադրում է «ռազբիրատ»։ Քրեական այս մշակույթը, կարծեմ, 30-ականներից է գալիս։ Վերջին 20 տարիներին Հայաստանում հենց քրեական տարրն էր իշխանության մեջ, պետությունն զբաղված էր «ռազբիրատով», պետությունը քաղաքացուն հանձնել էր քրեականների ձեռքը ու քաղաքացի-քրեական «հարաբերությամբ» իշխանություն էր ձևավորում։ 

Հիմա պարզ է, թե գողականակերպ Արթուր Դալլաքյանն ինչու՞ է դժգոհ օրինագծից՝ «կլիենտը» փախչում է ձեռքի տակից, «կլիենտը» դառնում է քաղաքացի։ Գողականությունը մնում է առանց հենարանի։ Այսինքն՝ փողոցում, ճաղերից դուրս նրանց իշխանության վերջը գալիս է։ Քոչարյանիզմն ու սերժսարգսյանիզմը՝ որպես «կառավարման» փիլիսոփայություն, գրողի ծոցն են կորչում։ Այսինքն՝ իշխանության ձևավորման համար անհրաժեշտ նախկին էլեկտորատը «մեռնում» է։

Հանգստություն մաղթենք ընդդիմացողներին։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am