Ամբողջ երկրով մեկ արևելյան կլկլոց է հնչում, սրանով չեն զբաղվում, հիմնի փոփոխություն են մեջտեղ բերում. երգահան, կոմիտասագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգահան, կոմիտասագետ, խազագետ, «Ակունք» անսամբլի ղեկավար Արթուր Շահնազարյանը

-Պարո՛ն Շահնազարյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են ՀՀ օրհներգից հանել վերջին քառատողը և նախավերջին քառատողը դարձնել օրհներգի վերջաբան։ Այսինքն՝ «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի» տողերին պետք է փոխարինեն «Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան» տողերը: Ձեր մասնագիտական գնահատականը ո՞րն է այս հարցի վերաբերյալ։

– Մանկապարտեզ է ընդհանրապես այդ վերջին տունը փոխելը, եթե փոխվում է՝ ամբողջ օրհներգը պետք է փոխվի, օրինակ՝ պետք է բերվի Արամ Խաչատրյանի այդ հզոր մեղեդին, Հայաստանի օրհներգը, որ կար Սովետական Միության տարիներին, բառերը փոխեն, նոր բառեր թող դնեն, որ այդքան ուզում են, բայց լինի Արամ Խաչատրյանի այդ հանճարեղ երաժշտությունը։ Ինչու դա՛ չեն անում՝ չեմ հասկանում, այդպես էլ մնաց անհայտ։

– Այժմյան օրհներգում դուք խնդիրներ նկատո՞ւմ եք, օրինակ՝ ձեր որոշ կոլեգաներ ասում են, որ այն ամբողջությամբ մահերգ է։

– Գործողի եղանակն ուղղակի հայեցի չէ, եվրոպական է, հայկական չէ։ Օրինակ՝ մենք կհամաձայնեի՞նք հայ լինելով հանդերձ, որ մեր օրհներգի բառերը լինեին իտալերեն, իհարկե ոչ։ Նույնը վերաբերում է երաժշտությանը, որովհետև այն ևս լեզու է, ինչպես կա խոսելու լեզու, նույնպես կա երաժշտության լեզու, և մեր հիմնի երաժշտական լեզուն հայերեն չէ։ Երաժշտությունն էլ լեզու է՝ ազգային-երաժշտական լեզու, Կոմիտասը ձևակերպել է, թե որն է մեր սիստեմը, երաժշտությունը։ Տեքստի մասով որ ասում են, ի դեպ, նույն կարգի բաներ ասում է նաև պետությունը, որ ժողովրդի ոգին կոտրվում է, մարդու ծիծաղ է գալիս:

Ի՞նչ ոգի կոտրելու մասին է խոսքը, երբ նույն պետությունը Սնուփ Դոգին է ընտրել որպես չափանիշ, որ մեր ազգը դաստիարակվի, ինչի՞ մասին է խոսքը։ Ազգային երաժշտությունը զարգացնելու տողով պետբյուջեից դուրս են գրում մոտ վեց միլիոն դոլար, որ գումար տան ինչ-որ ռեպերի բերեն, երբ Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։ Ադրբեջանը կհամաձայներ Արցախը տար, բայց ունենար Արամ Խաչատրյան, դրանով ինքը կդառնար մեծ ազգ, հայերը գիտակցո՞ւմ են, թե ինչ ունեն, չե՛ն գիտակցում, ամբողջ Արևելքն այդ մեծության կոմպոզիտոր չունի։ Մոռացել են այդ մարդուն, ո՛չ մեր դպրոցներն են նրանով ապրում, ո՛չ էլ ժողովուրդը, դրել են մի կողմ, չկա՛ այդ մարդը, գոյություն չունի։ Այդ մարդու հիմնն էլ վերցրեցին ու մի կողմ նետեցին։ Հիմա այս հիմնի վերջին տունը թող հանեն, ի՞նչ տարբերություն, ոչ մի տարբերություն չկա։

– Պարո՛ն Շահնազարյան, իսկապե՞ս գործող հիմնը չի համապատասխանում այսօրվա իրավիճակին, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները։

– Ախր դա խնդիր չէ, քննարկման թեմա չէ, դա մարդկանց շեղելու միջոց է, որ քննարկում ենք էլ, ընկնում ենք այդ հոսանքի մեջ։ Դա դատարկ հարց է, հարցն այլ տեղ է։

– Որտե՞ղ է։

– Ազգային մշակույթը նոր սերնդին փոխանցելու մեջ է, ինչն ամբողջությամբ մի կողմ է դրված, Սնուփ Դոգով են ուզում ժողովրդին դաստիարակել ու հիմա ընկել են շեղող խոսակցությունների հետևից, որ ժողովրդին զբաղեցնեն, հանկարծ գլխավոր հարցերը չքննարկեն, որ Արամ Խաչատրյանի մասին մոռացել են, որ մեր ժողովրդին չի փոխանցվում իր ազգային մշակույթը, որ մեր ժողովուրդը կտրված է իր ժառանգությունից։ 

Մի առած ունենք, ասում է՝ «Ջուրը ջրաղացն է տարել, տերը չախչախն է ման գալիս»։ Հիմա սրանցն է, գլխավոր հարցերը թողած՝ օրհներգ են երևան բերել։ Ամբողջ երկրով մեկ արևելյան կլկլոց է հնչում, սրանով չեն զբաղվում, հիմնի փոփոխություն են մեջտեղ բերում։ Երաժշտությամբ արդեն ընդունել են մուսուլմանական կրոնը, իբր քրիստոնյա ենք, այդ կլկլոցներով են ապրում, հարսանիքներին էլ է դա հնչում, պետությունն ի՞նչ է ձեռնարկում դրա դեմ, փողերը մսխվում են լրիվ այդպիսի հիմարությունների վրա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am