Մեր բլոգերը ակնհայտորեն ինչ-որ համաձայնություններ ու խոստումներ է տվել Էրդողանին ու Ալիևին ու մեզ նախապատրաստում է ինչ-որ բանի. Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– «Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ». Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը, ըստ ձեզ, ի՞նչ մեսիջ է պարունակում, պարո՛ն Սահակյան։

– Նախ ճիշտ կլինի խոսենք, թե ինչո՛ւ ենք հասել բլոգերի կառավարման։ Մարդն իր կառավարման օրոք հասարակությանը ու պետությանը հասցրել է մի կարգավիճակի, երբ մենք ունենք անվտանգային լրջագույն կորուստներ, ու փոխանակ օր ու գիշեր աշխատեն, հաշվի առնելով նաև աշխարհում տեղի ունեցող այս զարգացումները, մարդը բլոգերություն է անում։ 

Այս մարդն անպատասխանատու ստախոս է, այս վարքագիծը թքած ունենալ է սեփական գործի վրա, թքած ունենալ է բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք իրեն ձայն են տվել։ Մեր բլոգերը ակնհայտորեն ինչ-որ համաձայնություններ ու խոստումներ է տվել մեր փոխարեն Էրդողանին ու Ալիևին ու մեզ նախապատրաստում է ինչ-որ բանի։ Առաջին անգամը չէ, որ ինքը տողատակերով բաներ է հասկացնում հանրությանը, սա պետության ղեկավարին բնորոշ վարք չէ, ինչը լավ բանի չի հասցնելու մեզ։ 

– Ի՞նչ խոստումներ նկատի ունեք, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Ինչ ուզեք, նրանից ամեն ինչ սպասելի է։ Հիշում ենք, թե պատերազմի ժամանակ ինչեր էր ասում ու մեկ էլ հայտարարեց, թե «նույն արդյունքը կարող էինք ունենալ, բայց առանց զոհերի»։ Նա ցանկացած ստահոդ պատճառ կարող է բերել, թե ինչու մեզ չի ասել իր ձեռք բերած համաձայնությունների մասին։ Այս մարդու քաղաքականությունը մեր թշնամիների պահանջները բավարարելն է․ Ադրբեջանն օր ու գիշեր խոսում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին, իսկ իրենք մեկ բառ անգամ չեն ասում՝ հակադարձելու համար։ Մենք գործ ունենք հակապետական գործչի հետ։ 

Նիկոլ Փաշինյանն իր անունը գրեց Հայոց պատմության մեջ՝ որպես թշնամի, դավաճան, նա սերնդեսերունդ չի մոռացվելու, անկախ նրանից՝ մենք պետություն կամ անկախություն կունենանք, թե ոչ։ Չնայած այնպես չէ, որ մեր այսօրվա սերունդը պարտված ու ոչնչացված է, որքան էլ փորձում են դրանում մեզ համոզել, մենք դեռ հնարավորություն ունենք, ու այդ հնարավորությունը դեռ սպառված չէ, որպեսզի մեր ապագան չլինի այնպիսին, ինչպիսին ուզում են Էրդողանն ու Ալիևը։ 

Իհարկե, դա հեշտ չի լինելու, բայց ոչ մի ազգի էլ դա հեշտ չի տրվել, դա ճանապարհ է, որով անցնում են բոլոր ազգերը։ Բայց որպեսզի մենք կարողանանք խոսել մեր անվտանգության, մեր ուրիշ ապագայի մասին, նախևառաջ պետք է ձերբազատվենք Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանությունից, որովհետև նրա պարագայում անհնար է խոսել այդ մասին, նրա ստախոսությունը սահմաններ չունի, նրա արժեքային անկման ու անբարոյականության վերջը չի երևում, նա ամեն ինչի պատրաստ մարդ է։ Վայրկյան առաջ նրանից ձերբազատվել է պետք, որպեսզի կարողանանք խոսել մեր այսօրվա ու վաղվա օրվա մասին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am