«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից:
– Ըստ ամենայնի, հանդիպմանը քննարկվելու է խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, որովհետև համենայնդեպս Երևանի համար դա ունի շատ կարևոր նախընտրական նշանակություն, ցույց տալու, որ խաղաղության օրակարգն ինչ-որ արդյունքի է հասել:
Իհարկե, անգամ այդ արդյունքը լինելու դեպքում կլինի շատ հարաբերական ու պայմանական, որովհետև խաղաղության պայմանագիր ասվածն առավելապես լինելու է փաստաթուղթ, քանի դեռ Ադրբեջանը, մենք տեսում ենք, խոսում է բացառապես միակողմանի պահանջների տրամաբանությամբ ու նույնիսկ խաղաղության պայմանագրից դուրս:
Բացի այն, որ ներկայացնում են անմիջապես հենց պայմանագրի հետ կապված պահանջներ, նաև ներկայացնում են անմիջականորեն պայմանագրի տեքստի բովանդակությունից դուրս պայմաններ, ինչպես, օրինակ՝ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ», ճանապարհների կամ իրենց ասած «միջանցքի» հարցում, տեսնում ենք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չի մեկնարկում, չնայած կանոնադրությունը հաստատել են նախորդ տարի: Որպես կանոն՝ չի մեկնարկում, որովհետև Ադրբեջանը դնում է ինչ-որ պահանջներ, որոնց Երևանը պետք է ադապտացվի:
Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ եթե անգամ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով համաձայնություն լինի, դա կլինի այն դեպքում, եթե Երևանը քիչ թե շատ բավարարի Ադրբեջանի թե՛ հրապարակավ, թե՛ ոչ հրապարակավ ներկայացվող պայմանները, այլ տարբերակ գործնականում չեմ տեսնում:
– Եթե անգամ պաշտոնական Երևանը բավարարի այդ պահանջները, Ադրբեջանը պատրա՞ստ է այդ թուղթը ստորագրելու:
– Կարծում եմ, որ որոշակի պայմաններ բավարարելուց հետո Ադրբեջանը կարող է ստորագրել, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ փաստաթուղթը չի պատասխանում խաղաղության վերաբերյալ բոլոր հարցերին:
Ադրբեջանը եկել է տեքստի շուրջ համաձայնության, սա նշանակում է, որ տեքստի առումով Ադրբեջանն այլևս որևէ խնդիր չի տեսնում, բայց այդ համաձայնությունը Բաքուն ծառայեցրել է արդեն հաջորդ՝ լրացուցիչ պայմաններ ներկայացնելուն, այսինքն՝ ինքնին ստորագրման փաստը Երևանի վրա հնարավորինս թանկ քաղաքական գնով վաճառելու, ու եթե Երևանն այդ գինը տա, Ադրբեջանն էլ համարի, որ պայմանագիրը ստորագրելու պատեհ պահն է, կստորագրի, առավելևս, որ դա մեծ հաշվով Ադրբեջանի ձեռքերը չի կապում, որովհետև մի քանի առանցքային հարցեր այլ գործընթացներով են գնում:
– Պարո՛ն Բադալյան, Երևանը պատրա՞ստ է այդ գինը վճարել Ադրբեջանին:
– Չեմ կարող ասել, բայց այն, որ Երևանն ուզում է այդ պայմանագրի ստորագրումը, անկասկած է, որովհետև բաց տեքստով է հայտարարել: Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի ընթացքում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը դա շատ բաց նշեց, որ հասարակությունը աջակցում է Հայաստանի խաղաղության օրակարգին, բայց եթե չլինեն տեսանելի արդյունքներ, հասարակությունը կարող է կրկին վերադառնալ նախկին մոտեցումներին:
Երևանը գուցե իր հերթին փորձում է ճկուն լինել ու ցույց տալ, որ եթե շատ բարձր գին պահանջեն այդ պայմանագրի ստորագրման համար, դա ռիսկի կենթարկի պրոցեսն ընդհանրապես ու կարող է Հայաստանում բերել ընդհուպ իշխանափոխության: Ես կարծում եմ, որ Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները իրենց տողատակում կարող են ունենալ այդպիսի հնարավոր մոտիվներ, ու այդ իմաստով թե ի՛նչ արդյունք կստացվի, բնականաբար, դժվար է միանշանակ ասել:
Ես կարծում եմ՝ վաղը Աբու Դաբիում լինելու է քննարկում այս բոլոր շերտերի հարաբերակցությամբ հանդերձ, թե կողմերն ի՛նչ արդյունքի կհասնեն կամ չեն հասնի, կերևա հանդիպումից հետո:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















