«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը
– Պարո՛ն Սահակյան, Հայաստանի հանրապետական կուսակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել ու կարծում է, որ ժողովրդի ճնշմամբ կհասնի արդյունքի: Հաջողության հասնելու շանսեր կա՞ն:
– Բնականաբար չեն հաջողելու, որովհետև նրանց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չէ, նրանց նպատակը նախընտրական փուլի ակտիվացումն է: Նրանց նպատակն իրենց մասին հիշեցնելն է, որ լրատվամիջոցները իրենց մասին գրեն, այդ նպատակին կհասնեն, նրանք Նիկոլին հեռացնելու նպատակ չեն էլ դրել:
-Այսինքն, լուրջ չե՞ք ընդունում ՀՀԿ այն հայտարարությունները, որ իրենց միակ ու առաջնային նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է:
– Ի՞նչ են անում, էդ ամեն ինչը ի՞նչ է: Գործուն քայլեր անո՞ւմ են, Նիկոլը նեղվո՞ւմ է նրանց գործունեությունից, չէ՛, նրանք ուղղակի ասում են:
– Բայց, ասում են, թե հանրությունը պետք է աջակցի իրենց, հանրությունը չի աջակցում:
– Հանրությանը թող հանգիստ թողնեն, իրենցից ինչ հասնում է՝ թող դա անեն, բայց նրանք ընդամենը խոսում են, ոչ մի գործողություն չկա: Ստացվում է, որ նրանց նպատակն այդպիսով նախընտրական շրջանում իրենց մասին հիշեցնելն է, որպեսզի լրատվամիջոցներն իրենց մասին գրեն:
– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ նպատակ չունեն Նիկոլ Փաշինյանին իսկապես հեռացնելու, ինչպես ասում եք:
– Ճիշտն ասած, այդ հարցի հասցեատերն իրենք են, որովհետև ես չգիտեմ իրենց պլանների մասին: Բայց ակնհայտ է, որ նրանք հանրային լայն աջակցություն չունեն, որովհետև նրանց հանրությունը մերժեց որպես իշխանություն, այսինքն՝ նրանք միայն ԱԺ-ում հայտնվելու հնարավորություն ունեն ու միայն այդ խնդիրն են ուզում լուծել:
– Իսկ գործող իշխանությանն այս պահին անհրաժե՞շտ են արտահերթ ընտրություններ:
– Գործող իշխանությանը անհրաժեշտ է ամեն գնով վերարտադրվել, եթե հասկանան, որ այդ շանսը արտահերթ ընտրություններն են, կգնան դրան: Ձեր հարցը ռազմավարական հարց է, որին կարող են պատասխանել միայն թիմի ղեկավարն ու ներկայացուցիչներից ոմանք: Մենք կարող ենք ընդամենը ենթադրություններ անել՝ ելնելով իրենց հնարավորություններից: Վերջին շրջանի Փաշինյանի վարած քաղաքականութունը շատ ավելի է նվազեցրել նրա թիմի հնարավորությունները, որովհետև մարդիկ դժգոհ են մեր խորհրդանշանների դեմ տարվող այս արշավից:
– Պարո՛ն Սահակյան, որոշ վերլուծաբանների համոզմամբ՝ Փաշինյանի վերընտրվելու ամենամեծ ռեսուրսը խաղաղություն բերելու խոստումն է, որը նա փորձում է ներկայացնել որպես իր գլխավոր հաղթաթուղթ։ Ըստ այդ դիտարկումների՝ հենց հիմա նրան ձեռնտու է գնալ ընտրությունների, քանի որ ժամանակի ընթացքում այդ հնարավորությունը կարող է նվազել։ Ի՞նչ կարծիքի եք դուք։
– Նման կարծիք արտահայտողները նախ պետք է հաշվի առնեն, թե Նիկոլ Փաշինյանը ի՛նչ պայմանավորվածություն է ձեռք բերել Ալիևի, Պուտինի, Էրդողանի կամ Թրամփի հետ: Որովհետև չկա որևէ արտաքին դերակատար, որին ձեռք չի տալիս Նիկոլի նման սկզբունքներ չունեցող, ամեն ինչի գնացող ղեկավարը, նա բոլորին է ձեռնտու, անգամ՝ վրացիներին: Չկա արտաքին որևէ դերակատար, որին ձեռք չի տալիս Նիկոլ Փաշինյանը որպես ղեկավար:
Արտաքին դերակատարները, եթե ազդեցություն ունեն Հայաստանի ներքին կյանքի վրա, իսկ նրանցից ոմանք այս կամ այն չափով ունեն, ամեն ինչ անելու են, որ Նիկոլը վերարտադրվի, ամեն ինչ՝ բառիս բուն իմաստով: Միակ սուբյեկտը, որին ձեռք չի տալիս Փաշինյան ղեկավարը, հայ ժողովուրդն է, ու էական հարցն այն է, թե ի՞նչ է անելու ժողովուրդը:
Միակ կարող ուժը հայ ժողովուրդն է իր քվեով ու վճռականությամբ, ամեն ինչ կախված է հայ ժողովրդից: 2018-ին հայ ժողովուրդը չէ՞ր, որ Սերժ Սարգսյանին մերժեց, ու նա էլ հեռացավ:
– Բայց Սերժ Սարգսյանը բազմիցս է ասել, որ ինքը պարտվել է արտաքին ուժերին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին:
– Ինչ ուզում են թող ասեն, բայց փաստացի ժողովուրդն էր, որ նրա կոկորդից բռնել էր: Նույն կերպ հայ ժողովուրդը կարող է իր վճռական «ոչ»-ն ասել Նիկոլին ու նրանց, որոնք իր հետ եկել են: Ընդամենը պետք է ձայն չտալ այդ մարդկանց, այլընտրանք միշտ է եղել, ուղղակի մեր ժողովուրդը մի փոքր այլ կերպ է մոտեցել դրան, ու ինչ հիմա կատարվում է, նաև մեր քաղաքացիների ընտրության հետևանքն է:
Սերժի համակարգն այնքան նողկալի էր, որ միայն այդ համակարգում կարող էր առաջանալ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը, դրանից առաջ Քոչարյանն էր, որի ստեղծած միջավայրում էլ պետք է առաջանար Սերժ Սարգսյանը:
Ճիշտ է, ժողովուրդը պարբերաբար ընդվզել է, բայց միշտ կիսատ է թողել: Մեզ փոփոխություն է պետք, այս քաղաքական համակարգը, որը գործում է, մեզ անընդհատ հանում է վաճառքի, մեր շահերի, իրավունքների, Մեղրու նման ստրատեգիական հատվածն ուղղակի տվեցինք ամերիկացիներին: Այս քաղաքական համակարգը քաղցկեղածին է, որը տանում է մահվան, այս համակարգի պարագայում ընտրվում է վատթարագույններից վատթարագույնը:
Մարդիկ ընտրություն կատարելուց առաջ պետք է նայեն եղած քաղաքական ուժերի անցած ճանապարհին ու գործերին, այլ ոչ թե հայտարարություններին: Նիկոլն ասաց՝ «Արցախը Հայաստան է», բայց տվեց Ադրբեջանին, նույնը մյուս նախկին ղեկավարները՝ ասել են մի բան, արել բոլորովին այլ բան: Հետևաբար, կարևոր է նայել գործողություններին ու չտրվել սին խոստումների:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















