Հստակ է, որ հաստատված խաղաղության մասին պնդումները նախընտրական տրամաբանությամբ մատուցվող քարոզչական թեզեր են. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ արտգործնախարարի՝ «Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը» հայտարարությունը իշխանության այն հայտարարությունների ֆոնին, որ օգոստոսի 8-ից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է:

– Երբ պաշտոնական Երևանը դուրս է գալիս իրավիճակի վերաբերյալ դեկլարատիվ հայտարարությունների դաշտից ու փորձ է անում ըստ էության խոսել իրավիճակի մասին, ապա ցանկացած խոսք կարծես թե սկսում է շատ հստակ ցույց տալ, որ դեկլարատիվ դաշտում հաստատված խաղաղության մասին պնդումները նախընտրական տրամաբանությամբ մատուցվող քարոզչական թեզեր են, իսկ գործնականում հաստատված խաղաղության մասին հնարավոր չէ խոսել, որովհետև խաղաղությունը ենթադրում է հավասարակշռություն՝ ուժերի, օրակարգերի, մոտեցումների: Բայց մենք տեսնում ենք, որ հենց պաշտոնական Երևանը որևէ առարկայական հարցի պատասխանելիս կա՛մ ցույց է տալիս իր իսկ քարոզչական թեզերը՝ առանց իրականությանը համապատասխանելու, կա՛մ փորձ է արվում խուսափել կոնկրետ պատասխաններից: 

 – «Զանգեզուրի միջանցքի» մասով էլ կարծես համաձայնություն չկա, չնայած այն հանգամանքին, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերը փաստաթուղթ են ստորագրել: 

– Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթն առնվազն խոսում է այն մասին, որ միջանցքային տրամաբանություն ունեցող հաղորդակցության համաձայնություն կա: Մանրամասները դեռ հայտնի չեն, բայց տրամաբանությունը խոսում է հենց միջանցքի մասին, որովհետև հակառակ պարագայում հարց է առաջանում, թե հաղորդակցությունների ապաշրջափակումն ինչո՞ւ պետք է առաջացներ «Թրամփի ուղի» անունով միջանցքի ստեղծում: Ընդ որում՝ հարցը անվանումը չէ, մենք գործ ունենք միջանցքի հետ, ու այդ միջանցքի վերաբերյալ որոշումները կայացնելու են Հայաստանն ու ԱՄՆ-ն: 

Օգոստոսի 8-ի փաստաթղթում շատ հստակ նշված է, որ Հայաստանը որևէ կողմի հետ որոշում կայացնելը պետք է համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞վ դա միջանցք չէ, եթե իր տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Հայաստանը չի կարող միանձնյա որոշում կայացնել: 

Պաշտոնական Երևանի արձագանքից էլ պարզ է, որ խնդիրը անվանումն է, այլ ոչ թե բովանդակությունը, այսինքն՝ Ադրբեջանին չեն հակադարձում, որ նման ճանապարհ չկա, այլ ասում են, որ այդ անվանումը չկիրառեն, որովհետև դա Հայաստանի մոտ ինչ-որ հարցեր է առաջացնում, այլ կերպ ասած՝ մեզ անհարմար վիճակում մի՛ դրեք, չէ՞ որ մենք պայմանավորվել ենք գտնել ավելի բարեհունչ ձևակերպումներ, որոնք հնարավոր կլինի մատուցել Հայաստանի հասարակությանը: 

Ու այս տեսանկյունից, ի դեպ, անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի մտքին, որ իրենք համաձայն չեն Ադրբեջանի առաջ քաշած օրակարգին, ասեմ, որ փորձը ցավալիորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններն ի վերջո դառնում են օրակարգեր ու կյանքի կոչվում: Հիմա, համաձայն լինելո՞վ է Երևանը կյանքի կոչում, թե՞ համաձայն չլինելով, ըստ էության, ոչինչ չի փոխում, որովհետև փաստ է, որ Երևանը գնում է դրանք կյանքի կոչելու տարբերակով, իսկ այդ բանակցություններում լուծվում է այն հարցը, որ Հայաստանի հանրությանը ավելի բարեհունչ անվանումներով մատուցեն դրանք: 

– Պարո՛ն Բադալյան, ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այդպես, հայկական կողմը չունի՞ ռեսուրսներ այդ նախապայմաններին տուրք չտալու:

– Հասկանալի է, որ ուժերի հարաբերակցության տեսանկյունից պատկերը, մեղմ ասած, մեր օգտին չէ, բայց հարց է առաջանում. այդ ամենում որքա՞ն է օբյեկտիվ և սուբյեկտիվ հետևանքը: Երկրորդը՝ արդյոք մենք այս հինգ տարվա ընթացքում ի զորո՞ւ չէինք իրավիճակը բերել այնպիսի սահմանի, որ ավելի մեծ հնարավորություններ ունենայինք: Տեսանելի է մի բան, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակներն են առաջ գնում, հիմա սա վախի՞, ապաշնորհությա՞ն , դավաճանությա՞ն հետևանք է, յուրաքանչյուրն ունի իր գնահատականը: 

Որևէ պնդում ես չեմ անում, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ունի իշխանությունը պահելու խնդիր, ու դրա համար ունեցած այդ կորուստները քարոզչական հնարքներով վերածում են ձեռքբերումների, ու մենք տեսնում ենք, որ իրենք բավական ցինիկ ձևով հանրությանն ասում են, որ մենք ոչ թե պարտվել ու կորցրել ենք Արցախը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: 

Սա վիրավորական պետք է լինի ցանկացած ողջախոհ մարդու համար, որովհետև մարդկանց հիմարի տեղ են դնում: Ինքնիշխանության մասին են խոսում այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատրաստ են անգամ Սահմանադրությունը փոխել Ադրբեջանի պահանջով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am