Ընտրակաշառքի իրավական ձևակերպման տակ չընկնող, բայց հասարակության սիրտը շահող որոշում է.  Պիպոյանը՝ հայտարարագրման նոր կարգի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, իշխանությունը պատրաստվում է հեշտացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը: Օրերս հայտարարվեց՝ եթե քաղաքացին կարծում է՝ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, որը դեռ նախագծի կարգավիճակ ունի ու պետք է քննարկման ներկայացվի:

– Սա կանխատեսելի էր մի քանի պատճառով: Պատճառ համար մեկ՝ տեխնիկապես պատրաստ չեն, որովհետև որքան էլ ուզում են շոու անեն, ռեպորտաժներ պատրաստեն ու ամբողջ ռեսուրսով տարածեն, միևնույն է՝ դրանից պրոբլեմը չի դադարում: Չկարողացան համապատասխան պայմանների ապահովումն անել բոլորի համար, այս պատճառով էլ կանխատեսելի էր: 

Երկրորդ՝ չենք մոռանում, որ գործ ունենք նախընտրական տարվա հետ, հետևաբար լուրջ հանրային դժգոհություններ գեներացնող որևէ նախագիծ կառավարությունը չէր ընդունելու այս պահին: Իրականում ընտրակաշառքի իրավական ձևակերպման տակ չընկնող, բայց փաստացի հասարակության սիրտը շահող որոշում է: 

Ուրախանալ ու արձանագրել, թե ամեն ինչ լավ է, սա էլ չեմ կարող ասել: Կհիշեք, երբ պարտադիր կենսաթոշակային համակարգը ներդրվում էր, հնչեց ձևակերպում՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված, հիմա այս ձևակերպումը շատ արագ կարող է դառնալ այս համակարգի մասը, որովհետև գլոբալ իմաստով սա ոչ թե գործընթացի դադարեցում է, այլ մարդու փոխարեն ինքնակամ անել, այսինքն՝ իրենք են անում այն, ինչ պետք է աներ քաղաքացին: 

Այս պարագայում ինքնաշխատ ձևով կանեն, լրացուցիչ հարկեր չեն առաջանա, տուգանքներ չեն լինի, և կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով բոլորը կարող են շունչ քաշել, բայց փաստացի մենք դեռևս ունենք գործող իրավանորմ, որը շատ հանգիստ կարող է տրանսֆորմացիայի ենթարկվել՝ արդեն համապատասխան բազաների հիման վրա: 

Այս որոշումը միայն տեխնիկականով պայմանավորված չէր, այլ նաև զանգվածային դժգոհությամբ, որովհետև եղան մարդիկ, որոնք իսկապես մեծ աշխատանք տարան սրա դեմ: Բայց պետք է ընդգծեմ նաև, որ այս նախագիծն ի սկզբանե չմտածված էր ու հում, որն անհնար էր իրականացնել, ի տարբերություն մյուս հում նախագծերի, որոնց պարագայում քարոզչական մեկ-երկու դետալ գոնե կարողանում են հանրությանը հրամցնել:

– Ի՞նչ տրանսֆորմացիայի մասին եք ասում:

– Այն ծուղակները, որոնք տեսականորեն կարող են լինել, եթե թվարկեմ՝ շատ երկար կլինեն, չեմ ուզում դրանք թվարկել ու նաև հուշել գործող իշխանություններին, բայց գիտենք, որ շատ են եղել դեպքեր, երբ սկզբից եկել է գեղեցիկ փաթեթավորումը, հետո՝ բուն նախագիծը, որն իր մեջ չի պարունակել այնքան գեղեցիկ տարրեր, որքան գեղեցիկ էր այդ փաթեթավորումը: Այսինքն՝ մնացած գնահատականներն էլ հնարավոր կլինի տալ բացառապես, երբ արդեն կարողանանք ծանոթանալ փաստաթղթին: 

Ինչևէ, այս փուլի համար հասարակության համար ցանկալի արդյունք է: Ամբողջ ծավալով հնարավոր կլինի գնահատական տալ, երբ հնարավոր կլինի ծանոթանալ նախագծի ամբողջ տեսքին: Նախագծի անոնսը վատը չէ, բայց պետք է հասկանանք, թե անոնսից զատ ի՛նչ կա:

– Պարո՛ն Պիպոյան, ձեր գնահատմամբ՝ տեխնիկական ապահովվածությունն ապահովելը օբյեկտիվորեն բա՞րդ էր:

– Պատկերավոր մեկ օրինակով փորձեմ հարցին պատասխանել. մենք մի իրականությունում ենք ապրում, երբ նույնականացման քարտ՝ այդի տպող երկրորդ սարքը գալիս է, դա դառնում է կառավարության նիստում ժամերով քննարկվող հարց՝ օ՜, մենք գնել ենք այդի տպող սարք: Երբ մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ մի սարք գնելը ժամերով քննարկում են, ընդ որում՝ գնելը, ոչ թե ստեղծելը, ու ուրախանում են, թե ինչքան հզոր են, ապա նմանատիպ պրոֆեսիոնալիզմի մակարդակում այլ արդյունք ակնկալել մի քիչ դժվար է:

Պետական կառավարման վերաբերյալ ևս մեկ օրինակ ասեմ. դպրոցական երեխաների մի մասը հումանիտար մասով է, այսպես ասած ուժեղ, մյուս մասն էլ՝ բնագիտական: Հումանիտար ուղղվածությամբ երեխան, երբ մաթեմատիկական միջին բարդության խնդիր է լուծում, ինչքա՛ն է ուրախանում դրանից ու ինչքան ժամանակ է պատմում այդ մասին, էլ չասեմ, որ կան շատ թույլ ընդունակություններ ունեցողներ, որոնց մոտ երբ մի բան է ստացվում, ինչքան են ուրախանում դրանից ու ինչքան ժամանակ են ծախսում դրա վրա: Հիմա, եթե պետական համակարգում նման պատկեր ես ունենում, ապա դու ինդեքսավորված արդյունքներ չես ունենալու: Եթե մարդն առնվազն գործի պրոֆեսիոնալին մոտ չէ, ապա չի կարող այդ համակարգը խելքի բերել: 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am