Բանակը մեր երկրի սահմաններից դուրս անելիք չունի, ինչ անհրաժեշտ է մեր բանակին, անում ենք, չենք նայում հարևաններին. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

-Տիկի՛ն Ղազարյան, 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինծառայության ժամկետը կկրճատվի՝ երկու տարվա փոխարեն սահմանվելով մեկուկես տարի։ Ընդդիմությունը և որոշ փորձագետներ այս քայլը քննադատում են՝ նշելով, որ դա կարող է էլ ավելի թուլացնել բանակը։ Ձեր կարծիքով՝ պատրա՞ստ է համակարգը նման փոփոխության, և արդյո՞ք այս պահը ճիշտ ժամանակն է դրա համար։


– Նախ ասեմ, որ այս փոփոխության որոշումը 2021-2026 թվականների նախընտրական ծրագրի մեջ է եղել։ Կես տարվա բացը լրացվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, ու, եթե չեմ սխալվում, արդեն կան ավելի քան 4200 զինծառայողներ, որոնք զինծառայության վեց ամիսը լրանալուց հետո պայմանագիր են կնքել ու մնացել են բանակում ծառայելու, այսինքն՝ դարձել են այս ծրագրի շահառու։

Շահառուները ստանում են աշխատավարձ, վերապատրաստվում են ու կարող են հինգ տարի ժամկետը երկարացնել, այսինքն՝ մենք գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհով, մենք շեշտը դրել ենք որակի վրա, որը մեր բանակի պաշտպանունակությունը էլ ավելի է բարձրացնելու։ Այս ճանապարհով մենք ավելի պրոֆեսիոնալ բանակ ենք ունենալու, ամեն բան պատշաճ հաշվարկված է, կազմաքանդելու և այլնի մասին խոսակցություններն էլ ուղղակի անիմաստ են։ Այս փոփոխությունը նաև նպաստելու է, որպեսզի ժամկետային զինծառայողները չխուսափեն բանակում ծառայելուց, իսկ նման խնդիր մենք ունեցել ենք մշտապես։ 

– Այս փոփոխությունը եղավ ժամկետից շուտ, ինչը, ըստ ընդդիմադիրների, կապված է 2026 թվականի ընտրությունների հետ, նրանք չեն բացառում նաև, որ ձեր քաղաքական թիմը կարող է գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Արտահերթի գնալու մասին մտածո՞ւմ է ձեր թիմը։

– Արտահերթ ընտրությունների մասին խոսք չկա, եթե երկրում որևէ ֆորսմաժորային իրադարձություն չի լինում, ապա ինչի՞ համար գնալ դրան, դրա նպատակը չկա։ Ես չեմ հասկանում, թե ինչու են ամեն բան կապում քարոզարշավի ու նախընտրական տարվա հետ, 2026-ին իհարկե սպասվում է թեժ պայքար, բայց մենք ինչպես աշխատել ենք, այդպես էլ շարունակելու ենք։

– Տիկի՛ն Ղազարյան, իսկ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելուն միտված քայլերը համարժե՞ք եք համարում նույն Ադրբեջանի քայլերին, օրինակ՝ այնտեղ ռազմական բյուջեն եկող տարվա համար զգալի ավելանում է, իսկ մեզ մոտ՝ կրճատվում։

– Մեզ մոտ բյուջեն չի կրճատվում, ու այդ մասով կա հստակ բացատրություն․ գիտեք, որ դիվերսիֆիկացնում ենք մեր ռազմական ուժերը, ու այս առումով արդեն ունենք պայմանագրեր, որոնց գումարներն արդեն փոխանցվել են, ու մյուս տարվա վրա բեռը քիչ է մնացել, հետևաբար հաջորդ տարվա վրա ծանրաբեռնվածությունը քչանում է։

Ինչ վերաբերում է բյուջեի աճին, ապա ասեմ, որ այս տարիներին բյուջեն աննախադեպ է ավելացել, ու դա պահպանվում է։ Մենք մեր երկրի համար անհրաժեշտ մաքսիմումը իրականացնում ենք, վստահեցնում եմ ձեզ, նույնիսկ չեմ էլ ուզում համեմատություն տանել, մենք մեր երկրի կարողունակությունների չափով, հնարավորինս մեծ քայլերով փորձում ենք հավասարակշռությունը կարգավորել։ 

Բայց պետք է նշեմ, որ ինչքան էլ ֆինանսավորումը ավելացնենք, ինչ զենք էլ ձեռք բերենք, դա միտված է մեր երկրի պաշտպանունակության մեծացմանը, բանակը մեր երկրի սահմաններից դուրս անելիք չունի, հետևաբար, ինչ անհրաժեշտ է մեր բանակին, մենք անում ենք, չենք նայում հարևաններին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am