«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը
– «Բարեկամ և հարևան պետությունների ղեկավարներ, մենք հարգում ենք ձեր ինքնիշխանությունը և կարծում ենք, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվեն պետությունների համատեղ ջանքերով»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ի՞նչ նկատի ունի Իրանի նախագահը, պարո՛ն Դավուդյան:
– Իրանի Իսլամական Հանրապետությունը առայժմ չի կարողանում հիմնավորել, թե ինքն ինչո՛ւ է հրթիռակոծում մի շարք հարևան երկրի տարածքները՝ հատկապես Ծոցի շրջանի հարավային արաբական երկրները, ինչու է հրթիռներ արձակել, ու բավականին միջազգային բողոք է բարձրացել: Այսինքն՝ Իրանը, փոխարենը հարևան երկրների համակրանքը շահի, երկրներ, որոնք ընդամենը մեկ շաբաթ առաջ խիստ կերպով պաշտպանում էին Իրանին՝ Կատարը, Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում էին, որ ռազմական գործողությունների չդիմի ընդդեմ Իրանի, բայց Իրանն այդ քայլին գնաց ու հրթիռներ արձակեց այլ երկրներ, այն հիմնավորումով, որ ԱՄՆ-ն այդ երկրներում բազաներ ունի: Հիմա ամեն ձևով փորձում են արդարացնել իրենց քայլերը, ձեր նշած հայտարարությունը հենց այս համատեքստում կարող ենք դիտարկել:
– Պատերազմը շարունակվում է, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:
– ԱՄՆ-ն փակուղի է տանում այս թնջուկը, և բավականին բողոքներ կան թե՛ ԱՄՆ-ում, թե՛ մյուս երկրների կողմից, անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտեց այս գործողությունները, ու մենք գիտենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսում, ճիշտ է, Դեմոկրատները չկարողացան իրենց բանաձևը վավերացնել տալ, որովհետև Դեմոկրատները Կոնգրեսում այն կարծիքին էին, որ Թրամփը ռազմական գործողություններ կատարելուց առաջ պետք է ունենար Կոնգրեսի հավանությունը, բայց իշխող վարչակարգն այն կարծիքին է, որ դա հենց նախագահի լիազորությունների շրջանակում է:
Թրամփը երկու օր առաջ ասաց, որ նախընտրում է Վենեսուելայի օրինակով հաջորդ ղեկավարությունը լինի հենց երկրի միջից, այնպիսի ղեկավարներ փոխարինեն սպանված Խամենեիին, որոնք կփորձեն բարելավել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ: Մենք առայժմ նման դեմքեր չենք տեսնում, չնայած տարբեր անուններ են հոլովվում: Բոլոր դեպքերում պարզ է, որ Իրանի հնարավորությունները անսահմանափակ չեն, ու արձակած հրթիռների քանակից եթե դատենք, իրանցիները կորցնում են իրենց հնարավորությունները:
– Պարո՛ն Դավուդյան, հավանական համարո՞ւմ եք, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետքայլ կանի:
– Կարծում եմ, որ իրենք ուրիշ ճար չունեն, որովհետև հնարավորությունները, ինչպես ասացի, շատ սահմանափակ են: Իսրայելի ու ԱՄՆ-ի մարտավարական քայլերը շատ պարզ են. նրանք օրը քանի հարյուր տեղ ռմբակոծում են, իսկ այդ տեղերը ոստիկանության բաժիններն են, ռազմական-զինվորական բազաներն են, հրթիռների արձակման կայանքները, իրավապահ, դատական մարմինների, պետական ինստիտուտների շենքերը, դրանք ամբողջը իրենք հողին են հավասարեցնում: Նրանց ռազմավարությունը այդ է, որ մի քանի օր հետո Իրանի քաղաքացիներին հրավիրեն ցույցերի: Թրամփը պարզ ասում է՝ առայժմ տնից դուրս մի եկեք, որովհետև վտանգավոր է, սպասեք, մենք բոլոր ստրատեգիական շենքերն ու պատժիչ համակարգը ոչնչացնենք, հետո դուք դուրս եկեք, իշխանությունը վերցրեք: Թե դա կլինի, չի լինի, քանի օր հետո կլինի՝ դժվար է ասել: Իրանը երկար դիմադրելու շանսեր չունի՝ հաշվի առնելով հակառակորդ երկրների հնարավորությունները:
– Այսինքն՝ ամենահավանական տարբերակը Իրանի պարտությո՞ւնն եք համարում:
– Երկարատև ժամանակահատվածում՝ այո՛, ես ուրիշ շանս չեմ տեսնում:
– Այդ սցենարի իրականության դեպքում ի՞նչ հետևանքներ են լինելու Հայաստանի համար:
– Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար նախընտրելի է, որ Իրանում իշխանափոխությունն անցնցում լինի, որովհետև մենք ունենք առևտրային կապեր, մենք ունենք քաղաքական, անվտանգային խնդիրներ: Դուք պատկերացրեք, եթե Իրանում անիշխանություն լինի, եթե թուրքալեզու, քրդական, արաբախոս նահանգները, թալիշները ձգտեն ինքնավարության, Իրանում ի՛նչ վիճակ կառաջանա: Իսկ մեր սահմաններին նման անկայուն պայմաններն անպայման մեզ կվնասեն, այդ պայմաններում գլուխ կբարձրացնի Ադրբեջանը, տնտեսական խնդիրների մասին էլ չեմ խոսում: Իրանը նաև լուրջ մտահոգություն ունի, որ հարյուրավոր հակապետական տարրեր, զինված ընդդիմություն, տարագիր ընդդիմություն՝ բոլորը երկրի տարբեր սահմաններից կարող են ներս մտնել Իրան, դրա համար էլ երբեմն իր սահմանները փակում է, որ այդ թափանցումները թույլ չտա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















