«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը
– Տիկի՛ն Սահակյան, Բաքվում պահվող հայ ռազմագերիների դատավարությունների գործընթացից հետո ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել, ի՞նչ վիճակում են այդ մարդիկ այժմ:
– Այո՛, դատավարություններն ավարտվել են, սակայն դրանց չի հաջորդել դատավճիռների տրամադրումը ամբաստանյալներին, նրանց ընտանիքի անդամներին ու, ինչու ոչ, միջազգային փաստաբաններին, որոնք ներպետական գործընթացներից զատ՝ իրավական գործընթացներ են վարում միջազգային ատյաններում, ու այս հարցի մասին հրապարակային խոսել են ընտանիքի անդամները։
Ինչպես գիտեք, խնդիրը բարձրաձայնել է նաև Ռուբեն Վարդանյանը՝ տրամադրված կարճ հեռախոսազանգի շրջանակներում, ու տարաբնույթ դիմումների հիման վրա այժմ միջոցներ են ձեռնարկվում դատավճիռներին հասանելիություն ունենալու նպատակով:
Մենք այստեղ նաև միտում ենք տեսնում, քանի որ դատավճիռները այն կարևոր փաստաթղթերն են, որոնց ուսումնասիրությամբ հնարավոր է արդյունավետ կերպով վիճարկել դատական գործընթացը, այդ ընթացքում թույլ տրված արդար դատաքննության երաշխիքների խախտումները, ու, դատավճիռները չտրամադրելով, ըստ էության, կա՛մ հետաձգվում, կա՛մ փորձ է արվում գործնականում անարդյունավետ դարձնել բողոքարկումը միջազգային ատյաններում:
Միջազգայնորեն երաշխավորված է ոչ միայն ներպետական արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք, այլ նաև միջազգային ատյաններին դիմելու իրավունքը, որը ճանաչված մարդու իրավունքների շրջանակում է, ու այստեղ, կարծում եմ, արհեստականորեն խոչընդոտներ են ներկայացվում միջազգային ատյաններին դիմելու իրավունքի առնչությամբ:
Ինչպես տեղյակ եք, ընտանիքի անդամները դիմել են հովանավոր պետության մարդասիրական իրավունքով նախատեսված մեխանիզմը գործարկելու խնդրանքով: Սա տարբեր մեխանիզմ է ու չի նույնանում հյուպատոսական այցելությունների կամ մեխանիզմի հետ, հյուպատոսական այցելության իրավունքը պատկանում է այն պետությանը, որի քաղաքացին ազատությունից զրկված է օտարերկրյա հողում, ու այս խնդրանքով ընտանիքները, փաստաբանները, նաև հասարակական կառույցները դիմել էին դեռևս նախորդ տարի, երբ արդեն իսկ տեղեկություններ ստացվեցին Կարմիր խաչի գործունեության դադարեցման վերաբերյալ, ու քանի որ առ այսօր չունենք մեխանիզմի գործարկում, ու Կարմիր խաչն այլևս կանոնավոր գործունեություն չի իրականացնում Ադրբեջանում, անհրաժեշտություն է առաջացել քննարկման առարկա դարձնել այդ հովանավոր պետության մեխանիզմը, որի էությունն այն է, որ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը նշանակվում է չեզոք պետության:
Առհասարակ, երբ կա ինստիտուցիոնալացված Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ու գործունեությունը թույլատրվում է պետությունների կողմից, անհրաժեշտություն չի առաջանում նշանակել հայց պետությանը, ու նշեմ, որ նախորդ տարիներին շատ հազվադեպ է այդ մեխանիզմը գործարկվել այն պարզ պատճառով, որ բոլոր պետությունները, անկախ իրենց կառավարման ձևից, այլ հանգամանքներից, համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ու խնդիրները լուծում են հենց այդ հարթակի միջոցով, բայց մենք ունենք արտակարգ զարգացում, երբ Կարմիր խաչն այլևս զրկված է գործունեություն իրականացնելու հնարավորությունից, ու առաջացել է վակուում, ու այդ բացը փակելու մեխանիզմը նորմերով, Ժնևի միջազգային կոնվենցիաներով նախատեսված՝ այդ հովանավոր կամ պաշտպանիչ ուժի պետության նշանակումն է:
Դիմումները հասցեագրվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին, ՀՀ արտգործնախարարին ու Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարարին, ու խնդրանք է ձևակերպված՝ նշանակել Շվեյցարիան որպես հովանավոր պետություն, ինչն էլ հնարավորություն կտա այցելել հայ պատանդներին՝ ապահովել նրանց իրավունքների իրացումը, մարդասիրական նորմերի պահպանումը և այլն: Այս պահին դեռ արձագանք չունենք, որևէ տեղեկություն ստանալու պարագայում, բնականաբար, ապահովելու ենք նաև հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
– Քանի դեռ այդ դատավճիռները տրամադրված չեն, ի՞նչ վիճակում են պահվում ռազմագերիները:
– Նրանք այժմ գտնվում են նույն վայրերում, այսինքն՝ քրեակատարողական հիմնարկների փոփոխություն տեղի չի ունեցել, մենք նաև հետևում ենք, թե արդյոք Հանրային պաշտպանի գրասենյակը ձևական բողոքներ ներկայացրե՞լ է Վերաքննիչ ատյանին, դրա առնչությամբ հրապարակային տեղեկություններ իրենց դատական ակտերի տեղեկատվական համակարգում զետեղված չեն, ուստի անորոշ է մնում այն հանգամանքը, թե ձևական բողոքներ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները տարե՞լ են, թե՞ ոչ։ Ինչևիցե, կարող եմ հաստատել, որ պահման պայմանների ու վայրերի փաստացի փոփոխություն այս պահին առկա չէ:
– Իսկ միջազգային ճնշումներ, արձագանքներ կա՞ն Ադրբեջանի վրա այս գործի համատեքստում, թե՞ ոչ:
– Այս պահին նոր հայտարարություններր չեն եղել, իհարկե դատավարությունների ավարտից անմիջապես հետո եղել են միջազգային արձագանքներ, այդ թվում՝ հեղինակավոր Amnesty International-ի կողմից, բարձրաձայնվում են խնդիրներ, այդ թվում՝ դատավճիռներին հասանելիության խնդիրը, սակայն կարող եմ ասել, որ վերջին շաբաթների ընթացքում այդ խնդիրը չի գտնվել միջազգային կառույցների հատուկ ուշադրության ներքո, և նոր արձագանքներ կամ զարգացումներ չկան: Մեկ զարգացում կա, որի առնչությամբ մենք պաշտոնապես հաղորդագրություն կտարածենք, բայց ասեմ բովանդակության մասին:
Եվրոպական դատարանի գործընթացներում ևս այդ խնդրի մասին բարձրաձայնվել է, որ դատական ակտերը չեն տրամադրվում, ու ավելին՝ ձեռնարկված հայտի ապահովման միջոցներն է Ադրբեջանը խախտում: Իհարկե Ադրբեջանը այլ տարբերակ է ներկայացնում ու հերթական անգամ դիմել էր, խնդրելով վերացնել հայցի ապահովման միջոցները ու դադարեցնել հաշվետվություն ներկայացնելու Ադրբեջանի վրա դրված պարտավորությունը, բայց ուրբաթ մենք տեղեկացանք, որ դատարանը կայացրել է որոշում ու մերժել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ավելին՝ պարտավորեցրել է տրամադրել տեղեկություններ ոչ միայն առողջական վիճակի, այլ նաև դատավարությունների վերաբերյալ:
Հստակեցված է, որ կա՛մ պետք է տրամադրվեն ամբողջական դատավճիռները, կա՛մ դրանց ամփոփ տարբերակները, որտեղ հստակ արտացոլված կլինեն դատարանի պատճառաբանությունները ու այն, այսպես կոչված, ապացույցները, որոնց հիման վրա մեղադրական դատավճիռներ են կայացվել: Սա կարևոր զարգացում է, ստացվում է, որ Եվրոպական դատարանի ներգրավվածության շնորհիվ մենք կկարողանանք, թեկուզ ուշացումով, բայց ստանալ այդ դատավճիռները:
– Տիկի՛ն Սահակյան, իսկ պետական մակարդակով տարվող աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ արդյունք են դրանք ապահովում:
– Այսօր ինձ շատ մտահոգում են այդ հյուպատոսական ծառայություններ չմատուցելը, այցելություններ չկազմակերպելը, ինչպես նաև ուշադրությամբ հետևելու ենք, թե ինչպիսին է լինելու պետության արձագանքը հովանավորող պետություն նշանակելու գործընթացի վերաբերյալ:
Սրանք խիստ մարդասիրական հարցեր են, ընդ որում՝ կապված են պետությունների սուվերեն իրավունքների հետ, որոնք երաշխավորված են միջազգային կոնվենցիաներով, ու դրանց առնչությամբ ցանկացած արգելք հանգեցնելու է միջպետական տարաձայնությունների, վեճերի, որոնք, բնականաբար, ունեն նաև իրավական լուծման եղանակներ, ուստի սրանք քաղաքական հարցեր չեն, որևէ կերպ չեն կարող վտանգել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ավելին՝ այդ մարդասիրական հարցերի լուծումը՝ միջազգային մեխանիզմների գործարկմամբ, կարող է մոտեցնել կամ հեշտացնել այդ խաղաղությունը:
Սա մեզ համար ցուցիչ է՝ բացահայտելու մեր պետության քաղաքական կամքը: Մենք պրոակտիվ ենք, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք Հայաստանի ներգրավվածությամբ կարող են մեղմել մարդասիրական ճգնաժամը, կարևոր են, ու մենք այդ առնչությամբ հանդես ենք գալիս կառուցողական առաջարկներով ու հույս ունենք, որ պետությունը արձագանքող կլինի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















