Եթե այլ կուսակցության ղեկավար խոսեր Փաշինյանի բառապաշարով՝ նրան վաղուց ուղարկել էին ԱԱԾ մեկուսարան. Թագուհի Թովմասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը

– Տիկի՛ն Թովմասյան, ինչպե՞ս եք գնահատում ԿԸՀ-ի որոշումն առ այն, որ «չnքցնելու եմ», «uատկացնելnւ եմ»՝ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունները բռնության կիրառման կամ սպառնալիքի տարր չեն պարունակում:

– Ծիծաղելի, բայց կանխատեսելի էր, որ Վահագն Հովակիմյանը, որը երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի՝ բառի ուղիղ իմաստով ենթակայության տակ, չէր կարող համարձակվել այլ որոշում կայացնել: ԿԸՀ այս որոշումը, որի տակ հպարտորեն ստորագրել է ՔՊ անդամությունը պաշտոնի բերումով սառեցրած կամ դադարեցրած Վահագն Հովակիմյանը, մեկ բառով խայտառակություն է: Ընդդիմադիր ուժերին սպառնալը, ծաղրելը, վիրավորելը, վարչապետի լիազորություններն ու ռեսուրսներն օգտագործելով նրանց ճնշելը չեն կարող օրինաչափ լինել: ՀՀ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ պաշտոնյան, որն ունի գործադիր լծակներ, չպետք է օգտագործի իր պաշտոնը քարոզարշավի ժամանակ: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարում երկիրը հավաքների հարթակներից խոսափողով կամ բարձրախոսով: Եվ չտեսնել այս ծավալի վարչական ռեսուրսների կիրառումը՝ նշանակում է կույր լինել:

– Այս որոշումն արդյոք այն մասին է, որ օրեր առաջ կալանքի տարված Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ չէ՞, կամ գործում է ընտրովի արդարադատություն, ինչպես ասում են:

– Զարմանում եմ, որ ձեր հարցը վերաբերում է միայն Արթուր Օսիպյանին, նրանից առաջ և հետո եղել են ու կան մարդիկ, որոնք ուղիղ քաղաքական հրահանգի հետևանքով հետապնդումների են ենթարկվում իրենց քաղաքական տարբերվող հայացքների համար: Ընդ որում՝ շարքային քաղաքացուց մինչև պատգամավորի թեկնածու հետապնդվում են Փաշինյանի կառավարության կողմից SMS-ներով ղեկավարվող ուժային կառույցների կողմից: Ընդդիմադիր պատգամավորի 3 թեկնածուների նկատմամբ արդեն հարուցվել են քրեական վարույթներ, ու կալանքի որոշումներ կան, որը ընտրովի արդարադատության ուղիղ դրսևորում է: 

– Տիկի՛ն Թովմասյան, ձեր գնահատմամբ՝ եթե այլ կուսակցության ղեկավար նման խոսույթով հանդես գար, ԿԸՀ որոշումը նո՞ւյնը կլիներ, ինչ Նիկոլ Փաշինյանի դեպքում է:

– Եթե այլ կուսակցության ղեկավար խոսեր Փաշինյանի բառապաշարով, նրան վաղուց ուղարկել էին ԱԱԾ մեկուսարան: Այդ խոսույթը ներվում է միայն Նիկոլ Փաշինյանին և իր խմբակին, որոնք արդեն չափի զգացողությունը կորցրած անգամ վիրավորում են իրենց ընդդիմախոսներին: Սա նախընտրական քարոզարշավ չէ, սա ինքնասիրության և լինել-չլինելու պայքարի է վերածվել, որը վատ հանգրվանի է բերելու բոլորիս:

– Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդ խոսույթը կիրառում՝ ըստ ձեզ:

– Նիկոլ Փաշինյանը այս խոսույթն է կիրառում, քանի որ այլ բառամթերք չունի: Ե՛վ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, և՛ իշխանություն եղած ժամանակ նա օգտագործում է բառեր և արտահայտություններ, որոնք հարիր չեն ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ՝ պաշտոնյաներին: Քանի՞ անգամ պետք է դիմում ներկայացնեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ նրանք վարույթ հարուցեն և որոշեն վարչապետից ներողություն պահանջել: Մի անգամ ԱԺ-ում անհարիր պահվածքի համար դիմում գրեցի, և Փաշինյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, բայց հո ամեն անգամ նույնը չե՞նք անի: Չի ուղղվում այդ մարդը, և անգամ «Կրթվելը նորաձև է» դասընթացներին մասնակցությունը չօգնեց իրավիճակը շտկելու: Փաշինյանը քաղաքական բանավեճի նշաձողը իջեցրել է շրիշակից ցածր մակարդակի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am