Բիշքեկում Փաշինյանի հայտարարությունը դիվանագիտական մանևրի փորձ էր, որն ուղղված էր մի քանի հասցեատերերի. Տաթև Զորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տաթև Զորյանը

– Տիկի՛ն Զորյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) ձևաչափի ժամանակ հնչեցրած ելույթն ի՞նչ մեսիջներ էր պարունակում ու ո՞ւմ էր ուղղված:

– Բիշքեկում Փաշինյանի հայտարարությունը դիվանագիտական մանևրի փորձ էր, որն ուղղված էր մի քանի հասցեատերերի․ ա) Մոսկվային և ՇՀԿ անդամ երկրներին. Փաշինյանը փորձեց «բազմաբևեռության» թեզով լեգիտիմացնել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դիվերսիֆիկացնելու փորձերը։ Ուղերձը հետևյալն էր` Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ ոչ թե հակառուսական քայլ է, այլ փոքր պետության ինքնապաշտպանական ռեակցիա՝ տարածաշրջանային անվտանգային բալանսը պահպանելու համար։ 

բ) Արևմտյան գործընկերներին. վերահաստատում, որ Երևանը չի հրաժարվում դեպի ԵՄ ու ԱՄՆ գծից և Ռուսաստանի հետ երկխոսության մեջ է մտնում բացառապես ինքնիշխանության պահպանման դիրքերից։

– Ռուսաստանի նախագահի հետ կայանալիք հանդիպումից առաջ նման հայտարարությամբ, որտեղ ըստ էության Փաշինյանը հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները բացատրեց Վլադիմիր Պուտինի ասած՝ բազմաբևեռ աշխարհի կոնցեպտով, ի՞նչ նպատակ էր հետապնդում։

– Ռուսաստանի նախագահի հետ առանձնազրույցից առաջ «բազմաբևեռ աշխարհի» կոնցեպտի օգտագործումը քաղաքագիտական տեսանկյունից դիվանագիտական հայելացման դասական օրինակ է։ Քանի որ Ռուսաստանի արտաքին քաղաքական հայեցակարգի հիմքը «բազմաբևեռ աշխարհակարգի» ձևավորումն է, Փաշինյանը փորձեց Ռուսաստանի սեփական քարոզչական թեզն օգտագործել հենց Ռուսաստանի դեմ։ Տրամաբանությունն այն է, որ եթե Մոսկվան դեմ է միաբևեռ աշխարհին, ապա պետք է ընդունի նաև Հարավային Կովկասում միաբևեռ համակարգի փլուզումը և Հայաստանի իրավունքը՝ ունենալու այլ արտաքին գործընկերներ։ Դրանով իշխանությունը փորձ արեց մեղմել Մոսկվայի հնարավոր քաղաքական հակազդեցությունը։ 

– Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ձեռքբերումներ կկարողանա ունենալ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից։

– Ակնկալվող արդյունքները պետք է դիտարկել ռազմավարական ռիսկերի կառավարման տիրույթում․ ա) տնտեսական ռիսկեր։ Հաշվի առնելով ԵԱՏՄ-ից Հայաստանի տնտեսական բարձր կախվածությունը և Եվրոպական միության հետ հնարավոր մերձեցման մասին քննարկումները՝ Փաշինյանի համար առաջնային է կանխել Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական սահմանափակումները կամ լոգիստիկ/էներգետիկ խոչընդոտները։ 

բ) Լարվածության թոթափում․ հանդիպման հիմնական օգուտը կլինի ոչ թե նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը, այլ երկկողմ հարաբերությունների ճգնաժամի խորացումը ժամանակավորապես սառեցնելն ու ուղղակի բախումից խուսափելը։

– Տիկի՛ն Զորյան, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որն այսօր վարվում է:

– Հայաստանի արտաքին քաղաքականությունը գտնվում է տրանսֆորմացիոն լուրջ ճգնաժամի և բարձր անորոշության փուլում։ Թեև իշխանությունները հայտարարում են «հավասարակշռող» քաղաքականության մասին, իրականում տեղի է ունենում նախկին անվտանգային մոդելից հեռացում՝ առանց նոր, ինստիտուցիոնալ անվտանգային երաշխիքների ձևավորման։ Եվ չնայած արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ինքնին անհրաժեշտություն է, սակայն այն իրականացվում է տարածաշրջանային բարձր անկայունության պայմաններում։ Հիմնական խնդիրն այն է, որ իշխանությունների դեկլարատիվ բազմավեկտորայնությունն ընկալվում է որպես արտաքին քաղաքական գծի անհետևողական փոփոխություն, ինչը մեծացնում է երկրի խոցելիությունը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am