«Անկեղծությունը լավ աշխատում է սիրային հարաբերություններում, պետական հարաբերություններում աշխատում է արդյունավետությունը». քաղաքագետ

«Անկեղծությունը լավ աշխատում է սիրային հարաբերություններում, պետական հարաբերություններում աշխատում է արդյունավետությունը». քաղաքագետ
«Անկեղծությունը լավ աշխատում է սիրային հարաբերություններում, պետական հարաբերություններում աշխատում է արդյունավետությունը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Տեսակետ կա, որ վարչապետն իր գնահատականներում անկեղծ էր, բայց լուծումներ այդպես էլ չառաջարկեց։ Համամի՞տ եք։

– Ինչպես միշտ, կառաջարկեմ լուծումներ։ Նախ պետք է հաշվի առնենք, որ այդ պետական համակարգի հիսուն տոկոսը Նիկոլ Փաշինյանի բերած կադրերն են, ընդ որում՝ որոշում կայացնող դեմքերը, խոսքը նախարարների, փոխնախարարների, վարչության պետերի մասին։ Եթե մենք խոսում ենք դրանցից ավելի ցածր օղակների մասին, ապա ուզում եմ տեղեկացնել, որ այդ օղակները ոչինչ չեն որոշում։

Նախարարները պարտավոր են հսկել, թե ինչպես են կատարվում որոշումները, նախարարները պարտավոր են հսկել արդյունավետությունը և նաև պարտավոր են հոգ տանել իրենց կադրերի բարեկեցության համար։ Տեսեք ինչ է անում քաղաքապետարանը. կորպորատիվների համար մեծ քանակությամբ փող է դուրս գրում և դրանով խրախուսում է իր աշխատողների արդյունավետությունը, բայց արդյունավետությունը դրանով չեն խրախուսում։

Արդյունավետությունը կխրախուսվի միայն այն ժամանակ, երբ արդյունավետություն և աշխատավարձ կապը լինի բացահայտ, երբ յուրաքանչյուր աշխատող կհասկանա, որ ինքը մինիմալ աշխատավարձից բացի ստանում է պարգևավճար իր կատարած արդյունավետ աշխատանքի համար։ Պետական ապարատում, կներեք, խելքից դուրս, անիմաստ և ոչ մոտիվացված դուրս են գրում պարգևավճարներ, կողքի մարդիկ դրանից բարկանում են, և բնական է այդ բարկությունը։

Հասկանում ենք, չէ՞, որ, օրինակ, դասախոսի միջին աշխատավարձը ԵՊՀ-ում տվյալ պահին դրույքաչափերի իջեցում է տեղի ունենում, հասնում է մինչև 150.000 ծիծաղելի գումարի, սա ասում եմ իմ անձնական օրինակով։ Եվ այս ֆոնին դասախոսները, բժիշկները, որոնք շատ ավելի կարևոր պետական ծառայողներ են, քան ապարատը, աճում է հանրային դժգոհությունը։ Դրա համար պետական ապարատի պրոֆեսիոնալիզմը պետք է ստուգել։

Պետք է յուրաքանչյուր աշխատողի համար լինի աշխատանքային պարտականությունների կանոնակարգ, որը փակցրած լինի իր սեղանի վրա, և դա գիտի յուրաքանչյուր մարդ, հայերեն այն կոչվում է՝ գործիդ անունն ինչ է։ Ինչ վերաբերում է պետական համակարգի ուռճացվածությանը, քանի կար՝ հեղափոխությունից առաջ բոլորը խոսում էին, որ պետական համակարգը ուռճացված է և պետք է օպտիմալացնել, մենք այդ օպտիմալացումը չտեսանք։ Ընդամենը տեսանք նախարարությունների համակցում, բայց ընդհանուր քանակի հետ բան չպատահեց։

– Գուցե վարչապետը անո՞նսը տվեց հնարավոր «ջարդից» առաջ։

– Եթե անգամ ջարդ լինի, ինչպես ասացին՝ ջարդելու են կոռուպցիան, ջարդելու են երկրորդ նախագահին, թաթիկներ են կտրելու, լինելով հեղափոխության կողմնակից և ջատագով՝ ես հորդորում եմ մեր պետական այրերին մոտենալ ցանկացած աշխատանքի իբրև պետական աշխատանքի, որը պետք է ունենա պլան, պլանին համապատասխան քննարկում, քննարկման գործիքակազմ, գործիքակազմի մասնավորեցում, հետո այդ գործիքակազմի անհատական պատասխանատվություն, թե ով ինչի համար է պատասխանատու, և հետո պլանի իրականացում։ Եվ այսպիսի ամպագոռգոռ հայտարարությունները շարժում են ոչ պրոֆեսիոնալ օբյեկտների երջանկությունը։ 

Հորդորում եմ մեր կառավարության բոլոր անդամներին շրջայց կատարել Հայաստանի սննդի խանութներում, տեսնել գնային հարաբերակցությունը և հասկանալ, որ հեղափոխական էյֆորիան և նման հայտարարությունները կարճ կյանք ունեն։ Թող դա տևի ևս մեկ տարի, թող դա արվի բոլորը հայտարարություններով, վճռականություններով, գալու է այն կրիտիկական պահը, որ բոլորս բախվելու ենք չկատարած աշխատանքի տխուր տեսլականին, և այդ ժամանակ հնարավոր է ամեն ռևանշիստական փորձ, որը ցանկալի չէ, հնարավոր է ամեն մի աննախադեպ արտաքին ներխուժում, որն առավել ևս ցանկալի չէ։ Դրա համար եմ կարևորում պրոֆեսիոնալիզմը, պետական համակարգի արդյունավետությունն այն է, երբ պետական ապարատը համակարգողը իր պաշտոնյաներից հատ առ հատ գիտի ինչ տիպի արդյունավետություն պահանջել։

– Արդյոք կադրային բանկի խնդիր չկա՞ այստեղ։ 

– Կադրային բանկը հետևյալն է. յուրաքանչյուր ոլորտ թե դրսի ֆինանսավորման պարագայում, խոսքը դրամաշնորհների, ներդրումների, մեծ գաղափարների և այլնի մասին է, համաշխարհային տարածքում պարունակում է մեծ քանակությամբ փող։ Մենեջերի գերխնդիրը այդ փողը ներգրավելն է, այդ ժամանակ կլինի և՛ պրոֆեսիոնալ կադրային բանկ, և՛ կլինի պրոֆեսիոնալ աշխատանք։ Եթե մենեջերը պետական բյուջեի շրջանակներում է խաղալու, բոլորս գիտենք մեր պետական բյուջեի հնարավորությունները։

Ուրեմն վարչապետը կամ պետք է ասի՝ գոտիներս ձգում ենք բոլորս և աշխատում ենք այս համակարգում, կամ էլ եթե համաշխարհային մակարդակի պետություն ենք կառուցում, նման հավակնոտ հայտարարություն անելուց առաջ պետք է մտածել արդյունավետության մասին։

– Նշվում է, որ վարչապետը շատ անկեղծ էր հենց այն մասով, որ չի հաջողվել պետական ապարատի արդյունավետությունն ապահովել։

– Անկեղծությունը, իհարկե, շատ հաճելի է, բայց պետական պաշտոնյայից չի պահանջվում անկեղծություն, պետական պաշտոնյայից չի պահանջվում ազնվություն, ի դեպ, այդ բոլոր հատկանիշներն էլ Նիկոլ Փաշինյանն ունի, պետական պաշտոնյայից չի պահանջվում խարիզմա և չի պահանջվում հաջողակություն, պետական պաշտոնյայից պահանջվում են մեթոդական համակարգման հնարավորություն և աշխատանքի արդյունավետության ապահովում։

Սրանք ձանձրալի կարող են հնչել, բայց հենց դրանք են պետք հասարակության բարօրությունն ապահովելու համար։ Ամենուրեք այնքան կնճռոտ հարցեր կան և այդ բոլոր հարցերը արդյունավետության պակասի արտացոլանքն են։ Դրա համար ես անկեղծությունը ողջունում եմ, բայց անկեղծությունը լավ աշխատում է սիրային հարաբերություններում, պետական հարաբերություններում աշխատում է արդյունավետությունը։

Մանե Հարությունյան

MediaLab.am