Ազդանշան իշխանությա՞նը. «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի դադարեցման շուրջ վերլուծաբանները տարակարծիք են

Ազդանշան իշխանությա՞նը. «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի դադարեցման շուրջ վերլուծաբանները տարակարծիք են
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» նոր ծրագրի համար, դարձել է ակտիվ քննարկումների թեմա:
«Սա այն ազդակն է, որ մեզ ցույց է տալիս, որ մենք համագործակցության ցանցից դուրս ենք մնում,- լրագրողներին ասել է վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: – Սա լուրջ հաղորդագրություն է մեր իշխանությանը, ազդանշան այն մասին, որ դուք դուրս եք մնում, չեք համապատասխանում մեր ստանդարտներին և չեք կարող մաս կազմել ստեղծվող մեծ, գլոբալ, հավասարազոր համագործակցության ցանցին»:

Ապրիլի 15-ին` ուրբաթ, դեսպան Յովանովիչը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2006-ի սեպտեմբերին և ավարտվելու է այս սեպտեմբերին: Ըստ 2006-ի կնքված համաձայնագրի` կորպորացիան գյուղական ոլորտը բարելավելու և աղքատությունը կրճատելու նպատակով ոռոգման ցանցերի վերականգնման և գյուղական ճանապարհների վերանորոգման ենթածրագրերի համար պետք է տրամադրեր 235,6 մլն դոլար:

Երկրի կողմից ժողովրդավարական մի շարք ցուցիչներով` մամուլի ազատություն, ժողովրդավարական կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, անհրաժեշտ առաջընթաց չապահովելու դեպքում ՀՄԿ-ն իրավունք ուներ կասեցնելու կամ դադարեցնելու ծրագիրն ամբողջությամբ կամ առանձին ենթածրագրեր:

Դեռևս 2008-ի մարտի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը, մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո, նամակով դիմել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում գրել էր, թե «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում:

Նամակում Դանիլովիչը նաև պաշտոնապես զգուշացրել էր, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»:

Երկրորդ «նախազգուշացումը» տեղի ունեցավ 2009-ին, երբ ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորման հաշվին, որով պետք է վերականգնվեր շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ, ծրագիրը կրճատվեց շուրջ 68 միլիոն դոլարով:

«Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար` որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ` սա նաև պետք է խթան լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում, մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում»,- ասել է դեսպանը:

Ոմանք արդեն ԱՄՆ-ի այդ քայլը համարել են որոշակի ազդանշան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ոմանք էլ` ոչ այնքան արդարացի:

«Նման գնահատականն արդարացի չէ,- ասում է իշխանական ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: – Դեռևս 2008-ին ամերիկյան կողմը խոսել է այդ ցուցիչների մասին, սակայն վերջին 3 տարիներին մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել և քաղաքական լուրջ կամք դրսևորել: Չեմ կարծում, թե սանկցիաներ կիրառելը ամրապնդում է ժողովրդավարությունը»:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Մարի Յովանովիչի խոսքերի և Հայաստանում ընդդիմության ակտիվության միջև ուղղակի կապ է տեսնում:

Ընդդիմությունը ի դեմս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տևական ժամանակ պահպանած պասիվությունից հետո այս տարվա փետրվարին վերսկսեց բազմամարդ հանրահավաքները` հայտարարելով նոր «ժամանակաշրջանի մասին»:

«Երբ հասարակական դիմադրությունը, այսպես ասած, արդեն մոտենում է իր գագաթնակետին, ԱՄՆ ներկայացուցիչը պետք է իրենց կոնկրետ դիրքորոշումը հայտնի: Այսինքն` Հայաստանի իշխանությունները գիտեն, որ ԱՄՆ-ը մինչև օրս իրենց գործընկեր է եղել, և եթե նրանց թվում է, որ այդպես էլ շարունակվելու է, ապա ԱՄՆ-ն այսպիսով ազդանշան է տալիս, որ այլևս այդպես չէ»,- համոզված է Ռուբեն Մեհրաբյանը:

Ամերիկյան կողմի «ազդանշանի» մասին իր տեսակետն է արտահայտել նաև ընդդիմադիր ՀԱԿ-ը:

Ըստ ՀԱԿ-ի ապրիլի 18-ի հայտարարության` այս հարվածները Հայաստանին հասցվել են միայն այն պատճառով, որ «ռեժիմը, իր ոչ լեգիտիմության բերումով, շարունակում է կառչած մնալ գործելակերպի բռնապետական ու հակաօրինական մեթոդներին և ի զորու չէ առաջնորդվել քաղաքական մտածողությամբ, առավել ևս՝ չի գիտակցում և չի առաջնորդվում պետական շահերով»։

Սակայն, իշխանության ներկայացուցիչ, ՀՀԿ անդամ անդամ Հովհաննես Սահակյանը հավատացնում է, որ հատկապես վերջին տարիներին իշխանություններն ակտիվ քայլեր են կատարել ի նպաստ պետական շահերի: Նա հայտարարությունն ու ներքաղաքական ակտիվությունը կապում է գալիք ընտրությունների հետ:

«Այս ամենը գրեթե մեկ տարի անց մեկնարկելիք ընտրությունների պատճառով են,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը: – Սակայն դեսպանի նման հայտարարությունը կարող է բացասական հետևանք ունենալ հասարակության մեջ իշխանությունների հանդեպ վստահության առումով, այն դեպքում, երբ մենք ամեն ինչ անում ենք դրա համար»:

Քրիստինե Խանումյան

Դիանա Գալստյան

© Medialab.am