«Եվրատեսիլը» ողբերգություն է Ադրբեջանի համար». պնդում են Բաքվում կայանալիք երգի մրցույթի համար քանդված բնակելի շենքի բնակիչները

«Եվրատեսիլը» ողբերգություն է Ադրբեջանի համար». պնդում են  Բաքվում կայանալիք երգի մրցույթի համար քանդված բնակելի շենքի բնակիչները
«Եվրատեսիլը» ողբերգություն է Ադրբեջանի համար». պնդում են Բաքվում կայանալիք երգի մրցույթի համար քանդված բնակելի շենքի բնակիչները

Բնակարանատերերը պնդում են, որ Բաքվում կայանալիք երգի մրցույթի համար նախատեսված դահլիճի կառուցման աշխատանքների ընթացքում իրենց ստիպել են լքել տները`փոխարենը փոքր դրամական փոխհատուցում առաջարկելով:

Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ը շատ սպասելի իրադարձություն է համարվում, սակայն ոչ շարքային քաղաքացիների համար. երգի մրցույթի համար նախատեսված համերգասրահի շինարարության պատճառով տուժում են Բաքվի կենտրոնի բնակիչները:

«Մրցույթը կհիշեցնի ինձ այն մասին, թե ինչպես ինձ վտարեցին իմ գեղեցիկ բնակարանից: Երբ 2011-ին Ադրբեջանը հաղթեց «Եվրատեսիլում», ես բնազդաբար զգում էի, որ կառավարությունը կգործի ի վնաս ժողովրդի», – ասում է մայրաքաղաքի կենտրոնում բնակվող թոշակառու Նատալյա Ալիբեկովա Չերքեզովան:

Բաքուն իրավունք ստացավ հյուրընկալել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը, երբ անցյալ տարվա մայիսին Ադրբեջանը ներկայացնող Էլդար Գասիմով եւ Նիգյար Ջամալ զույգը հաղթանակ տարավ ամենամյա մրցույթում:

Անկախությունից ի վեր, «Եվրատեսիլ» երգի մրցույթը Ադրբեջանում անցկացվող ամենանշանակալի միջազգային միջոցառումն է լինելու, եւ երկրի իշխանությունները աննախադեպ ջանքեր են գործադրում մայրաքաղաք Բաքուն մրցույթին պատրաստելու համար:

Մրցույթն անցկացվելու է «Բյուրեղապակյա դահլիճում», որի կառուցման ընթացքում Բաքվի կենտրոնում բնակվող շուրջ հարյուր ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները:

Իրավապաշտպան ակտիվիստները նշում են, որ իշխանություններն անտեսել են բնակարանատերերի իրավունքները տեղափոխության ընթացքում, իսկ տրամադրած փոխհատուցումը չի համապատասխանում բնակարանների իրական արժեքին:

Չերքեզովայի ընտանիքը մեկն էր այն 71 ընտանիքներից, որոնք բնակվում էին համերգասրահի համար նախատեսված հրապարակի հարեւանությամբ գտնվող ինը հարկանի շենքում: 2011-ի վերջին բնակիչներին տեղեկացրել էին, որ իրենց շենքը քանդման ենթակա է: Չերքեզովան պատմում է, որ տեղափոխման մասին ծանուցումը հասարակ թղթի կտոր էր, որի վրա բացակայում էին պաշտոնական կնիքները կամ համապատասխան իրավական գործընթացի վերաբերյալ բացատրությունը:

Այնուհետեւ բնակիչները հանդիպում էին ունեցել Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի հետ, որը խոստացել էր նրանց, որ շենքին չէին դիպչելու:

Հունվարին, սակայն, բանվորները եկել եւ սկսել էին քանդել շենքը, չնայած այս ամենից անտեղյակ բնակիչները դեռեւս իրենց բնակարաններում էին:

Ընտանիքներից շատերը հրաժարվել էին հեռանալ, սակայն նրանց բնակարանները զրկել էին էլեկտրականությունից, գազամատակարարումից եւ ջրից այն դեպքում, երբ Ադրբեջանում օդի աննախադեպ ցածր ջերմաստիճան էր գրանցվել, եւ բնակիչները ստիպված են եղել ձյուն հալեցնել ջուր ստանալու համար:

Վերջիվերջո, շենքի բնակիչները ստիպված են եղել թողնել իրենց բնակարանները, եւ Չերքեզովան վերջին հեռացողների շարքում էր:

«Ես քաջալերում էի մարդկանց պայքարել: Ես երկար ժամանակ դիմադրեցի, բայց ի վերջո ստիպված եղա հանձնվել: Հույս չկա, որ այս անարդար իշխանությունները մարդկանց հետ երբեւէ ազնիվ կվարվեն», – դժգոհում է թոշակառուն:

Չերքեզովային 117 հազար մանաթի (148 հազար դոլար) չափով փոխհատուցում են վճարել, եւ ներկայում նա վարձով է ապրում:

Նրա հարեւանուհին`Մինիրա Իսքենդերովան, որը նույն շենքում էր բնակվում, ասում է, որ պայքարելն անիմաստ էր, քանի որ, միեւնույն է, պարտության էր բերելու:

«Ես չէի հեռանում նույնիսկ այն դեպքում, երբ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հասնում էր 14 աստիճան ցրտի: Ես կարող էի տանել դա, բայց հոգեբանական ճնշումը տանել ի վիճակի չէի: Գործիքներով զինված բանվորները պատրաստ էին կոտրել բնակարանների դռները: Քաղաքապետարանի աշխատակիցներն ամեն օր մեր դուռն էին բախում եւ հարցնում, թե արդյո՞ք շուտով կազատենք բնակարանը: Քանդման աշխատանքների աղմուկը եւ լարվածությունը, որոնք շարունակվում էին այն ժամանակ, երբ դեռ ապրում էինք շենքում, ուղղակի կոտրեցին մեզ», – պատմում է նա:

Իսկքենդերովայի ընտանիքը լքել է բնակարանը 2 շաբաթ առաջ եւ այժմ վարձով է ապրում: Նրանք 100 հազար մանաթի չափով փոխհատուցում են ստացել եւ 85 հազարով արդեն նոր բնակարան են գնել, բայց կինը պնդում է, որ իրենց եւս 30 հազար մանաթ է հարկավոր բնակարանն այլ հարմարանքներով եւ կահույքով ապահովելու եւ այն կյանքի համար պիտանի դարձնելու համար:

Երկու երեխաների միայնակ մայր Արզու Ադիգյոզելովան նկարագրում է, թե ինչպես էին աշխատում շենքը քանդող բանվորները:

«Երբ շենքի մուտքը քանդեցին, ես ստիպված էի սեփական բնակարան հասնելու համար մագլցել հարեւանների ավերված տան միջով: Քանդման աշխատանքների ժամանակ շենքն անընդհատ ցնցվում էր: Իմ իննամյա դուստրն այնպես էր վախեցել, որ հրաժարվում էր ապրել տանը, այդ պատճառով ստիպված եղա նրան թողնել ծնողներիս մոտ», – ասում է Ադիգյոզելովան:

Բաքվի քաղաքապետարանի պաշտոնյաները պնդում են, որ ճշգրտությամբ հետեւել են շենքի բռնագրավման բոլոր իրավական ընթացակարգերին եւ լավ գումար են առաջարկել քանդված շենքի բնակիչներին:

«Մենք շուկայական գներին համապատասխան մեծ գումար ենք վճարում նրանց: Նրանք կարող են քաղաքի կենտրոնում բնակարան գնել», – ասում է քանդման հանձնաժողովի ղեկավար Զուլֆալի Իսմայիլովը:

Բաքվի «Ազատ տնտեսության օգնության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Զոհրաբ Իսմայիլը, որի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, նշում է, որ խնդիրը բոլորովին այլ է: Նա ասում է, որ բնակիչների հետ փոխհատուցման վերաբերյալ բանակցություններ չեն վարվել, իսկ տրամադրված գումարը բավարար չէ քաղաքի նույն հատվածում տուն ձեռքբերելու համար:

«Իրականում, քաղաքի այդ հատվածում գները շատ ավելի բարձր են: Այն հենց քաղաքի կենտրոնին մոտ է տեղակայված: Տրամադրված փոխհատուցման գումարով նրանք միայն կարող են Բաքվի ծայրամասում բնակարաններ գնել», – ասում է նա:

Իսմայիլի հանձնարարականով`երկու տեղական ընկերություններ ուսումնասիրել են մայրաքաղաքի այս հատվածում տեղակայված անշարժ գույքի շուկայական արժեքը. ուսումնասիրության համաձայն`Չերքեզովայի բնակարանի իրական արժեքը 151 հազար մանաթ է, ինչը 30 տոկոսով գերազանցում է նրա ստացած փոխհատուցման գումարը:

Միեւնույն ժամանակ «Human Rights Watch» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 29-ին հրապարակած իր զեկույցում մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին բնակարանատերերին անազնիվ պայմաններով փոխհատուցում տրամադրելու մեջ:

«Ադրբեջանական կառավարությունը հարկադրաբար տեղահանել է մարդկանց, ոտնահարել էր նրանց`սեփականության նկատմամբ եւ փոխհատուցում ստանալու իրավունքները: Նրանց տներն ավերվել են այն ժամանակ, երբ նրանք դեռ ներսում էին, առանց որեւէ դատական որոշման», – հայտարարել էր զեկույցը պատրաստած «Human Rights Watch»-ի փորձագետ Ջեյն Բուչանանը Բաքվում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Զեկույցում նաեւ նշվել է, որ բնակարարանատերերից ոմանք բողոքելու համար ձերբակալվել են. «Ոստիկանությունը սրել է բնակիչների տեղահանման գործընթացը`նրանց ոստիկանության բաժանմունքում կալանքի տակ պահելով, մինչ իշխանությունները քանդում էին բնակելի շենքը»:

«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ» հետազոտական կազմակերպության ղեկավար եւ իրավապաշտպան ակտիվիստ Լեյլա Յունուսը նշում է, որ մանրամասն ուսումնասիրել է «Եվրատեսիլ» մրցույթի հյուրընկալման ողջ գործընթացի ունեցած հետեւանքները:

«Վերջին ամիսների ընթացքում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է, եւ այն ավելի կսրվի: «Եվրատեսիլը» ողբերգություն է Ադրբեջանի համար», – ասում է նա:

Արզու Ադիգյոզելովան ոչ միայն զրկվել է բնակարանից, որի շրջակայքում լավ դպրոցներ եւ ցերեկային խնամքի կենտրոններ կան, այլ նաեւ իր`ուսուցչի աշխատանքից`տեղահանության դեմ պայքարելու ընթացքում ստացած վնասվածքի պատճառով:

Նա ասում է, որ իր բնակարանի համար ստացած 57 հազար մանաթի չափով փոխհատուցումը բավարար չէ քաղաքի նույն հատվածում բնակարան գնելու համար:

Ադիգյոզելովան դատարան է դիմել, սակայն գործը ժամանակավորապես կասեցվել է, քանի որ քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր ներկայացել դատական լսմանը:

Շահլա Սուլթանովա

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):