Լռությունից ծնված ծիծաղը. ծաղրածուն ուրախություն է պարգևում բոլորին

Լռությունից ծնված ծիծաղը. ծաղրածուն ուրախություն է պարգևում բոլորին
Լռությունից ծնված ծիծաղը. ծաղրածուն ուրախություն է պարգևում բոլորին

Ծաղրածուն պատրաստվում է ներկայացման` ճտքակոշիկներ, զոլավոր գուլպաներ, կարճ, կարմիր տաբատ, վառ դեղին վերնաշապիկ, լայնեզր գլխարկ, կարմիր քիթ, կարմիր թշեր, ժպիտ, և հայելու միջից նայում է նա`23-ամյա Էմիլ Օհանյանը:
Նա կատարում է Լեոնիդ Ենգիբարյանի հայտնի համարը. փայտից կախում է ժիլետը, շարֆը, գլխարկը, ձեռնափայտը, դնում ճակատին: Հանդիսատեսը շունչը պահում է… Ակնթարթ… Շորը ծաղրածուի հագին է, գլխարկը` գլխին, շարֆը` ուսերից կախված, իսկ ձեռնափայտը` ձեռքին:

Հերթը ծափերինն է… Համարն այնքան բարձր ծափահարությունների է արժանանում, որ անգամ մանկուց լսողության խնդիրներ ունեցող Էմիլը ժպիտի միջով լսում է դրանք:

«Ամեն ինչ սխալ սրսկելու պատճառով է եղել: Մեկ տարեկանում զգացինք, որ Էմիլը լսողության լուրջ խնդիրներ ունի,- պատմում է Էմիլի մայրը` Լաուրա Օհանյանը: – Այդ ժամանակ մենք Գերմանիայում էինք: Երբ տարանք բժշկի, մեզ պատասխանեցին, որ բժիշկն իր հիվանդի համար միայն վեց ամիս է պատասխանատու: Հետո էլ մեզ ասեցին, թե բժիշկը չկա»:

Մայրը պատմում է, որ Գերմանիայում բժիշկների հսկողությամբ նա շատ լավ խոսում էր: Բայց երբ ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան, լեզվի փոփոխության հետ զուգահեռ Էմիլի դժվարություններն ավելացան, և Էմիլից երկար ժամանակ պահանջվեց գերմաներենից հայերենին ընտելանալուն:

«Երբ վերադարձանք Հայաստան, Էմիլը 7-րդ դասարանում էր: Այստեղ քննություն տվեց: Գիտելիքները համապատասխանում էին համադասարանցիների մակարդակին: Խելացի է… Այստեղ էլ Էմիլն ավարտեց 10-րդ դասարանը: Բայց քանի որ զուգահեռ կրկեսը կար, լիովին կապվեց և նվիրվեց կրկեսին»:

Կրկեսում` ընկերական շրջապատում, Էմիլն աստիճանաբար սկսում է խոսել: Կրկեսի արտիստներն ասում են, որ ոչ-ոք չի էլ նկատում, որ նա լսողության խնդիրներ ունի և քիչ է խոսում, քանի որ «ամենաշփվող արտիստներից մեկն է»:

Էմիլի շփվելու լեզուն` ժեստերինը չէ, նա բացատրվում է ձեռքերով, շարժումներով: Կրկեսի արտիստ Մուշեղ Խաչատրյանն ասում է, որ բոլորը Էմիլին շատ լավ են հասկանում:

«Ես հիմա ինչ ուզեմ, կարող եմ իրան բացատրել: Դուք էլ որ շփվեք, հաստատ կհասկանաք նրան: Օրինակ՝ անցյալ տարի Հնդկաստանում էինք: Նա հնդիկների հետ մեզնից լավ էր խոսում, նրանց ամեն ինչ բացատրում էր»,- պատմում է Խաչատրյանը:

Կրկեսում թեև բոլորը միաբերան ասում են, որ ծիծաղ բերող ծաղրածուն ուրախ և շփվող երիտասարդ է, սակայն Էմիլն այդ ամենի հետ մեկտեղ նաև շատ ամաչկոտ է, երբեմն նույնիսկ՝ չափից ավելի ինքնամփոփ:

«Էմիլը, ճիշտ է, շատ ընկեր-ընկերուհիներ ունի, բայց հիմնականում բոլորի հետ խմբի մեջ է շփվում: Իրականում նա ավելի փակ է,- պատմում է տղայի մայրը: – Սկզբում մտածում էի մնջախաղի թատրոնի մասին, բայց տատիկը ցանկացավ, որ կրկես տանենք: Մենք էլ ասեցինք` տանենք կրկես, տեսնենք այստեղ նրան կընդունե՞ն, թե՞ չէ, հետո փորձենք մնջախաղը»:

Թե՛ ինքնամփոփությամբ, թե՛ վարպետությամբ Էմիլին նմանեցնում են հայ կրկեսի լեգենդ, աշունը` սրտում ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին:

«Ես նրա մեջ տեսնում եմ մեր ապագա Ենգիբարյանին: Որովհետև անում է նրա բոլոր հնարքները, – «Մեդիալաբին» ասում է կրկեսի ստուդիայի մանկավարժ-մարզիչ Վաչագան Եղոյանը: – Երբ ծնողները բերեցին նրան, ես ասացի՝ սպասե՛ք, շատ մի՛ գովացեք, սպասեք, տեսնենք` երեխան ի՛նչ ունակություններ ունի: Ճկունություն այնքան չուներ, բայց կոորդինացիան գերազանց էր»:

Իսկ մարզիչն Էմիլին խոստումնալից ապագա է գուշակում:

Եղոյանը նրա գլխավոր հատկանիշը աշխատասիրությունն է համարում, Էմիլը պարապում է ամենուրեք` թե՛ տանը, թե՛ կրկեսում, ամենաբարդ համարները սովորում է ամիսների ընթացքում, մինչդեռ, մասնագետներն ասում են, որ շատերին այդ ամենը յուրացնելու համար տարիներ են պետք:

««Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը իր տանը դրված է, օրը մի հարյուր անգամ նայում է և մանրակրկիտ ուսումնասիրում նրա (Ենգիբարյանի) բոլոր մոտեցումները: Նայելով պարապում է: Ես անգամ, կարելի է ասել, շատ չնչին ուղղություն եմ տվել նրան: Լուրջ եմ ասում՝ ես ապշած եմ նրա հնարավորություններով»,- հավելում է մարզիչը:

Մարզիչը պատմում է, որ սկզբում իր համար բավական բարդ էր աշխատել Էմիլի հետ: Դժվար էր թե՛ ինչ-որ բան բացատրելը, թե՛ հասկանալը: Բայց ժամանակի ընթացքում մարզիչն ու աշակերտն այնքան մտերմացան, որ հիմա մեկ հայացքն էլ բավական է, որ իրար հասկանան:

Ծաղրածուի սենյակը թափթփված պահարան է հիշեցնում: Պատերին փակցված են հին ու նոր կրկեսային տարբեր գունագեղ պաստառներ: Կախիչին հանգստանում են գլխարկներ` լայնեզր, գործած։ Անկյունում դրված է կեղծամը: Հայելու աջ կողմում փակցված են գրքերից և հանդեսներից կտրված ծաղրածուների նկարներ: Էմիլն ինքն է դա արել, պարզաբանում է` ծաղրածուների հագուստի և տեսքի հետաքրքիր մոդելներ են:

Նա ցույց է տալիս պատին մեխած պարանից կախված իր կոստյումը: Համարներից մեկում, յուրաքանչյուր կատարած տրյուկից հետո, նրա գրպաններից ու գլխարկից պետք է մարզիկի մեդալներ կախվեն: Կոստյումի վրա մի քանի հատ իսկական մեդալներ կան` դեռևս Հայրենական պատերազմի, մնացածն ինքն է պատրաստել` շրջանի տեսքով կտրելով փայլուն, բարակ մետաղը:

«Էմիլի նպատակն է՝ ճանաչման արժանանալ կրկեսի ասպարեզում: Քանի որ Սոս Պետրոսյանն (կրկեսի հայտնի արտիստ և գեղարվեստական ղեկավար) նրա հիմքը դրեց Ենգիբարյանական ուղիով, Էմիլն էլ նույն ուղիով է ուզում գնալ»,- որդու ծրագրերի մասին է պատմում Լաուրա Օհանյանը:

Լույսերի և սպասումների մեջ Էմիլը երազում է կրկեսի մասին, իր ապագայի, որը տեսնում է կլոր, կարմիր արենայի կենտրոնում` ծափահարությունների և ծիծաղի ներքո:

«Կրկեսը նրա ամբողջ կյանքն է,- ասում է մայրը,- նվիրումն ու երազանքները»:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am