«Այս հանրաքվեն ունի մեկ նպատակ՝ փնտրել նոր սատանաներ և զբաղվել այդ սատանաների չեզոքացմամբ»․ Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, որոշվեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար պետական բյուջեից մոտ 2.7 մլրդ դրամ է հատկացվելու։ Որքանո՞վ է արդարացված այս գործընթացի համար այդքան գումար ծախսելը։

– Մենք գիտենք, որ բացի այս հանրաքվեից, ևս մեկ հանրաքվե է անհրաժեշտ արդեն սահմանադրական փոփոխությունների ամբողջական փաթեթի համար։ Եվ երբ մենք խոսում էինք հանրաքվեի անհրաժեշտության մասին այս նախագծի շրջանակներում, մատնանշել էինք, որ սա տանելու է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ, այլ նաև քաղաքական և պետական։

Այսինքն՝ այո, ստացվում է, որ պետական բյուջեից կրկնակի գումար է ծախսվել հանրաքվեի համար, այնինչ կարող էին այս փոփոխությունը կատարել սահմանադրական ու օրինական ճանապարհով՝ մեծ փաթեթի շրջանակում։ Բայց փաստորեն իշխանությունը որոշել է, որ իր՝ մեկ անձի դեմ ընտրարշավի համար պետք է տրամադրվի այդքան գումար հարկատուների գրպանից։ 

Եվ ոչ միայն ֆինանսական ռեսուրսներն են ծախսվում, այլ նաև պետական ռեսուրսն է օգտագործվելու։ Վարչապետը պետք է մոտ 40 օր ընկնի քարոզչություն անի՝ թողած իր բան ու գործը։ Արտաքին քաղաքականություն, տնտեսական հեղափոխություն, անվտանգություն, այս հարցերը թողած՝ պետք է զբաղվի ընտրարշավով, որպեսզի մարդկանց կարողանան տներից հանել ու ուղարկել ընտրատեղամասեր։ 

Եվ պետք է ասեմ, որ այդ ընտրարշավին մասնակցելու են նաև Ազգային ժողովի պատգամավորները, այսինքն՝ իշխանությունն իր ամբողջ քաղաքական ռեսուրսն օգտագործելու է այդ նպատակով։ Տուժում է երկրի երկարաժամկետ բարեփոխումների հարցը։ 

Մենք պետք է հասկանանք՝ մեր ժամանակն այնքան քիչ է, որ մենք դա շռայլելու իրավունք չունենք։ Մենք պետք է հասկանանք՝ այդ ժամանակն ինչի՛ վրա ենք ծախսում՝ կարճաժամկետ խնդիրների, երկարաժամկետ խնդիրների, թե մեկ մարդուն միտված հարց լուծելու համար։

– Իշխանություններն ասում են՝ դատական համակարգի խնդիրը կարևոր է։

– Բայց սա դատական ոլորտի խնդիր չէ, սա մեկ անձի՝ Հրայր Թովմասյանի խնդիրն է։ Դատական ոլորտի խնդիր կլիներ այն դեպքում, երբ մենք այս հարցը քննարկեինք սահմանադրական մեծ փաթեթի քննարկումների ժամանակ։ Այդ ժամանակ մենք նաև կառաջարկեինք, թե ինչպես փոխեինք ու բարեփոխեինք Սահմանադրական դատարանն ու ամբողջ դատական համակարգը։ 

Այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլուխը պետք է վերափոխվեր, և դրա համար մարդիկ կգնային ընտրական տեղամասեր, և նրանց քվեն, ժամանակն ու ռեսուրսն արդարացված կլինեին։ Բայց այս դեպքում սա մեկ անձի խնդիր է, որի համար մարդկանց պետք է տանեն ընտրատեղամասեր։

– Իշխանության ներկայացուցիչների կողմից հիմնավորումներ կան, որ ՍԴ-ն խոչընդոտում է բարեփոխումների իրականացումը։

– Իշխանությունն այդպես էլ չի պատասխանել մեր այն հարցին, թե մինչև այսօր ինչ բարեփոխում ու զարգացում է խոչընդոտել Սահմանադրական դատարանը։ Սա պարզապես միֆ է՝ ստեղծված իշխանության կողմից, որովհետև այլ փաստարկ չեն կարող բերել։ Ամբողջ գործողություններն ապացուցում են մի բան, որ սա անձնական հաշվեհարդար է։

– Դուք անձամբ կո՞ղմ եք, որ «Լուսավոր Հայաստանը» «Ոչ»-ի շտաբ չձևավորի։

– Ես որպես անհատ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ՝ մասնակցել եմ այդ քննարկումներին, և իմ դիրքորոշումը ևս եղել է այն, որ մենք չենք սնելու իշխանության ատելության օրակարգը։ Այս հանրաքվեն, ընտրարշավները ունեն մեկ նպատակ՝ փնտրել նոր սատանաներ և զբաղվել այդ սատանաների չեզոքացմամբ։ Դա տրամադրելու է իշխանությանը հեղափոխական հարթակներ՝ հեղափոխական կոչեր հնչեցնելու համար։

Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը չի ուզում զբաղվել պետական գործերով, և անընդհատ ինչ-որ հարթակներ են պետք՝ թշնամիներ ստեղծելու և այդ թշնամիներին ոչնչացնելու համար։ Սա է օրակարգը, և որպեսզի այս օրակարգը կյանքի չկոչվի, պետք է չսնել այդ ատելության մթնոլորտը։

– Այդ դեպքում իշխանության ներկայացուցիչները ձեզ հարցադրում են անում՝ ինչպե՞ս եք ձեր ընտրողներին հասկացնելու, որ դեմ եք այս հանրաքվեին, եթե «Ոչ»-ի շտաբ չեք ձևավորելու։ Մասնավորապես, նման հարցադրում արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

– Ալեն Սիմոնյանը թող չանհանգստանա մեր ընտրողների մասին։ Ալեն Սիմոնյանը թող անհանգստանա իրենց ընտրողների մասին, որոնք օրեցօր պակասում են, որովհետև այդ ընտրողներն սպասում են լուրջ բարեփոխումների, այդ թվում՝ նաև դատական համակարգում, բայց մարդիկ տեսնում են, որ այսօր դրան ուղղված քայլեր չկան։ Բայց իշխանությունը լուծում է մեկ հարց, այս խնդրի շուրջ, կարծում եմ, իրենք մտածելու առիթ ունեն։ Դատական համակարգի բարեփոխումներն ուշացել են և ուշանում են։

– Կառավարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ նպատակ կա ոստիկանությունը դարձնել ներքին գործերի նախարարություն։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ։

– Իհարկե, մենք ամբողջ փաթեթը դեռ չենք ուսումնասիրել, բայց ոստիկանությունը նախարարության վերածելու հեռանկարները մեզ համար մասամբ կարող են ընդունելի լինել։ Մենք ժամանակին բարձրաձայնել էինք ուժային կառույցները նախարարություններ դարձնելու հարցը, որպեսզի նաև ամրագրենք այդ ուժային կառույցների ղեկավարների քաղաքական պատասխանատվությունը։

Այս տեսանկյունից, կարծում եմ, դա շատ կարևոր է։ Մնացած կառուցվածքային և բովանդակային քննարկումներն արդեն կլինեն այն ժամանակ, երբ նախագիծը կմտնի օրակարգ։ Բացի դրանից, նաև սահմանադրական բարեփոխումների շրջանակներում պետք է հասկանանք, թե ինչ կառուցվածքային փոփոխություններ են լինելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am