«Մենք դաժան ձմեռներ, կտրոնով հաց, երկրաշարժ, պատերազմ, եղեռն ենք տեսել… մեր ազգը այլ կոփվածքի է». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարո՛ն Մովսիսյան, կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի առումով ի՞նչ վիճակում է Ամերիկան, ինչպես են մարդիկ արձագանքում, խուճապ կա՞, թե՞ ոչ։ 

– Վիճակն այնպիսին է, ինչպիսին ամբողջ աշխարհում։ Մեդիան իր գործն արել է, մարդկանց մեջ խուճապ կա։ Խանութների լուսանկարները երևի բոլորն են տեսել։ 

Չգիտես ինչու, բոլորին թվացել էր, որ զուգարանի թուղթը բուժիչ է։ Խուճապի հետևանք է, որ մարդիկ գնում են ոչ թե հաց, մոմ, առօրյա մթերք, այլ զուգարանի թուղթ։ 

Մամուլն էլ  չի նպաստում լարվածության թուլացմանը, քանի դեռ եթերային ժամանակը լցնելու առիթով  և դիտումներ ու տպաքանակ շահելու նպատակով հեռուստատեսությունն ու մամուլը բազմակողմանիի փոխարեն միակողմանի սարսափ կտարածեն, ալիքը ծավալվում է և ծավալվելու է։ 

– Իսկ մեդիան պետք է լռի՞, թե՞ պետք է բաց ու թափանցիկ գործի՝ խուճապ չստեղծելու համար։

– Մեդիան պետք է բազմակողմանի բոլոր փաստերը նաև նշի, որ մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան։ Երբ մարդուց վերցնում ես ընտրելու հնարավորությունը, նա սկսում է քիչ տեղեկացված լինել, խուճապ է առաջանում։

Երբ մեդիան ասում է՝ աշխարհում այսինչ երկրում մահացել է այսքան մարդ, մարդն իրավունք ունի նաև ակնկալելու, որ միակողմանի այդ փաստը չներկայացնեն, այլ նաև նշեն, թե քանի առողջացած կա։ 

Կամ նշել, թե որքան է վարակակիր, բայց չհիվանդացած կամ թեթև տանող հիվանդների թիվը, որոնցից այդքանը մահացել են։ Այսինքն՝ այդ բազմակողմանիությունը չկա, կա միակողմանի տեղեկատվություն, ինչը իմ բանականությունը վիրավորում է։ 

Ուրեմն պետք է ենթադրել, որ դա հատուկ նպատակ ունի։ Հակառակն էլ, իհարկե, շատ վտանգավոր է. փակելով վատ լուրերը՝ կարող ես ստանալ մեկ այլ ասեկոսեների միտում, իսկ հիմա, երբ աշխարհից  լրատվության հասանելիությունը շատ դյուրին է, ուղղակի զարմանալի է՝ ինչպե՛ս է մեր կառավարությունը փորձելու կառավարել և առավել, ո՞վ է որոշելու՝ ի՛նչն է վնասակար, արգելել ու ի՛նչը՝ ոչ, թողնել իբր հասանելի հանրությանը: 

Մեդիան պետք է բազմակողմանի բոլոր փաստերը նշի, որ մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան։ Այլապես կարելի է ընկնել մի ծայրահեղությունից, որը խուճապ է տարածում, մեկ այլ ծայրահեղության մեջ՝ լոխ լավ է, ունենք ընդամեն 190 վարակված (սա այսօրվա տվյալներն են՝ միջազգային լրահոսից վերցրած): Ապոկալիպսիսի հասցված խուճապը իհարկե բացասական է ազդում, այն թեժացնել չարժի, բայց դա բացարձակ չի նշանակում՝ ինչ-որ մեկը պիտի որոշի ասելիքի չափաբաժինը, այն կարող է հակառակ էֆեկտ ունենալ: 

Ամեն դեպքում, պետք է զգույշ լինել, լվանալ ձեռքերը, պահպանել տարածություն իրարից, պահպանել ինքնամեկուսացման իսկապես դժվար, բայց կանխարգելիչ պահանջները, որ չվարակվես ու չվարակես, չլինել անփույթ։ Իսկ դրա համար ընդամենը պետք է լինել ինֆորմացված, և ինքդ որոշես՝ որն է ճիշտ ճանապարհը։ 

– ԱՄՆ-ում որքանո՞վ է գիտակցվում ինքնամեկուսացման կարևորությունը։

– Որտեղ չեն գիտակցում՝ մտցնում են ազգային գվարդիան, փակում են քաղաքները։ Հիմա արդեն որոշ տեղերում պարտադրում են ինքնամեկուսանալ։ Լոս Անջելեսում դեռ այդ ֆոնը չկա։ Երբ դուրս ես գալիս քաղաք, տեսնում ես, որ փողոցում մարդիկ ամեն դեպքում կան։ Նախկինի չափ չէ, բայց կան։ Մարդկանց մի մասը, իհարկե, գիտակցում է վտանգը։ Այս վիրուսն անծանոթ է, և երևի հենց այդ անծանոթ լինելն է ավելի շատ վախ առաջացնում։ Բայց բոլոր դեպքերում մեդիան մի քիչ շատ է խտացրել գույները։

– Կա տեսակետ, որ սա ծրագրված արշավ էր որոշ ուժերի կողմից։ Դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը։

– Ես այս պահին դժվարանում եմ գտնել, թե որտեղից են ‹աճում ականջները›։ Գուցե որոշ ժամանակ անց իմանանք, հիմա օդում պտտվում են տարբեր վարկածներ, որոնցից  յուրաքանչյուրի հետևում շահառուներ կան: Գուցե մի օր իմանանք ճշմարտությունը, գուցե, բայց հավանաբար՝ ոչ: 

Իհարկե, ամեն մահը ցավալի է, բայց այս երկու ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է ընդամենը 13 հազար մարդ։ Բազում այլ հիվանդություններից, որոնք դարերով մեր կյանքի առօրյան են եղել, շատ ավելի շատ մարդիկ են մահանում։ 

Օրինակ՝ ՁԻԱՀ-ից, մալարիայից, տիֆից և այլն։ Մենք դրանք ընդունել ենք ի գիտություն և շարունակել ենք ապրել։ Հիմա ոչ ոք չի ընդունում ի գիտություն 13 հազար մահը, փոխարենն ընդունում են, որ կորոնավիրուսը բոլորիս տապալելու է։ 

Ու դա խուճապ է առաջացրել: Մի տեղից ականջներ աճել են, ես դա զգում եմ, ինչպես մտածող շատերը, բայց դավադրությունների տեսությամբ զբաղվելը անշնորհակալ գործ է: Գուցե մի օր պարզվի, գուցե…

– Հետևելով հայ հանրության վարքին, ֆեսբուքյան գրառումներին՝ ձեր կարծիքով, որքանո՞վ մեզ մոտ կան տագնապ, խուճապ։ Ի տարբերություն աշխարհի շատ երկրների՝ Հայաստանում խանութներում գոնե զուգարանի թղթի խնդիր չկա։ 

Այս օրերին ես անընդհատ մտածում եմ՝ այս պարագայում մեր մոնոէթնիկ լինելը մեզ շատ է օգնելու, որովհետև մենք, որքան էլ նույն տնից չենք, նույն արյունից ենք, նույն պատմությունը, նույն մշակույթն ունեցող, նույն ճանապարհն անցած մարդիկ ենք։ 

Մեր արյան մեջ ներծծված մեր հազարամյակների պատմությունը, մեր անցած ճանապարհը, մեր տեսած դժվարությունները, գոյատևման գողգոթան մեզ մոտ բնական հակավիրուս է ծնել:

Տարօրինակ բան ասեմ՝ այսօր ամեն հայի համար ամենաապահով տեղը Հայաստանն է լինելու։ Այսպիսի ժամանակ է, որ գիտակցում ես՝ ինչ լավ է ունենալ քո, թեկուզ փոքրիկ, բայց սեփական պետությունը։ Մենք դաժան ձմեռներ ենք տեսել, կտրոնով հաց ենք տեսել, մենք երկրաշարժ ու պատերազմ ենք տեսել, եղեռն, սիրիական անապատների սովն ու տապը, մեր ազգը այլ կոփվածքի է, ներքին պատրաստվածություն ունի, որը դարերով է ձևավորվել։ 

Այդ իսկ պատճառով մեզ համար այս շրջանն ավելի հեշտ կանցնի։ Ամեն դեպքում առողջություն, պի՛նդ կացեք, ինքնամեկուսացումն ու համաճարակային ապահովության պահանջները հնարավորինս պահպանենք, լավ է լինելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am