«Հասկանում եմ, որ հնարավոր է՝ գա մի պահ, երբ համբերության բաժակը լցվի, բայց պետք է կարողանան պահել իրենց». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարո՛ն Զորիկյան, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքն ինչի՞ մասին է վկայում։ Նախորդ խորհրդարանում էին պատգամավորները հայհոյում ու սպառնում, բայց հեղափոխությունից հետո նոր արժեքներ էին որդեգրվել։ Նոր իշխանությունը խոսում է բռնությունն ու քրեական ենթամշակույթը վերացնելու մասին, բայց հանրությունը զուգահեռ նման դեպքերի է ականատես լինում։

– Աշխարհի բոլոր խորհրդարաններում նման դեպքեր լինում են, և կապ չունի, թե ինչ երկիր է՝ եվրոպակա՞ն, թե՞ ասիական։ Ամենապահպանողական երկրներում էլ, հենց պառլամենտում, երբ բառապաշարը չի հերիքում, որ կիրթ վիճաբանեն, անցնում են բռունցքների։ Ցավալի է, իհարկե, բայց ժամանակ առ ժամանակ նման պոռթկումներ ըստ երևույթին պետք է լինեն։

Ինչ վերաբերում է բռնությանը, ես կարծում եմ, որ Փաշինյանի կուսակցությունն իր ուղուց չպետք է շեղվեր։ Այսինքն՝ դա պետք է գաղափարի մակարդակի լինի։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է՝ գա մի պահ, երբ համբերության բաժակը լցվի։ Բայց պետք է կարողանան պահել իրենց։

Սկսում են դավաճանե՞լ իրենց որդեգրած սկզբունքներին։

– Դե, չպետք է դավաճանեն։ Փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ չդավաճանեն այդ սկզբունքներին։ Չեմ ուզում նախկինի հետ զուգահեռներ տանել, որովհետև նախկինում այն, ինչ խորհրդարանում էր տեղի ունենում, հետո տեղափոխվում էր Երևանի տարբեր թաղեր, արվարձաններ։ 

Ա՛յ սա չպետք է կատարվի։ Հիմա պոռթկում եղավ, ինչ արած։ Բայց այսուհետ Փաշինյանի կուսակցությունն ընդամենը պետք է չշեղվի իր ուղուց։ Կարևորը՝ սա շարունակություն չդառնա և չդառնա գործելակերպ։ 

Թե չէ կստացվի, որ աթոռը ձևավորում է այդ մարդկանց, ոչ թե իրենք են ձևավորում նոր պառլամենտ, նոր հարաբերություններ։ 

Ամենադժվարն այդ աթոռին այնպես նստելն է, որ դու ձևավորես աթոռը, ոչ թե աթոռը քեզ ձևավորի։ Եթե աթոռն է մարդուն ձևավորելու, իմաստ չունի ընտրություններ անել, որովհետև ում էլ ընտրես, ով էլ նստի այդ աթոռին, այդ ձևն է դառնալու։ Իրենք պետք է ապացուցեն, որ հնարավոր է աթոռ ձևավորել։

– Վարչապետը հայտարարեց, որ նախորդ տարվա ձախողումն այն է եղել, որ չեն կարողացել ժողովրդից թալանածը հետ բերել։ Ինչի՞ հետևանք է այս ձախողումը։

– Իրենց բռնած ուղու հետևանք է։ Եթե ամեն ինչ օրենքով անելու ուղի ես բռնել, այսպես պետք է լիներ։ Մենք պատմությունից շատ լավ գիտենք, որ նույն ԱՄՆ-ում երկար տարիներ մաֆիոզ կլանների պարագլուխներին չէին կարողանում օրինական կարգով դատապարտել։ 

Այսինքն՝ փաստաբաններն արդարացնում էին, բայց ի վերջո կարողացան, այնպես չեղավ, որ այդ մաֆիոզ կլանները փողոցներում ավտոմատներով հաշիվներ լուծեին։ Աշխատեց ոստիկանությունը, աշխատեցին մյուս կառույցները, որոնք կոչված են այդ գործն անելու։ 

Պրոֆեսիոնալիզմը դրա մեջ է, որ դու 100 տոկոսով գիտես, որ դիմացինդ հանցագործ է, բայց պետք է օրենքի շրջանակներում ապացուցես հանցանքը, և ամենաբանիմաց դատապաշտպանը դատարանում չկարողանա արդարացնել այդ մարդուն։ 

Այդ ժամանակ դու կլինես պրոֆեսիոնալ։ Իսկ երբ պրոֆեսիոնալիզմդ չի հերիքում դատարանում ապացուցելու մարդու մեղքը, և դու ստիպված անցնում ես փողոցում կամ չգիտեմ որտեղ բռնությամբ այդ ամենի դեմն առնելուն, ապա բռնությունը բռնություն է ծնում։ 

Այսինքն՝ եթե մենք ուզում ենք օրինականության ուղին բռնել ու գնալ, ուրեմն համապատասխան կառույցները պետք է և՛ իրենց, և՛ ժողովրդին ապացուցեն, որ իրենք պրոֆեսիոնալներ են։

– Իրավապահ համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու հարցը լուծելու համար երկու տարի ժամանակ կար, ինչո՞ւ ուշացան բարեփոխումները։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրավապահներին տրված ժամանակը սպառվում է։

– Ճիշտն ասած, ես այն գլխից դեմ էի այդ ընտրված մեթոդին, երբ գիտես, որ մարդը թալանել է բյուջեն, ու ուղղակի առաջարկում ես ինչ-որ չափով գումար վերադարձնել բյուջե ու ազատվել պատասխանատվությունից։ Ես կարծում եմ՝ դա սխալ ուղի է։ 

Այսինքն՝ եթե մարդը բյուջեն թալանել է, և դու ոչ մի կերպ չես կարողանում դա ապացուցել, ուրեմն ինքը պետք է մնա ազատության մեջ այնքան ժամանակ, մինչև կարողանաս ապացուցել։ 

Շատ դժվար է ապացուցել, երկար ճանապարհ է, բայց հնարավոր է։ Պետությունը հենց կայանում է օրենքով, եթե օրենքը պետության մեջ չի գործում, դա պետություն չէ։

Եվ մինչև իրավապահների պրոֆեսիոնալիզմի խնդիրները չեն լուծվում, նախկին պաշտոնյաները, ովքեր տարբեր քրեական գործերով են անցնում, շարունակում են թաքնվել արդարադատությունից, ոմանք լքել են երկիրը։

– Երկիր մոլորակից ո՞ւր պետք է փախչեն։ Լավ, ասենք փախան Ռուսաստան, Ռուսաստանն էլ ինչ-ինչ պատճառներով նրանց չի հանձնում Հայաստանին, բայց ուշ թե շուտ արդարադատությունը պետք է կայանա։ 

Եթե այսօրվա Ռուսաստանն այդպիսին է, դա չի նշանակում, որ մեկ տարի հետո վարչակազմի փոփոխություն չի լինի։ Եվ այդ ժամանակ բոլոր հանցագործներին կհանձնեն Հայաստանին։ 

Այդ ժամանակ ո՞ւր պետք է փախչեն, ուրիշ նման երկիր պետք է գտնեն, որտեղ գողերին ու ավազակներին թիկունք են կանգնում։ Այնպիսի երկիր պետք է գտնեն, որ իրենց ասում է՝ փողերդ վերցրու, արի այստեղ ու ինձ վճարիր։ Ի վերջո մենք հասկանում ենք, որ նույն Ռուսաստանում իրենք մեծ գումարներ են ծախսում իրենց անվտանգության, ընտանիքների պաշտպանության համար։

Այստեղ ավելի տգեղ երևույթ կա՝ երբ մարդը հայ լինելով՝ գերադասում է Հայաստանում գումար բյուջե չվճարել, գնալ մեկ այլ պետության մեջ գումար վճարել ինչ-որ մասսայի։ Այդ մարդիկ առաջին հերթին պետք է մի օր նստեն ու մտածեն, թե այս ինչ են անում։

Այսինքն՝ պետք է ձգտենք ամեն ինչ անել, որ Հայաստանում ազնիվ լինելը ձեռնտու լինի, որ երբ ուզենաս ուրիշ ճանապարհով գումար աշխատել, այնպես պատժվես, որ հասկանաս՝ չի կարելի։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am