«Մենք մի սկզբունք վերցրեցինք՝ ժամանակը իզուր չվատնել»․ Դվին գյուղում Նարինե Գրիգորյանը պիրոգների, մուրաբաների պատրաստման բիզնես է սկսել

Նարինե Գրիգորյան

40-ամյա Նարինե Գրիգորյանը, որը հեռուստատեսային տեսանյութերի մոնտաժող է, վերջերս կորոնավիրուսի համավարակի ընթացքում մտածել է ժամանակն արդյունավետ օգտագործել և պիրոգների, մուրաբաների պատրաստման բիզնես սկսել։

Նարինե Գրիգորյանը 9 տարի առաջ ամուսնու հետ Երևանից տեղափոխվել է Արարատի մարզի Դվին գյուղ, տեղի բնությունն ու մարդկանց այնքան են հավանել, որ որոշել են Երևան չվերադառնալ, չնայած ի սկզբանե գյուղում տունը գնել էին ամառանոցի նպատակով։

Նարինե Գրիգորյանի ամուսինը աշխատում է Իրանի հանրային հեռուստատեսությունում, պաշտոնական թղթակիցն է Հայաստանում։ Նարինեն օգնում է տեսանյութերի պատրաստման և մոնտաժի աշխատանքներում։ Շուրջ 13 տարի համատեղ աշխատում են հեռուստատեսային ոլորտում։ 

Համավարակի օրերին շփումների պակասը, հյուրեր չընդունելու բացը որոշել են լրացնել նոր մտահղացումներով։

«Կարանտինը օգնեց, որ սկսենք, որովհետև հակառակ դեպքում աշխատանք ունեմ, ու մենք անընդհատ հյուրեր ենք ունենում այս սեզոնին, ոչ մի ազատ րոպե չէի ունենում, բայց հիմա պասիվ վիճակում էինք ու պատահաբար որոշեցինք։

Այգում, որ միշտ միրգ կար, շատ էի պատրաստում պիրոգներ, մի օր ամուսինս առաջարկեց, որ Ֆեյսբուքում գովազդենք։ Երբ միրգը շատ է լինում, փորձում ես տարբեր միջոցներ մտածել իրացնելու համար։

Նախկինում միշտ սարքում էի, արտասահմանից հյուրեր շատ էինք ունենում, նվիրում էի։ Մտածեցինք, որ կարելի է նաև փոքրիկ բիզնես ստեղծել, որովհետև էս պայմաններում ժամանակ շատ կա, շփումները քչացել են, ու չես ուզում պասիվ մնալ»,- նշում է Գրիգորյանը։

Պիրոգը պատրաստում է թխվածքաբլիթի խմորով և տարբեր մրգերով, հատապտուղներով՝ սև հաղարջով, բալով, ելակով, ծիրանով, սալորով, ինչպես նաև մրգերի համադրությամբ և ջեմերով։

Բաղադրատոմսը Նարինե Գրիգորյանի մայրիկինն է․ «Ես դա շատ եմ պատրաստում, ամուսինս էլ շատ սիրում է, ասում էր՝ շատ կսիրվի»։


Նարինե Գրիգորյանն ինքն է ամբողջը պատրաստում, հաճախ անձամբ էլ առաքում է իրականացնում։ Չնայած հաշված օրեր են, ինչ սկսել են բիզնեսը, սակայն արդեն, ըստ նրա, բավականաչափ պատվերներ են ստացել, հաճախորդներն էլ գիտեն, որ տնական է, և վստահում են։

«Մի քանի օր է՝ ինչ սկսել ենք, օրինակ՝ միայն երեկ 5 հատ պիրոգ ունեինք առաքելու, նաև մուրաբաներ կային, երեքշաբթի էլի պիրոգ ու մուրաբաներ ունեմ առաքելու։ 

Ֆեյսբուքով ենք հիմնականում գովազդ անում, Ինսթագրամում էլ դրեցինք, բայց Ֆեյսբուքում ավելի մեծ է ակտիվությունը»,- նշում է նա։ 

«Գյուղի համը»՝ այսպես է կոչվում Նարինեի պիրոգների և մուրաբաների ֆեյսբուքյան էջը։

Մոտ մեկ շաբաթ առաջ է ստեղծվել էջը Ֆեյսբուքում և արդեն 616 հետևորդ ունի։

Գրիգորյանը պատմում է, որ ինչը իրենց այգուց չի բավականացնում, գնում են գյուղացիներից․

«Նրանց համար էլ ավելի հարմար է, փոխանակ գնան տանեն շուկա, այսպես են վաճառում։ Մի քանիսից արդեն սև հաղարջ, ծիրան, բալ եմ գնել: Պատվեր կատարողներից լինում է, որ պիրոգների հետ միասին նաև մրգեր են պատվիրում առաքելու համար»,- ասում է Նարինե Գրիգորյանը։

Պատմում է, որ դեռ վաղուց մտածում էին, թե ինչ կարելի է անել գյուղում, տարբեր գաղափարներ են եղել:

«Կան կանայք, որ ձմռանը աշխատանք չունեն, կամ ջահել երեխեք կան։ Մի աղջիկ կա, ինձ միշտ օգնում է, ինձ համար հաճելի է, որ կարողացել եմ նաև եկամտի աղբյուր ստեղծել։ էս մի քանի օրվա ընթացքում էնքան շատ էին պատվերները, ես իրենց խնդրեցի ինձ օգնել»,- նշում է Գրիգորյանը։

Ասում է, որ երազում է պատվերներն այնքան շատ լինեն, բիզնեսը մեծացնելու և զարգացնելու հնարավորություն լինի, թեկուզ փոքրիկ արտադրամաս ստեղծվի, ավելի շատ գյուղի բնակիչների նաև ներգրավի, այս պահին հիմնականում իրենց ուժերով են անում։

Նարինե Գրիգորյանը կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հաղթահարման և չընկճվելու լավագույն տարբերակը համարում է որևէ նոր բան սովորելը։ Խորհուրդ է տալիս՝ ժամանակը արդյունավետ օգտագործել և նոր հմտություններ սովորել։

«Կարծում եմ՝ իրավիճակի հաղթահարման ամենալավ տարբերակը ինչ-որ նոր բան սովորելն է, մեր ընտանիքը էս ընթացքում էդ սկզբունքը օգտագործեց։ Տղաս սովորեց օպերատորություն, հիմա իր պապային է օգնում, մոնտաժ սովորեց, անգլերեն է պարապում, ես հեծանիվ քշել սովորեցի (ժպտում է), ամուսինս անգլերեն է սովորում, մենք մի սկզբունք վերցրեցինք՝ ժամանակը իզուր չվատնել։

Մենք շատ ակտիվ ենք ու ուզում ենք հնարավորինս արդյունավետ ծախսել մեր ժամանակը։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը ժամանակն արդյունավետ օգտագործելն է, կապ չունի՝ ինչ կսովորես, ասեղնագործություն թե այլ բան։ Ես միշտ մտածում էի՝ պիրոգ պատրաստել, բայց ժամանակ չէր լինում, հիմա ժամանակն է, կարծում եմ, դրանից ավելի լավ ժամանակ չի լինի»,- ասում է Նարինե Գրիգորյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am