Մամեդյարովը կարող է լինել քավության նոխազ․ Ադրբեջանագետը` ադրբեջանական իրականության մասին

Photo credit-newarmenia.am

«Մեդիալաբի» հարցազրույցը ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

– Պարո՛ն Հովհաննիսյան, ադրբեջանական կողմը հուլիսի 12-ին և 13-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ, հրադադարի ռեժիմ է խախտում։ Ի՞նչ են ցույց տալիս ձեր ուսումնասիրությունները, ի՞նչ է կատարվում այդ երկրում, ի՞նչ զարգացումներ են նախորդել դրան։

– Այս պահին բավական բարդ է ասել, թե ո՛րն է եղել իրենց առաջին սադրանքի պատճառը, երբ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հասել էին հայկական տարածք, որովհետև բավականին անտրամաբանական էր այդ քայլը։ 

Օրինակ՝ ինչո՞ւ են մեքենայով հասնում հայկական դիրքեր, դիմում սադրանքի։ Ադրբեջանցի զինծառայողների այդ քայլի մեջ տարբեր ենթադրություններ կարող են լինել, որովհետև տրամաբանություն չկա դիվերսիոն գործողությունը սկսել նման աղմուկով և տեսանելիությամբ, եթե իրենք այդկերպ նպատակ չէին հետապնդում հայկական զինված ուժերին ստիպել կրակել, այսինքն՝ սադրել, հետո իրականացնեին այնպիսի գործողություն, որը, ըստ էության, ամբողջությամբ ձախողվեց ու շրջվեց իրենց դեմ, ու կորուստներ կրեցին։ 

Հետագա գործողությունների տրամաբանությունը շատ ավելի պարզ է՝ ունենալով շատ լուրջ կորուստներ, Ադրբեջանի իշխանությունները իրենց իսկ վարած ագրեսիվ քաղաքականության հետևանքով ստիպված էին գնալու նոր գործողության՝ փորձելով շտկել եղած ակնհայտ լուրջ ձախողումները։ 

Յուրաքանչյուր նման փորձ ավելի վատացրեց իրենց վիճակը․ գիշերվա գործողությունների ընթացքում առնվազն մեկ ավագ լեյտենանտ է մահացել, եղան վիրավորներ, ու նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում դիրքերի կորստի վերաբերալ։ 

Դրանից որոշակի դադարից հետո՝ արդեն առավոտյան, սկսել են կրակոցները՝ փորձելով շտկել նախկին գործողությունների ակնհայտ ձախողումը։ Այդ երկրում գիշերային տարերային ցույցերը ցույց տվեցին, որ այս ամեն ինչը շատ հանգիստ կարող է շրջվել Ադրբեջանի իշխանությունների դեմ։

– Այդ մասին կուզեի խոսեիք․ սահմանային այս լարվածությանը զուգահեռ՝ ի՞նչ է կատարվում այդ երկրում։

– Բավականին լուրջ դժգոհություններ կան, որոնց առիթը մի քանիսն են. գլխավորը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով և դրանից բխող տնտեսական, սոցիալական խնդիրներով։ Ակնհայտ է, որ այն պետությունները, որոնց ՀՆԱ-ի մեջ զգալի տոկոսը նավթագազային հումքից ստացված եկամուտներն են, վատ վիճակում են։ Նույնն է Ադրբեջանում, որտեղ արտահանման 90 տոկոսից ավելին նավթն է, և ՀՆԱ-ի 35-40 տոկոսը գոյանում է նավթի վաճառքից։ Դա բավականին լուրջ, զգալի տոկոս է, և ճգնաժամի հետևանքով այդ երկրի տնտեսությունը լուրջ հարվածներ կստանա։ 

Ադրբեջանցի ժողովրդին մտահոգող մյուս խնդիրը ջրի խնդիրն է, և վերջին 2 ամիսների ընթացքում Ադրբեջանի տարբեր վարչական շրջաններում տեսնում ենք բողոքի ցույցեր` խմելու ու ոռոգման ջրի պակասի պատճառով։ 

Բացի այդ, խնդիր են այդ երկրում նաև համավարակին զուգահեռ աշխատանք կորցնելը, աշխատավարձեր չվճարելը։ Այս ամեն ինչը հանգեցնում է բավականին բուռն դժգոհությունների իշխանության հանդեպ։ 

Այդ երկրի իշխանությունները, բնականաբար, դիմում են երկար տարիների ընթացքում մշակած մարտավարության՝ ընդդիմության թիրախավորում, բռնություններ դրա ներկայացուցիչների նկատմամբ, իշխանության ստորին օղակներում մաքրումներ, որոնք 99 տոկոսով կաշառակերության գործերով են և արցախյան հիմնախնդրի շահարկում։ 

Վերջին երկու ամիսների ընթացքում նրանց կողմից ակնհայտ է ագրեսիվ հռետորաբանությունը, ինչն արձանագրել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ 

– Այսինքն՝ սահմանին կատարվածը նաև կարող էր շեղո՞ւմ լինել հանրությանը հուզող խնդիրներից։

– Բավական մեծ է հավանականությունը, որ այդ գործոնը կարող է լուրջ դեր ունեցած լինել հակառակորդի գործողություններում։ Իհարկե չենք կարող պնդել, որ այդ գործոնը 100 տոկոսով դեր է ունեցել, որովհետև բավարար փաստարկներ չունենք, բայց վերլուծելով նրանց քաղաքականությունը՝ կարող ենք եզրակացնել, որ դա որոշակի լուրջ ազդեցություն ունեցել է և ունի թե՛ ագրեսիվ հռետորաբանության և թե՛ ռազմական սադրանքների դիմելու հարցում։ 

Սոցիալական բունտերին, բողոքի ակցիաներին զուգահեռ ավելանում է ղարաբաղյան հիմնախնդիրը․ այդ երկրի իշխանությունները տարիներ շարունակ ագրեսիվ հռետորաբանությամբ են հանդես եկել ու ատելության քարոզչություն իրականացրել Հայաստանի, Արցախի բնակչության նկատմամբ և անընդհատ իրենց հասարակությանը վստահեցրել, որ ունեն մարտունակ բանակ, որն իր սպառազինությամբ մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակին, և կարող են ժամերի ընթացքում հարցեր լուծել։ 

Նրանց այդ քաղաքականությունը բերել է նրան, որ բողոքի ակցիաների ժամանակ այդ մարդիկ բարձրաձայնում են այդ մասին՝ ասելով, որ եթե այդպես է, ինչո՛ւ ադրբեջանական բանակը վճռական գործողությունների չի դիմում։ 

Իշխանության դավաճանության թեզն է տեղ գտնում բնակչության որոշ շերտերի շրջանում։ Ահա, նրանց վարած քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ ստիպում է դիմել որոշ գործողությունների՝ իրենց հասարակությանը հանգստացնելու համար։ 

Եվ ռազմական նման սադրանքների ժամանակ ներքին քարոզչություն են իրականացնում՝ իրենց այդ գործողությունը ներկայացնելով շատ լուրջ հարված։

– Պարո՛ն Հովհաննիսյան, իշխանական վերնախավում կա՞ն տարաձայնություններ։ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր պաշտոնանկության մասին էին լուրեր տարածվում։

– Մամեդյարովի հետ հարաբերություններում հնարավոր խնդիրները չի կարելի համարել վերնախավային խնդիրներ։ Չնայած Մամեդյարովը արտգործնախարար է, բայց այնպես չէ, որ նա վերնախավի մաս է, եթե Ադրբեջանի իշխանությունը կլանային դիտարկենք։ Նա միանշանակ ազդեցիկ մարդկանց շարքում չէ։ 

Իհարկե որոշակի կոռուպցիոն սխեմաներ նա էլ է իրականացրել, դրսում որոշակի հարստություն ինքն էլ է դիզել, բայց դա արվել է դրսում կապիտալի ձեռքբերման միջոցով, բայց ոչ երկրի ներսում բիզնես ոլորտներ վերահսկելու։ Նմանատիպ նախարարներ իրենք ունեն, օրինակ՝ արտակարգ իրավիճակների նախարարը և այլք։ 

Մի քանիսին վերջին տարիներին չեզոքացրել են, օրինակ՝ ազգային անվտանգության, տրանսպորտի նախարարներին, որոնք, իրոք, երկրի ներսում ազդեցություն ունեին։ Կարծում եմ, եթե որոշակի նախադրյալներ կան Մամեդյարովին փոխելու, ապա դա արդեն կարող է լինել այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը մեծ անհրաժեշտություն ունենա արցախյան հիմնախնդրի հարցում տապալումները բարդել ինչ-որ մեկի վրա։ 

Այդ պարագայում ինքը հանգիստ կարող է հեռացնել Մամեդյարովին, նշանակել այլ անձի, որոշակի ժամանակ շահել՝ հասարակությանը տրամադրել նրան, որ արտգործնախարարության ապաշնորհ գործունեության պատճառով է, որ Ադրբեջանը չի կարողացել լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը։ Այսինքն՝ Մամեդյարովը կարող է լինել քավության նոխազ։

– Դուք Ադրբեջանում ցույցերի, դժգոհությունների մասին խոսեցիք, ինչ եք կարծում, դրանք բավարա՞ր հիմք են, որ այդ երկրում իշխանափոխություն լինի, և, ընդհանրապես, կա՞ ուժ, որի հետ հնարավոր է փոփոխություն անել երկրում։

– Այսօր նման ուժ և նման ռեսուրսներով մարդ Ադրբեջանում չկա։ Այսօր բոլոր ռեսուրսները վերահսկում են Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան՝ ունենալով նաև ամենախոշոր բիզնես ռեսուրսները։ 

Այսինքն՝ այս պահին նման անձ, նման մարդ չկա, որը կարող է գեներացնել մարդկանց դժգոհությունը։ Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ ձևավորվի կրիտիկական զանգված, որն էլ առաջ բերի այդ անձին։ Այսինքն՝ ոչ թե անձը համակարգի դժգոհ շրջանակներին, այլ դժգոհ շրջանակները կազմեն մեծամասնություն և առաջ բերեն ինչ-որ անձի, որը կազդի այդ ընտանիքի վրա։ 

Ադրբեջանում իշխանափոխության միակ հնարավոր տարբերակը դա է, մյուս բոլոր ճանապարհները Ադրբեջանի իշխանությունները բռնի մեթոդներով փակել են։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am