«Վիրուսը այդ «ընդդիմադիրների» համեմատ անմեղ բան է, դիմակը դրեցիր, պաշտպանվեցիր, իսկ դրանց հետ ես չեմ հասկանում՝ ինչ պետք է անել». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը զուգահեռ ներսում «ընդդիմադիր ուժերը» կարծես ակտիվացել են։ Նման մեկնաբանություններ կան, որ դրսից թշնամին է հարվածում, ներսում կորոնավիրուսն ու որոշ ուժեր են գործում իշխանության դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

– Կարծում եմ՝ վիրուսը այդ ընդդիմադիրների համեմատ անմեղ մի բան է, որովհետև ինքը կա, դիմակը դրեցիր, ձեռքերդ լվացիր՝ պաշտպանվեցիր։ Իսկ դրանց հետ ես չեմ հասկանում, թե ինչ պետք է անել։ 

Իրենց էն գլխից ասել ենք, ժողովուրդն ասել է՝ ձեններդ կտրեք, ձեզ համար ճանապարհն այլևս փակ է, դուք իշխանություն չեք դառնալու։ Երեսուն տարի եղել եք, տեսել ենք, յուրաքանչյուրս մաշկի վրա զգացել է։ 

Մենք թույլ չենք տալու այլևս քանդել Հայաստանը։ Բայց արի ու տես, որ իրենք ցանկացած գնով գնում են ինչ-որ մի բան անելու ճանապարհով։ Ի վերջո, մենք մի հատկություն ունենք համբերության բաժակը լցվելու տեսանկյունից։ Դիմանում-դիմանում ենք, որ լցվեց՝ վե՛րջ։ Այդ դեպքում նույնիսկ վարչապետի կոչերը կարող է չօգնեն։

– Երբ Տավուշի սահմանին իրավիճակը լարվեց, նման թեզ շրջանառվեց որոշ անձանց կողմից, թե իբր վարչապետի որդին բանակից զորացրվեց, հիմա կարելի է կրակել սահմանին։

– Լրիվ անբարոյականություն է տեղի ունեցածը շահարկել, կապել ինչ-որ երևույթների հետ։ Ցավալի է, որ զոհեր ունենք, բայց ի վերջո դիրքեր են վերցրել տղերքը՝ շատ կարևոր։ Ես հետևում էի՝ բոլոր մասնագետներն ընդգծում էին այդ դիրքերի կարևորությունը։ 

Մեր բնակավայրերի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար է դա առաջին հերթին շատ կարևոր։ Նա, ով այդ հիմարությունը դուրս է տվել, հիմա թող այդ նույն բանը կրկնի։ Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվել, առաջին ռմբակոծությունից հետո մտածել են, որ վերջ, հեսա հողեր են հանձնելու, եսիմ ինչ են անելու։ 

Մտածում էին՝ ուրեմն պայմանավորվածություն ունեին, քանի վարչապետի տղան ծառայում է, փոխադարձ կրակոցներ չլինեն, իսկ հիմա… Հասկանո՞ւմ եք, դա ամենակեղտոտ միտքն է, հայի միտքը ո՞նց կարող է այդքան կեղտ ծնել։

Բոլոր ոլորտներում են այդպես, փողոցով շտապօգնության մեքենա է անցնում, ձայնը լսում են, ասում են՝ դե զզվացրին, էլի։ Ա՛յ մարդ, դու ի՞նչ աստիճան պետք է դեգրադացվես, որ նման մտքեր ունենաս։ 

Կարող է այդ շտապօգնությունը գնում է քո երեխուն կամ հարազատին փրկելու։ Այս աստիճանի դեգրադացվել են։ Այսինքն՝ ամեն ինչի մեջ կեղտ են փնտրում, ուզում են իրենց վրայից կեղտը հանել քսել այսօրվա իշխանության վրա, սահմանը պահող տղերքի վրա։ 

Դրա համար եմ ասում՝ երբ համբերության բաժակը լցվեց, արդեն վարչապետի այդ կոչերը, որ՝ վենդետա չի լինելու, չեն ազդելու։ Ի վերջո, այս 30 տարվա մեջ նման բաներ եղել են, երբ ժողովուրդը մտել է, գլուխները ջարդել։ Այն ժամանակ իշխանության պարագայում էր, հիմա կլինի այդ նախկինների ավել-պակաս դուրս տվողների, իրենց եսիմ ում տեղը դնողների նկատմամբ։ 

Փողոցում ականատես եղա դեպքի՝ գնում էին երեք հոգի, այնքան էլ երիտասարդ չէին։ Ոստիկանները մոտեցան, ասում են՝ դիմակը ձեր առողջության համար է պետք, ինչո՞ւ չեք կրում։ 

Այդքանից հետո ուզում էին բերման ենթարկել, գոռում էին, խոզը մորթելիս ոնց է ղժղժում, նման ձայներ էին հանում։ Հիմա՛ր, քո առողջության համար է այդ դիմակը, որ դու չվարակվես ու գնաս հորդ ու մորդ վարակես։ 

Հազիվ մի անգամ Հայաստանում տեսնում ենք, որ առողջապահության նախարությունը մտածում է քաղաքացիների առողջության համար, վարչապետն ինքն է կոչ գրում իր ձայնով՝ օգտագործելով իր հեղինակությունը, ոստիկանությանը հրահանգում է՝ տուգանեք։ Դե երևի ինչ-որ կերպ պետք է դեմն առնվի, որովհետև չի կարելի այսպես։

– Նման արտակարգ պայմաններում արդյոք պե՞տք է լինեն ինչ-որ մեխանիզմներ՝ ապատեղեկատվության դեմն առնելու, ապատեղեկատվություն տարածողներից ոմանց նաև պատժելու համար։

– Ես մի բան կարդացի՝ պաշտպանության նախարարության նախկին խոսնակն էր գրել, որ մնում է X-ի, Y-ի ճշտությամբ կոորդինատները հրապարակվեն։ Այս երեք օրվա ընթացքում կոչերով բազմիցս հանդես եկան, որ հենվեն վստահելի աղբյուրների վրա։ 

Նույնիսկ եթե ադրբեջանական ինչ-որ աղբյուրից ինֆորմացիա եք տարածում, իմացեք, որ դուք նրանց հեղինակությունն եք բարձրացնում, այդ կայքի դիտումներն են ավելանում։ Էլ ո՞նց ասեն, լավ, բացահայտ պետք է ասվի, որ անցնում ենք պատերազմական վիճակի, ու էդ օրենքներով դրեք ու մաքրեք։ 

Ցախավելով դնես ու մաքրես Հայաստանը, որ էդ կեղտից պրծնե՞նք վերջապես։ Կորոնավիրուսի հետ եք համեմատում, բայց կորոնավիրուսն ի՞նչ է դրանց դիմաց։ Վերջին աստիճանի մուտացված, մարդկային որակներից, բարոյականությունից զուրկ են, եթե սայթաքես՝ հարձակվելու են։

Մոտ մեկ ամիս առաջ էր, 80 հոգով հարձակվել էին մի հոգու վրա։ Ես ուզում էի պատկերացնել՝ լավ, 80 հոգով ո՞նց են հարձակվել։ Այդ քանակի գայլի ոհմակ էլ չկա, որ հարձակվում են զոհի վրա։ Իսկ դրանք էդ բորենիներից, գայլերից ավելի գեշ կենդանիներ են։ 

Սկզբում մտածում էի՝ սա վատ բան չէ, ինքնալյուստրացիա է, ժողովուրդը բացահայտ կտեսնի՝ ով ով է, բոլորի դիմակները կպատռվեն, բայց է՞ս աստիճանի։ 

Երբ առաջին դիմակը պատռվում է, մտածում ես՝ կիսակառույց է մնացել առանձնատունը, ուզում է էլի բյուջեն թալանել։ Երկրորդ դիմակը պատռվում է, ասում ես՝ ա՛յ մարդ, սա անբարոյական մարդ է։ 

Հիմա պատռվում է հերթական դիմակը, և մենք տեսնում ենք, որ բացահայտ դավաճաններ են։ Հաջո՞րդ դիմակի տակ ինչ կտեսնենք՝ ես չգիտեմ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am