«Քաղաքում հիմա որևէ հիվանդ չունենք, բայց չինացիները դիմակներով են ման գալիս, հիվանդանալուց շատ են վախենում». Պեկինից՝ ականատեսի աչքերով

Թեև Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան, կյանքն էլ վերադարձել է բնականոն հուն, սակայն Պեկինում գտնվող 27-ամյա Էսմերալդա Դալլաքյանի խոսքով՝ տեղացիները վախեցած են հիվանդությունից և փորձում են շատ ուշադիր լինել հիգիենայի հանդեպ:

«Քաղաքում հիմա որևէ հիվանդ չունենք: Ուղղակի չինացիները դիմակներով են ման գալիս: Չինացիները ի սկզբանե վախեցած էին, անգամ որ մեզ են տեսնում առանց դիմակի, մեզնից էլ են վախենում:

Առհասարակ չինացիները հիվանդանալուց շատ են վախենում ու հիմա էլ շատ զգույշ են, բայց տրամադրվածությունը, թե երկրորդ ալիք կլինի, դժվարանում եմ ասել: Անկախ ամեն ինչից, անընդհատ փորձում են զգույշ լինել: Նրանք որ նախքան ուտելը չէին լվացվում, ինչքան ես եմ նկատում, սկսել են իրենց հիգիենային լավ հետևել, շատ զգուշավոր են»,- ասում է Էսմերալդա Դալլաքյանը, որը Չինաստան է մեկնել կրթությունը շարունակելու նպատակով:

Չինաստանում, որտեղ անցյալ տարի դեկտեմբերին բռնկվեց նոր կորոնավիրուսային հիվանդությունը, սեպտեմբերի 7-ի դրությամբ գրանցվել է 12 նոր դեպք: Երկրում վարակակվածների ընդհանուր թիվը կազմում է 85.134: Մինչ այս պահը գրանցվել է մահվան 4634 դեպք: 

Պեկինում ընդհանուր առմամբ գրանցվել են 929 վարակվածության դեպք, 9 մահ:

Թեև Չինաստանը կարողացավ դիմակայել կորոնավիրուսային վարակին, սակայն, աշխարհում շարունակվում է համավարակը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի 27,517,479 դեպք է գրանցվել մինչ այժմ: 897,476 մարդ մահացել է:

Էսմերալդա Դալլաքյանի խոսքով՝ Պեկինում պարտադիր է դիմակ կրել հանրային տրանսպորտում, մետրոյում, որտեղ անընդհատ ստուգում են, որ որևէ մեկը դիմակը չհանի: Բացօթյա տարածքում, նաև խանութներում դիմակ կրելը հիմա պարտադիր չէ:

«Պեկինում շատ խիստ էր մինչև վերջերս, հսկողությունը շատ էր: Մնացած քաղաքներում ավելի շուտ էին բնականոն կյանք վերադարձել: Սակայն հիմա քաղաքում արդեն հանգիստ է»,- ասում է Դալլաքյանը:

Էսմերալդա Դալլաքյանը նշում է, որ որևէ տարածք մուտք գործելիս գործածում են հատուկ հավելված: Մուտքի մոտ սքան են անում կոդը և տարածք մտնում: «Մենք ունենք հավելված, որտեղ մեր անձնական տվյալներն են: Հավելվածի միջոցով QR code-երը սքան ենք, օրինակ՝ խանութ մտնելիս, եթե կանաչ է ցույց տալիս, նշանակում է՝ ոչ մի սիմպտոմ չենք ունեցել, հիվանդանոցում չենք եղել, հանգիստ մտնում ենք այդ հավելվածի միջոցով»,- ասում է նա:

Դալլաքյանի տեղեկացմամբ՝ համալսարանանում դասերը լինելու են առկա: Օտարերկրացիներին ևս թույլատրվելու է համալսարան գալ, համալսարանում պետք է COVID-ի թեստ հանձնել և մի քանի օր ինքնամեկուսանալ:

«Սակայն ովքեր իրենց երկրում են, կան երկրներ, օրինակ՝ Հայաստանից դեռ դժվար է վերադառնալ, օնլայն են միանալու, դասերին այդպես կհետևեն»,- նշում է նա:

Թեև Էսմերալդա Դալլաքյանը համալսարանն ավարտել է մայիսին, սակայն սահմանները փակ լինելու պատճառով դեռևս Պեկինում է գտնվում: Հայտնի չէ, թե երբ կկարողանա Հայաստան վերադառնալ:

«Ես համալսարանն ավարտել եմ, բայց քանի որ թռիչք չկա, մայիսից փորձում եմ Հայաստան գալ՝ ապարդյուն: Ես մի որոշ շրջան ստիպված եմ եղել անգամ դեսպանությունում մնալ: Երբ Պեկինում, այսպես ասած, երկրորդ ալիքը սկսվեց, ես էդ օրը դուրս էի եկել համալսարանի շենքից, համալսարանն ինձ դուրս գալու թույլտվություն էր տվել, ու երբ ուզում էի վերադառնալ, ինձ երեկոյան զանգեցին ու ասացին՝ չեմ կարող վերադառնալ, որովհետև երկրորդ ալիք է եղել, համալսարանը փակ է, ոչ մեկը չի կարող մտնել կամ դուրս գալ:

Ու ես ստիպված դրսում էի մնացել, ինձ Չինաստանում Հայաստանի դեսպանը թույլ տվեց մոտ 2 շաբաթ դեսպանությունում մնալ, էդ ընթացքում նրանք բանակցել են համալսարանի հետ, COVID-ի թեստ եմ հանձնել դեսպանատան միջոցներով, ու նոր թողել են հետ գնամ»,- պատմում է Դալլաքյանն ու ասում, որ շատ դժվար կլիներ, եթե դեսպանատան աջակցությունը չլիներ:

Նա ասում է, որ այժմ փաստաթղթային հարցերով է զբաղվում, փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս կարող է վերադառնալ:

«Քանի որ դեռ թռիչք չկա, էդ փաստաթղթային հարցերով եմ զբաղված: Հիմա աշխատանքային պայմանագիր ունեմ, կազմակերպության տարածքում եմ, մինչև հասկանամ՝ կարողանո՞ւմ եմ հետ գալ կամ վարձով տուն գտնել»,- նշում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am