Զարգանալ՝ (չ)զիջելով. Մաքսային միության շուրջ

Զարգանալ՝ (չ)զիջելով. Մաքսային միության շուրջ
Զարգանալ՝ (չ)զիջելով. Մաքսային միության շուրջ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թվում է, թե պիտի շարունակի խլել քաղաքական, հասարակական եւ լրագրողական շրջանակների լուսարձակները

Ավելի ծանրակշիռ են, գեթ քանակական առումով, քննադատական մոտեցումները, որոնք կենտրոնանում են՝ որոշման պարտադիր բնույթի, մեր երկրի կախյալության, Եւրամիության կողմից Հայաստանի առջեւ դռներ փակելու, եւ երկիրը դեպի անորոշ հեռանկար առաջնորդված լինելու տեսակետների վրա: Քննադատությունները իհարկե ունեն իրենց տրամաբանությունն ու նկատառելի հիմնավորումները: Դրանք մերթ չափազանցված, մերթ համեմատաբար զուսպ ու առարկայական, անպայման հաշվի պետք է առնվեն եւ մտածել տան առնված քայլի հակառակ ուղղությամբ որոշ հակակշիռ միջոցառումներ որդեգրելու հնարավորությունների մասին:

Մաքսային միության անդամակցության որոշումը, իր հերթին, ունի իր արդարացված հիմնավորումը: Ի վերջո միակողմանի, դեպի Եւրամիություն սրընթաց ընթանալու փաստը կարող էր ռիսկային հիմնական բաժին պարփակած լինել: Իսկ փոխլրացումը ենթադրում է ինչպես ռուսական, այնպես նաեւ եւրոպական, կամ ընդհանրապես արեւմտյան ուղղությունների վրա շարունակել համագործակցության ձեւաչափերի ապահովման եւ գործնականացման քաղաքականության կիրառումը: Խնդիրը այս հանգրվանին պետք է դիտարկել ոչ աղետալի, ոչ էլ բացարձակապես դրականի սեւ-սպիտակի բանավեճային մոտեցումով: Դեպի Մաքսային միություն առնված քայլը, գուցե անխուսափելի, այսուհանդերձ լուրջ իրավիճակ է ստեղծել դեպի Եւրամիության ընկերակցություն նախաստորագրության համար մի քանի տարի բանակցություն տարած պաշտոնական Երեւանի համար:

Տարատեսակ եւ տարաբնույթ այս մոտեցումներին եւ տեսակետներին հետեւելու ընթացքում մի քանի անգամ ուշագրավորեն նկատվեց հարեւան Վրաստանից օրինակ վերցնելու գաղափարը: Հետեւյալն է քննադատական մոտեցման բուն էությունը. Վրաստանը անտեսելով ռուսական գործոնը, թափ է տվել իր ինտեգրման  քաղաքականությանը դեպի Եւրոպա, ԱՄՆ, ՆԱՏՕ, որի արդյունքը եղել է միանշանակ դեպի Եվրամիության ընկերակցություն նախաստորագրություն, առանց որեւէ պարտադրանքի տեղի տալու, առանց Մոսկվայից կախյալ կարգավիճակում հայտնվելու: Այս ուղղությունը Վրաստանին ապահովել է հակակոռուպցիոն պայքարում թռիչքային առավելություններ ձեռք բերելու, տնտեսական բարգավաճում արձանագրելու, ընտրակարգը բարելավելու եւ ժողովրդավարությունն ամրակայելու առիթներ: Մի խոսքով՝ ռուսական գործոնի շրջանցումով երկրի զարգացումը ապահովելու:

Իհարկե,  այս ուղղության շուրջ կան ներվրացական տարակարծություններ. վարչապետ Իվանիշվիլին կարող է չբաժանել իր նախագահի կիրառած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ փորձ  կատարել որոշակի հավասարակշռություններ ապահովելու այդ ոլորտում: Բայց այժմ սա չէ խնդիրը. Վրաստանից, այս դեպքում նրա որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծից դաս քաղելու կոչն է, որ հնչում է հայկական շրջանակներից։

Վրացական զարգացման այս ուղղվածությունը իրականությանը համապատասխանող երեւույթ է: Սակայն գինը թանկ է. ռուսական գործոնի շրջանցման հետ կապված գին է այդ մեկը: Այսօր վրացական դիտակետից մեր հարեւանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը: Իրողապես, Աբխազիան եւ Հարավային Օսիան այլեւս մաս չեն կազմում Վրաստանի միջազգային մակարդակով ընդունված սահմանների: Իրողական այս անկախությունը նվիրականացավ, երբ Սահակաշվիլին որոշեց՝ «զարգանալ զիջելով» կարգախոսը վերածել արտաքին քաղաքականության հիմնական ուղղության: Ռուս-վրացական կարճատեւ պատերազմը եւ շրջանների կորուստը դեպի Արեւմուտք կտրուկ շրջադարձի գինն էին, որը վճարեց Սահակաշվիլիի Վրաստանը: Ի գին հողային տարածքների կորստի (միշտ մնալով վրացական դիտակետի մոտեցումների սահմաններում) Թբիլիսին զարգացավ: Թվում է, որ անջատված եւ անկախացած տարածքների վերադարձի պահանջը առաջնային կարգով մաս չի կազմում արդեն պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության:

«Զարգանալ զիջելով» կամ «առանց զիջելու» քաղաքական երկվությունը (դիլեման) անիրատեսական չէ, որ հնչի նաեւ Հայաստանի Հանրապետության համար: Մանավանդ թուրք-ադրբեջանական շրջափակման ենթարկված մեր երկրի համար։ Այս պատճառով էլ առնվազն պետք չէ շտապել վրացական օրինակից դասեր քաղելու եւ ըստ այնմ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները ճշտելու համար:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր